Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարան ու Բաքուն` ընդդեմ հայկական դիվանագիտության

Փետրվար 27,2015 16:00

ԼՂ խնդիրը` Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթ հարց

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով գտնվում էր Ադրբեջանում, որտեղ երկրի իշխանությունների հետ քննարկվում էին թուրք-ադրբեջանական կապերի հետագա ընդլայնումը, TANAP գազատարի, «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու նախագծերի իրագործման, ռազմատեխնիկական համագործակցության եւ այլ ոլորտներում երկկողմ կապերի զարգացման հարցերը:

Ինչպես թուրք-ադրբեջանական յուրաքանչյուր հանդիպում, այս մեկի ընթացքում եւս չի շրջանցվել ղարաբաղյան կարգավորման թեման: ԼՂ հակամարտության կարգավորման հարցը Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է՝ նշել է Չավուշօղլուն՝ ներկայացնելով Անկարայի պայմանը` «որպեսզի ցյուրիխյան արձանագրությունները ուժի մեջ մտնեն, Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի օկուպացված հողերը»: «ԼՂ խնդրի լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթ հարցերից մեկն է, ուստի մենք միշտ ուշիուշով հետեւում ենք ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված գործընթացներին, ակտիվ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակվող ջանքերին»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Չավուշօղլուն հավելել է, թե` «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ծառայում է ոչ միայն տարածաշրջանի ժողովուրդների, այլեւ միջազգային հանրության շահերին»: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը, Սեւ եւ Միջերկրական ծովերի ավազանները միշտ էլ մեծ նշանակություն են ունեցել Թուրքիայի համար. «Ցավոք, այդ տարածաշրջանում կան այնպիսի ձգձգվող խնդիրներ, ինչպիսիք են ղարաբաղյան, աբխազական եւ հարավօսական հակամարտությունները, որոնք անորոշության աղբյուր են»:

Թուրքիայի ԱԳ նախարարը կարծում է, որ այդ խնդիրները իրենց մեջ պոտենցիալ վտանգ են պարունակում Եվրասիայի, այդ թվում՝ Հարավային Կովկասի անվտանգության համար: «Ուստի միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ն, մասնավորապես, պետք է ավելացնեն ջանքերը՝ տարածաշրջանի հակամարտությունները լուծելու ուղղությամբ»: Չավուշօղլուն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո նկատել է, թե Հայաստանն իր քաղաքականությամբ «մեկուսացման է դատապարտել» իրեն. «Թուրքիան ու Ադրբեջանը գործադրում են բոլոր ջանքերը տարածաշրջանի զարգացման ու բարգավաճման համար, սակայն Հայաստանը դեռեւս այդ նախագծերից դուրս է: Եթե Հայաստանը հրաժարվի իր ագրեսիվ դիրքորոշումից, ադրբեջանական տարածքներից` մենք պատրաստ ենք այդ երկրին տեսնել մեր համատեղ նախագծերում»: Չավուշօղլուն նաեւ հայտնել է, թե Թուրքիան դատապարտում է «Խոջալուի սպանդը»:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան վերջին այցելության ժամանակ առաջարկել են ԼՂ խնդիրը կարգավորելու նպատակով աշխատանքային խմբեր ստեղծել՝ նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում, ապա ներկայացրել Բաքվից մշտապես հնչող պահանջը` «օկուպացված» տարածքներից Հայաստանի զորքերի դուրսբերման վերաբերյալ: Մինչդեռ օրեր առաջ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նկատեց, թե տարածաշրջանային վերջին այցի ընթացքում իրենք նոր առաջարկներ չեն ներկայացրել ԼՂ հակամարտության կողմերին:

Պաշտոնական Երեւանը թուրք-ադրբեջանական բանակցությունների մեկնարկին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մակարդակով անդրադարձավ Անկարայի քաղաքականությանը: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Թուրքիան փոխանակ հետ կանգնի նախապայմաններ թելադրելու իր ժխտողական քաղաքականությունից, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը մի կողմից՝ շաղկապում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, իսկ մյուս կողմից՝ սեփական պատմության հետ առերեսվելու փոխարեն՝ միեւնույն նժարին է դնում զոհին եւ դահճին: Սա իսկապես անթույլատրելի է: Թուրքիան անելիք չունի եւ չի կարող ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում»,- հայտարարեց ԱԺ-ում Շարմազանովը:

Իսկ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ԱԺ-ում արծարծեց «Խոջալուի կոտորածի» թեման. «Աղդամի իրադարձությունները որպես Խոջալուի սպանդ ներկայացնող աղավաղված քարոզչության միջոցով Ադրբեջանի իշխանությունները փորձում են հարվածել հայկական երկու պետությունների միջազգային վարկին, ինչպես նաեւ այդ իրադարձությունների խեղաթյուրված մեկնաբանությունը պարտադրել միջազգային հանրությանը` նպաստելով հակահայկական տրամադրություններին: Ես կոչ եմ անում տարբեր երկրների մեր գործընկեր խորհրդարանականներին, քաղաքային ու նահանգային խորհուրդների ներկայացուցիչներին զերծ մնալ ադրբեջանական քարոզչության ծուղակներից: Մի տրվեք կեղծ տեղեկատվություններին ու շինծու միջոցառումներին: Մաքուր պահեք Ձեր խորհրդարանների օրակարգերն ու թույլ մի տվեք, որպեսզի այնտեղ սողոսկի ադրբեջանական քարոզչամեքենան: Եթե Խոջալուի դեպքերի համար պատասխանատուներ եք փնտրում, ապա փնտրեք նրանց Ադրբեջանում»:

3-2

Ադրբեջանցի դիվերսանտների հարցը Բաքվի հերթական թիրախն է

Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը թուրք գործընկերոջ հետ հանդիպմանը նաեւ անդրադարձել է վերջերս Բաքվի կողմից բավական ինտենսիվորեն արծարծվող թեմային` ԼՂ-ում ազատազրկման դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին վերադարձնելու հարցին` նկատելով, որ այդ հարցն իրենց օրակարգում է:

Դեռ այս տարի հունվարին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, երբ ամփոփում էր 2014-ին ՌԴ դիվանագիտական տարին, մամլո ասուլիսում ադրբեջանցի մի լրագրող նրանից հետաքրքրվեց Ասկերովի ճակատագրով՝ նկատելով, թե իբր նա ՌԴ քաղաքացի է։ Սակայն Լավրովի պատասխանից նկատվեց, որ նա իսկապես չգիտի, թե ում մասին է խոսքը: Նա նշեց, թե՝ քանի որ նրան հայկական կողմն է ձերբակալել, այդ իսկ պատճառով հարցը կքննարկեն հայկական կողմի հետ. «Ինչպես ասացիք Դուք, նրան ձերբակալել է հայկական կողմը: Այդ դեպքում տվյալ հարցը մենք կքննարկենք նրա հետ: Մենք ունենք ոչ քիչ թվով քաղաքացիներ, որոնց ձերբակալել են աշխարհի տարբեր երկրներում: Մենք մշտապես հետաքրքրվում ենք նրանց ճակատագրով»: Փաստորեն Լավրովը տեղյակ չէր, որ ամիսներ առաջ Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը Միլի Մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովային նամակ էր հղել, որում նշել էր, որ հայերի կողմից գերեվարված ադրբեջանցիների շարքերում ՌԴ քաղաքացիներ չկան:

Այժմ Ադրբեջանն, ինչպես երեւում է, դիվանագիտական խողովակներով աշխատում է այս ուղղությամբ: Օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը Բաքվում բարձրացրեց Շահբազ Գուլիեւին եւ Դիլհամ Ասկերովին վերադարձնելու հարցը: Օրերս էլ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին է անդրադարձել այդ թեմային: «Մենք համապատասխան մարմիններին համառորեն կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերադարձնել երկու բանտարկյալներին: Անցյալում կողմերը սովորաբար ուղիներ գտել են բանտարկյալներին վերադարձնելու համար՝ որպես հումանիտար ժեստ: Այդպիսի հումանիտար ժեստերն արվել են՝ նվազեցնելու համար լարվածությունն ու ամրապնդելու համար կողմերի միջեւ վստահությունը»:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 29-ին Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը, Դիլհամ Ասկերովը, ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը՝ զինված, ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը եւ ներխուժել հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով: Այս անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին: Դեկտեմբերի 29-ին Ստեփանակերտում ԼՂ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հրապարակեց Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի դատավճիռը: Ասկերովը դատապարտվեց ցմահ, իսկ Գուլիեւը՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, առանց պատշաճ թույլտվության ԼՂ պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առեւանգելու եւ սպանության համար։

Այս դիվերսանտներն առաջինն էին, որոնք անկախության հռչակումից հետո դատական պատասխանատվության ենթարկվեցին Ղարաբաղում՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից: Պաշտոնական Ստեփանակերտը հիշեցնում է այս օրերին, որ նրանց դատավարությունն անցել է միջազգային բոլոր նորմերին համապատասխան, բաց ու թափանցիկ, նրանք ունեցել են իրենց դատապաշտպանները: Հետեւաբար Ստեփանակերտը չի կարող մարդասիրական ժեստ իրականացնել, քանի որ առաջնորդվել է ժողովրդավարական սկզբունքներով եւ օրենքներով՝ կատարելով բաց եւ թափանցիկ դատավարություն՝ դիվերսանտներին պաշտպանության հնարավորություն տալով:

Պաշտոնական Բաքվի մոտեցումները, կեղծ քարոզչությունն ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքները գաղտնիք չեն, ակնհայտորեն նրանք դատապարտված հանցագործներին պատանդ ներկայացնելու աշխատանք են արդեն իսկ տարել: Տպավորություն է ստեղծվում, սակայն, որ հայկական կողմն էլ իր մեղքի բաժինն ունի՝ նման աղմկահարույց հանցագործության վերաբերյալ ժամանակին ԵԱՀԿ ՄԽ միջնորդ երկրների հետ անհրաժեշտ աշխատանք, թերեւս, չի տարվել: Yerkir.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն օրերս առաջարկեց Սաֆարովին հանձնել հայկական կողմին. «Գուցե դա ընդհանրապես նոր բեկում մտցնի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ինչո՞ւ որեւէ մեկը չի ասում` հանձնեք Սաֆարովին հայկական կողմին: Կեսկատակ-կեսլուրջ ասում եմ` միգուցե մենք այդ դիվերսանտներից մեկին կարողանանք փոխանակել Սաֆարովի հետ, գուցե այդ փոխանակումը լինի փոխվստահության մթնոլորտի ձեւավորման կամ փոխզիջումային տարբերակ»:

Ի դեպ, փետրվարի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով Արմեն Ռուստամյանի հարցին՝ նշեց. «Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին դիվերսանտների հանցագործությունների վերաբերյալ բոլոր փաստարկները մանրամասն ներկայացվել են։ Նույնն արվել է նաեւ արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից։ Նաեւ համապատասխան հայտարարություններ են եղել», եւ հավելեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երեւանում՝ տարածաշրջանային այցի ընթացքում, նման հարց չեն բարձրացրել:

Առհասարակ, ունենալով մարդասպան Սաֆարովի արտահանձնման հետ կապված պատմության օրինակը եւ նրան Ադրբեջանում հերոսացնելու փաստը՝ հայկական դիվանագիտությունը պոստ ֆակտում հայտարարություններ, մեկնաբանություններ անելու քաղաքականությունից պետք է զերծ մնա: Անհրաժեշտ աշխատանք պետք է տանել՝ մինչեւ Բաքվի հերթական կեղծ քարոզչության հետեւանքներին բախվելը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728