Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեկ մահ, մեկ վիրավոր եւ մեկ տարվա ազատազրկում

Փետրվար 27,2015 14:30

Անցյալ տարվա հունիսի 14-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գ. Թադեւոսյանի որոշմամբ Գեւորգ Մուրադյանին անզգույշ մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Քրեական գործը հարուցելուց 2 օր հետո մեղադրանք առաջադրվեց Գեորգի Խոջոյանին:
Նա հունիսի 14-ին, ալկոհոլ օգտագործած վիճակում, մայրաքաղաքի Բեկնազարյան փողոցի կողմից Ֆուչիկի փողոցով դեպի Մարգարյան փողոցի ուղղությամբ գծանշանի վրայով, մոտ 50-55 կմ/ժ արագությամբ, մոտակա լույսերը վառած վիճակում, լուսացույցի արգելող ազդանշանի առկայության պայմաններում հատել է «կանգ առ» գծանշանը, մուտք գործել խաչմերուկ, դրանով իսկ իրեն զրկել է վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից, ընդհարվել է փողոցն այդ պահին հատող Սարգիս Մուրադյանի «Լեքսուս» մակնիշի 34 MA 394 ավտոմեքենային: Ըստ գործի նյութերի, մեքենան մի քանի անգամ ֆռռացել է՝ կողաշրջվել, նրան պատճառվել է միջին ծանրության վնասվածք, իսկ ուղեւորին՝ մահ:
Մեղադրանք առաջադրող քննիչն այլ էր՝ Դ. Մարտիրոսյանը:

Օգոստոսի 21-ին մեղադրյալին առաջադրված մեղադրանքը փոխվեց, լրացվեց, սակայն նույն մեղադրանքը առաջադրվեց:

Բացի մահվան ելքից, այս ավտովթարի ժամանակ անզգուշությամբ միջին ծանրության վնասվածք էր ստացել նաեւ Տիգրան Զաքարյանը: Սակայն վարույթն իրականացնող մարմինը քրեական հետապնդում չիրականացրեց այս փաստի առթիվ, մի պատճառաբանությամբ, որ տուժողը բողոք չի բերել:

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է այս քրեական գործի դատաքննությունը, եւ մեղադրողը, եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ Ռուբեն Բալաբանյանը, բողոք են բերել նոյեմբերի 21-ի դատավճռի դեմ:

Վերաքննիչ քրեական դատարանում նախորդ օրը շարունակվեց բողոքների քննությունը:
Ըստ տուժողի ներկայացուցիչ Ռ. Բալաբանյանի, դատաքննության ժամանակ ամբաստանյալը հրաժարվել է ցուցմունք տալուց, իր պաշտպանի հարցերին պատասխանելիս էլ հայտնել է, թե ալկոհոլ չի օգտագործել:

«Նա ասել էր, թե վայրկյանների ընթացքում ուշացումով հատել է հոծ գիծը, նկատել է կանաչ գույն, սակայն այն շփոթել է դեղատան ճակատային մասի գովազդային վահանակի կանաչ լույսի հետ, իսկ «Լեքսուսն» էլ չի տեսել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Ռուբեն Բալաբանյանը:

Տուժողի ներկայացուցիչը կասկածի տակ է դնում ամբաստանյալի հարբածությունը, նաեւ առաջին ատյանի դատարանում ուսումնասիրված ապացույցները. «Դատարանն անտեսել է, որ դատաքննության ընթացքում իր կողմից գործում եղած ապացույցների հետազոտման ժամանակ ինչպես ամբաստանյալը, այնպես էլ նրա պաշտպան Ֆերոյանը որեւէ միջնորդություն չարեցին ամբաստանյալի հարբածության արձանագրությունը չթույլատրվող ապացույց ճանաչելու եւ այն ապացույցների շարքից հանելու ուղղությամբ: Բացի այդ, դատարանը սխալ հետեւության է հանգել, անտեսել նրա հարբածությունը ծանրացնող հանգամանք դիտել, նրան չափազանց մեղմ պատիժ է սահմանել»:
Ռուբեն Բալաբանյանի դիտարկմամբ, սույն քրեական գործով չի պարզվել, թե տուժող կողմի ավտոմեքենան ինչ հեռավորության վրա է գտնվել լուսացույցից, երբ ակտիվացել է դեղին լույսը, ինչ արագությամբ է երթեւեկել: Պաշտպանական կողմի խորին համոզմամբ՝ «Այդ չափազանց կարեւորագույն հանգամանքների պարզաբանումը չի իրականացվել միտումնավոր կերպով, որպեսզի հնարավոր չլինի փաստելու վթարի առաջացման մեջ մյուս կողմի մեղավորության հանգամանքը:

Նույնիսկ ապշեցուցիչ է, որ սույն քրեական գործով համապատասխան փորձաքննություն չի նշանակվել, պարզելու համար վթարի ենթարկված ավտոմեքենաների իրական արագությունները, ինչը նմանատիպ քրեական գործերով իրականացվող պարտադիր եւ մշտապես իրականացվող գործողություն է»:

Տուժողի ներկայացուցիչը պնդում էր, որ առանց տուժողի կողմից վարվող ավտոմեքենայի իրական արագությունը որոշելու, հնարավոր չէ փաստել, թե արդյոք տուժողը հնարավորություն ունե՞ր առանց կտրուկ արգելակման ավտոմեքենան կայանել մինչեւ «կանգ առ» գծանշանին հատելը, թե ոչ:

Ըստ գործի նյութերի, ամբաստանյալը խաչմերուկը հատելու ժամանակ մթության մեջ նկատել է դեղատան ուժգին վառվող կանաչ լույսը, այն ընկալել է որպես լուսացույցի կանաչ լույս, ինչի հետեւանքով մեքենան չի կայանել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728