Լրահոս
Օրվա լրահոսը

«Թոփալ» ընդդիմությունն ու մարտի 1-ի հուժկու հանրահավաքը

Փետրվար 27,2015 16:30

«Բնականաբար, ինչ-որ բան փոխել է, եւ դա տեսանելի է: Ես չեմ ակնկալում, որ մարտի 1-ին ԲՀԿ-ի ընտրազանգվածը պարտադիր այնտեղ կլինի: Բայց ես կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով, ովքեր մարտի 1-ի սպանդի վկաներն են եղել, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներին են մասնակցել, ձերբակալվել են, տարբեր փորձությունների են ենթարկվել՝ այնտեղ կլինեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` պատասխանելով հարցին` Դուք է՞լ այն համոզմանն եք, որ ԲՀԿ-ի լռությունը քաղաքական դաշտում ոչինչ չի փոխել, ու մարտի 1-ին նախատեսված հանրահավաքը լինելու է հուժկու` փոխարինելով փետրվարի 20-ին այդպես էլ չկայացած եռյակի հանրահավաքին: Կիրակի օրը ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի հրավիրած հանրահավաքին ՎՍԴՀԿ ատենապետն իր կուսակիցներով մասնակցելու է: «Մարտի 1-ին ես ու Գուրգեն Եղիազարյանը վերջինն ենք լքել Մյասնիկյան հրապարակը»,- վերհիշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ զոհերի մեղավորների բացահայտման եւ արդարացի փոխհատուցման պատասխանատվությունը բոլորի վրա է. «Սպանդի պատասխանատուն, իհարկե, իշխանությունն է, բայց զոհերի ընտանիքների առջեւ բոլորս ենք բարոյական պատասխանատվություն կրում»: Թե ինչ կբերի մարտի 1-ի հանրահավաքը՝ մեր զրուցակիցը չի ցանկանում կանխատեսել: Ակնկալում է, որ այն հզոր լինելուց բացի՝ նաեւ կտա հարցերի պատասխանները` ի՞նչ ուղենիշներով է ընդդիմադիր դաշտը շարունակելու համակարգի դեմ պայքարը:

Lyudmila_Sargsyan

ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածից հետո խորհրդարանական առաջին քառօրյան մեկնարկեց ու շարունակվեց նրանով, որ ընդդիմադիր պատգամավորները, երբեմնի թիմակիցները` Նիկոլ Փաշինյան, Գագիկ Ջհանգիրյան, Լեւոն Զուրաբյան, վիրավորեցին ու վարկաբեկեցին միմյանց` ազատելով իշխանությանն այդ բեռից: Ինչպե՞ս եք այդ ամենին նայում՝ մեր հարցին Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Շատ վատ: Մարդկային գործոնը տվյալ դեպքում ետին պլան մղվեց, բայց այն ճանապարհը, որը մենք միասին անցել ենք, մեզ պարտավորեցնում է, որ մեր կարծիքներում ու տեսակետներում կոռեկտությունը պահպանենք, անկախ նրանից` Նիկոլ Փաշինյանն այլեւս մեր դաշնակիցն է, թե ոչ: Իշխանությունը ստեղծեց այս վիճակը, եւ հիմա դրանից օգտվում են մարդիկ, ովքեր փորձում են ընդդիմադիր դաշտում մեծացնել իրենց դերակատարությունը: Ես այդ մարդկանց համար շատ արդյունավետ հեռանկար չեմ տեսնում: Ես այն կարծիքին չեմ, որ մեկին հարվածելով, մյուսին գցելով՝ որեւէ մեկը կարող է քաղաքական դաշտում իր կշիռը բարձրացնել: Միգուցե, իրավիճակից ելնելով, միառժամանակ ռեւանշ վերցնեն, բայց դա հաստատ այն աստեղային պահը չի, որի արդյունքում այդ մարդիկ կկարողանան առաջնորդել լայն մասսաներին: Մարդիկ պետք է կարողանան զսպել իրենց ամբիցիաները եւ գիտակցել պատասխանատվության չափը, որը փորձում են ստանձնել: Ես չեմ կարծում, որ քաղաքականությունն անբարոյականություն է: Ամեն ինչ մարդու անձնական հատկանիշներով է պայմանավորված»:

Նախօրեին, թերեւս տպավորություն գործելու համար, Լեւոն Զուրաբյանն ԱԺ ամբիոնից իր ձեռնափայտը ցուցադրեց ու իշխանություններին խորհուրդ տվեց շատ չոգեւորվել այն բանից, որ ընդդիմությունը «թոփալ» է` արժանանալով Հերմինե Նաղդալյանի կոշտ հակադարձմանը. «Ընդդիմությունը նոր չի կաղում, կաղում է վաղուց, կաղում է երկու ոտքից, կարող եմ ասել՝ նույնիսկ երեք ոտքից»: Ինչեւէ, փաստ է, որ ընդդիմադիր դաշտն այս պահին կաղ է: Ունի՞ մեր զրուցակիցը պատկերացումներ, թե ինչպես պետք է վերակենդանանա ընդդիմադիր դաշտը: «Եթե ասում ենք` ընդդիմությունը կաղ է, ուրեմն արդեն դատապարտված ենք: Կաղությունը երկարաժամկետ ախտորոշում է, ուստի այդ ձեւակերպումն ինձ համար ընդունելի չէր: Ընդդիմությունը լուրջ հարվածների տակ ընկավ, բայց դրանք մահացու հարվածներ չէին: Վերագտնելը ժամանակի հարց է: Իշխանությունը փորձում է ներկայացնել, թե ընդդիմությունը ոչնչացված է, ու դրանից հաճույք է ապրում: Բայց այն երկրում, որտեղ ընդդիմությունը ոչնչացված է, այդ երկիրը դատապարտված է»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728