Քրեական գործի նախաքննությունը շարունակվում էր, երբ Հատուկ քննչական ծառայությունն այս գործի շրջանակներում հարուցեց եւս մեկ քրեական գործ: Այս անգամ քրեական գործ հարուցելու առիթը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելն էր:
Քաղաքացի Գրիգոր Վ.-ն 2014 թվականի հոկտեմբերի 26-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Երեւանի Թումանյան փողոցում քաղաքացի Եպրաքսյա Թ.-ի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով փորձել է վերջինիս մոտից բացահայտ հափշտակել պայուսակն ու նրա բջջային հեռախոսը, սակայն փախուստի դիմելու ժամանակ բռնվել է դեպքի վայրում գտնվող անձանց կողմից: Գրիգոր Վ.-ն փաստորեն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:
«Առավոտի» տեղեկություններով, քաղաքացի Գրիգոր Վ.-ի կողմից կողոպուտի փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ կողոպուտի փորձ, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գրիգոր Վ.-ն հանդիսանում է ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի բաց տիպի գոտում պատիժը կրող դատապարտյալ:
Կարդացեք նաև
Ըստ նախաքննական մարմնի կողմից տրված տեղեկատվության՝ նա իրավունք է ունեցել քրեակատարողական հիմնարկի տարածքից դուրս գալ միայն աշխատանքային օրերին` ժամը 08:00-ից մինչեւ ժամը 20:00-ն ընկած ժամանակահատվածում, սակայն դատապարտյալը ոչ աշխատանքային օր է դուրս եկել հիմնարկի տարածքից եւ իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել վերոհիշյալ հանցագործությունը:
Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ դատապարտյալ Գրիգոր Վ.-ի բջջային հեռախոսները շահագործվել են հիշյալ քրեակատարողական հիմնարկի տարածքից դուրս այլ հանգստյան օրերի եւս: Մինչդեռ այդ օրերին հիմնարկի պատասխանատու հերթապահների կողմից կատարված ստուգումների արդյունքում խախտումներ եւ թերություններ չեն հայտնաբերվել:
Գրիգոր Վ.-ի նկատմամբ նախաքննական մարմինը որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում էր, երբ Հատուկ քննչական ծառայությունն այս գործի շրջանակներում հարուցեց եւս մեկ քրեական գործ: Այս անգամ քրեական գործ հարուցելու առիթը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելն էր:
Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը պաշտոնական հայտարարություն տարածեց այն մասին, որ Հատուկ քննչական ծառայությունում կողոպուտի փորձ կատարելու մեջ մեղադրվող դատապարտյալ Գրիգոր Վ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին) հարուցվել է նոր քրեական գործ ու առանձնացվել առանձին վարույթում: ՀՔԾ լրատվական ծառայությունը մասնավորապես շեշտել է, որ քրեական գործի նյութերում առերեւույթ առկա են եղել ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանցագործության հատկանիշներ:
Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
«Առավոտ» օրաթերթ
26.02.2015