«Սա հայկական կինոյում առաջին շովինիստական կատակերգությունն է, որտեղ բացեիբաց խոսվում է հայի բարոյական կերպարի մասին, որն ավելի բարձր է, քան եվրոպական նորածին շատ ազգերի արժեհամակարգը»,- ասում է ռեժիսոր Արա Երնջակյանը:
Խոսքը նրա նոր` «Ժաննա» կինոկատակերգության մասին է, որի պրեմիերան տեղի ունեցավ այսօր` փետրվարի 26-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:
«Ֆիլմը Ժաննա դ’Արկի պատմության հիման վրա է նկարահանվել, բայց ամբողջությամբ «հայաֆիկացվել է,- ֆիլմի պրեմիերայից առաջ ասաց Ա. Երնջակյանը,- բոլորս էլ ծանոթ ենք այդ պատմությանը. Ժաննան 600 տարի առաջ ազատագրեց Ֆրանսիայի Օռլեան քաղաքը անգլիացիներից, իսկ հետո նրան այրեցին: Բայց ֆիլմը ավելի շատ մեր օրերի ու մեր մասին է: Այստեղ յուրօրինակ կերպով գովազդվում է հայ տղամարդու կերպարը, որը, ցավոք, դինոզավրի պես աստիճանաբար վերանում է: Իսկ դա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար»,- ասաց Ա. Երնջակյանը:
Ֆիլմում Ժաննայի կերպարը մարմնավորել է Անի Լուպեն, Խաչիկի` հայ տղամարդու կերպարը` Անդրանիկ Հարությունյանը: Ֆրանսիայի թագավորի դերում Մխիթար Ավետիսյանն է, կարդինալինը`Ռաֆայել Երանոսյանը: Այլ դերերում հանդես են գալիս Լուիզա Ներսիսյանը, Իրինա Դանիելյանը, Սերգեյ Դանիելյանը, Արսեն Գրիգորյանը, Սենիկ Բարսեղյանը և ուրիշներ:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ