Aravot.am-ը Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանից հետաքրքվեց՝ թե գյուղնախարար Սերգո Կարապետյանին Շիրակի մարզպետարանի դահլիճում կարտոֆիլի իրացման մասին հարց ուղղելուց ու «կարտոֆիլն էլ աղջկա նման է, առաջին ուզողին պիտի տաս» պատասխանը լսելուց հետո ինչպե՞ս արձագանքեց:
«Ես մեզ հուզող հարցը բարձրացրեցի, այն է՝ ինչպե՞ս պիտի լուծվի կարտոֆիլի սպառման հարցը, ինչո՞վ պիտի օգնի պետությունը, գյուղնախարարը շատ ոգեւորվեց ու բավական լուրջ պատասխանեց: Իհարկե, նրա պատասխանից հետո դահլիճում ռեպլիկներ սկսվեցին, գյուղապետերին ակնհայտորեն դուր չեկավ, նրանք նստած տեղերից հակադարձեցին՝ ասելով. «Չհասկացանք, որ վատ ուզող լինի, աղջիկը ինչի՞պիտի առնի, հո առաջվանը չէ՞, սա ո՞ր դարն է: Հարմար թեկնածու գտավ ամուսնության, կամուսնանա, չգտավ, չի ամուսնանա: Իհարկե, սրանով գյուղապետերը հասկացրեցին, որ կարտոֆիլը էն ժամանակ կվաճառենք, երբ հարմար գնորդ լինի, լավ գին տան: Մեր մարզում, ցավոք, էնքան բողոքի ցույցեր եղան, որ մենք հենց մարզպետարանի դահլիճում նստած ենթադրեցինք, որ սա էլ աղմուկի թեմա կդառնա», -ասաց գյուղապետը:
Տեսանյութը` «Ցայգ» հեռուստաընկերության
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ