Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բոլորն էլ հեքիաթի կարիք ունեն

Փետրվար 27,2015 13:30

ՏՏ մասնագետ Արմեն Գրիգորյանը մեծահասակների համար հեքիաթ է գրել «ֆենթըզի» ժանրում

Բոլոր ժամանակներում հեքիաթները հասցեագրված են եղել առաջին հերթին ՝ երեխաներին, զուգահեռաբար էլ եղել են հեքիաթներ մեծահասակների համար: Հայտնի են Ժյուռ Վեռնի, Ալեքսանդր Բելյաեւի, Ստանիսլավ Լեմի, Ստրուգատսկի եղբայրների, Ռեդյարդ Քիփլինգի, Աշոտ Շայբոնի, Ջոան Ռոուլինգի, Ջոն Տոլկիենի, ի վերջո՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Այզեկ Ազիմովի հեքիաթները եւ այլն: Մի փաստ էլ. երեխաներին ու մեծահասակներին հասցեագրված հանրահայտ հեքիաթներից շատերը մինչ օրս էլ բանավեճերի առիթ են տալիս, այդ թվում՝ հանրածանոթ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: Արդյոք այն մեծերի՞, թե՞ փոքրիկների համար է:

«Առավոտին» հասած տեղեկություններով, առաջիկայում կհրատարակվի «ֆենթըզի» ժանրում գրված հեքիաթ՝ մեծահասակների համար, որի հեղինակն է ՏՏ մասնագետ Արմեն Գրիգորյանը (լուսանկարում):

«Իմ հեքիաթները չեն սկսվում «լինում է, չի լինում»-ով: Դրանք նախատեսված են, ես կասեի՝ մեծահասակ երեխաների համար: Մեկ գրքով հրատարակվող հեքիաթիս վերնագրի շուրջ դեռ փնտրտուքի մեջ եմ: Բայց այն իր մեջ մեկտեղում է բոլոր հետաքրքիր ժանրերը՝ դետեկտիվ, ֆանտաստիկա, սարսափ… Ստեղծագործությունս պատմում է տղայի մասին, որը հայտնվում է մի հեքիաթային վայրում ու փորձում այդտեղից ելք գտնել՝ հանդիպելով տարբեր դժվարությունների»,- ասաց մեր զրուցակիցը:

Երիտասարդ գրողը գտնում է, որ հեքիաթը երեխաների համար անհրաժեշտ է, այն կարող է սովորեցնել «աշխատեցնել» ուղեղը, հարցեր տալ, չէ՞ որ մենք էլ կյանքում հաճախ հանդիպում ենք իրողությունների, երբ չգիտենք, թե որտեղ է ելքը, եւ այդտեղ առաջանում են ընտրության տարբերակներ: Իսկ երեխաներին պետք է դեռ փոքր տարիքից հասկացնել, որ միշտ էլ հնարավոր է ընտրություն անել, ասենք՝ չարի ու բարու մեջ, ինչն, ի դեպ, յուրաքանչյուրս յուրովի ենք ընկալում:

Արմեն Գրիգորյանն առանձնացնելով իր սիրելի Ջոն Թոլբիենի «Մատանիների տիրակալը», Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը», հավաստիացրեց, որ իր հեքիաթը նույնպես կապ չունի քաղաքականության կամ ինչ-որ կոնկրետ իրականության հետ, միեւնույն ժամանակ նշելով. «Չմոռանանք, որ յուրաքանչյուր հեքիաթ պատմում է իրականության մասին եւ երբեմն հեքիաթները շատ ավելին կարող են տալ, քան ինչ-որ ինֆորմացիոն աղբյուր»:
Դիտարկմանը՝ հեքիաթների միջոցով երեխաներին հնարավոր է ինչ-որ տեղ «խաբել», ինչը «չի աշխատի» մեծահասակների դեպքում, գրողը պատասխանեց. «Մեծահասակների համար հեքիաթ սկսել եմ գրել այն բանից հետո, երբ քրոջս 3 տարեկան տղային սկսեցի պատմել տարբեր պատմություններ՝ ինչ-որ Լիմուռի կամ Բրիստոկների մասին, որոնք ապրում են հրաշք անտառում: Միայն հետո որոշեցի գրել հեքիաթ փոքրիկների համար, բայց ստացվեց լրիվ այլ բան…»:

Շրջանցելով հարցը՝ կուզենա՞, որ հետագայում, ասենք՝ իր հեքիաթը էկրանավորվի, արվեստագետը հայտնեց. «Օրերս «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Բըրդմեն» ֆիլմը, որը պատմում է ամերիկյան կինոինդուստրիայի միլիոնավոր դոլարներ արժեցող ֆիլմերի անիմաստության մասին: Նախկինում այսքան անիմաստ ֆիլմեր չէին նկարահանվում: Իսկապես կան հոլիվուդյան ֆիլմեր, նույնիսկ հանրահայտ կինոռեժիսորների նկարած, որոնք մինչեւ վերջ չես կարողանա դիտել: Ստացվում է՝ կա պահանջարկ ինչ-որ բան դիտելու, կարդալու, բայց այդ բացը չի լրացվում: Ամերիկացի կինոմասնագետներն այդ բացը չեն էլ կարող լրացնել, քանի որ նրանք կենտրոնացել են հիմնականում գումար վաստակելու վրա: Ինչ վերաբերում է իմ պատմվածքի էկրանավորմանը, դրա մասին դեռ վաղ է խոսել: Ուզում եմ նաեւ փաստել, որ մեր երկրում այսօր կինոինդուստրիայի, այդ թվում՝ մանկական, իսկապես կինոակումբների տեսքով ինչ-ինչ քայլեր ենք անում: Օրինակ, երիտասարդներս հավաքվում ենք, դիտում ֆիլմեր, անցկացնում քննարկումներ… Մենք էլ ենք քանիցս նշել, որ մեծահասակներին կամ մեծահասակ հեքիաթասերներին պակասում է հեքիաթների էկրանավորումը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728