Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կառավարությունը խորհուրդը ստեղծում է «գրանտ» ստանալու համար»

Փետրվար 26,2015 22:37

Նախկինում էլ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի համար կառավարությունը դրամաշնորհ է ստացել, Արթուր Սաքունցն ասում է` ոչ ծրագիրն է հայտնի, ոչ էլ փողերի ծախսը:

«Դա ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ է, այլ կոռուպցիան ընդլայնող խորհուրդ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին կառավարության նիստին հաստատվեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ եւ փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի եւ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու մասին որոշումը:

Խորհուրդն, ըստ իր գործառույթների, ինչպես նկատեց պարոն Սաքունցը, էական նշանակություն ունեցող որեւէ լիազորություն չունի, որը կարող է հույս կամ հիմք տալ մտածելու, որ դա կոռուպցիայի դեմ պայքարելու համար կարող է արդյունք տալ: «Նախ դա խորհրդատվական կառույց է, այսինքն` որոշումներ չի կայացնում, որ այսինչ պաշտոնատար անձը, կամ այս ոլորտում կոռուպցիա կա, եւ հանձնարարություն տա դատախազությանը զբաղվել դրանով: Խորհուրդը վերահսկողություն չունի կոռուպցիոն հանցագործությունների երեւույթների բացահայտման ուղղությամբ գործառություններ իրականացնող մարմինների նկատմամբ: Սա ի սկզբանե ձեւական, իմիտացիոն բովանադակություն ունեցող կառույց է: 2004 թվականի ՀՀ նախագահի հրամանագիր կա` այսպիսի խորհուրդ ստեղծելու, մինչեւ հիմա մեզ որեւիցե մեկը չբացատրեց, թե նախորդ մարմինը ինչո՞վ փոխարինվեց,  նախորդն ինչո՞վ արդյունավետ չէր, որ այս մեկը ստեղծվեց ու կարող է արդյունավետ լինել: Այս մեկի ստեղծման հիմնավորվածությունը պետք է բխի նախորդ մարմնի գնահատականից: Եթե նախորդը պիտանի չէր, նույն հրամանագրով փոփոխություններ մտցնեին»,-ասաց Սաքունցը:

Բացի այս, Սաքունցը գտնում է, որ այս խորհուրդն ավելի մեծ վնաս կտա,  որովհետեւ հերթական անգամ ձեւական մարմին ստեղծելով, հանրության շրջանում կոռուպցիայի դեմ պայքարն ինքնին կարժեզրկվի. «Առանց այդ էլ, վստահություն չկա, այս ոչ արդյունավետ մեխանիզմի հետեւանքով էլ ընդհանրապես հուսալքությունը մարդկանց մոտ կմեծանա: Իսկ խորհրդի անունն ու գործառույթները չեն համապատասխանում»:

Խորհրդի կազմում պետք է ներգրավված լինեն քաղաքացիական հասարակության 2 ներկայացուցիչ: Սաքունցի կարծիքով, եթե կառավարությունը կարեւորում է քաղաքացիական հասարակության ներկայությունն այդ խորհրդում, ապա ոչ թե 2, այլ` 10 ներկայացուցիչ պիտի լիներ, բացի այս, խորհուրդը պետք է անկախ լինի, ոչ թե վարչապետը,  ֆինանսների ու այլ նախարարները լինեն կազմում. «Այդ մարմինը պետք է լինի անկախ իր որոշումների կայացման մեջ, որովհետեւ կոռուպցիայի մեջ կասկածվող, կոռուպցիայի մեջ թաղված մարմիների կազմով չի կարող  աշխատել»:

Սաքունցի վստահեցմամբ` խորհուրդը ստեղծում են զուտ ֆինանսական ռեսուրսներ, դրամաշնորհ ստանալու նպատակով. «Տեսեք`կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մասին ՀՀ վարչապետը ներկայացնում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը: Սա այն դեպքն է, որ պետք է փորձ անեն ցույց տալու` իբր ունեն քաղաքական կամք, եւ նաեւ Համաշխարհային բանկից (ՀԲ), արժույթի միջազգային հիմնադրամից եւ Վերակառուցման զարգացման բանկից ու բոլոր հնարավոր միջազգային ֆոնդերից փող ստանալու: Դե  Ռուսաստանը փող տվողը չի»:

Պարոն Սաքունցը հիշեցնում է, որ դեռ  2004-ին ՀԲ-ն մեր կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր մշակելու համար դրամաշնորհ տվեց մի քանի հարյուր հազար դրամի չափով. «Ո՞ւր գնացին էդ գումարների արդյունավետությունը, կառավարությունը դրամաշնորհ ստացավ, գրանտակերությամբ զբաղվեց, իբր թե ծրագիր է մշակում, բա ո՞ւր են ծրագիրը, գնահատականնե՞րը: Ի՞նչն էր խանգարում վարչապետին պայքարելու կոռուպցիոն դրսեւորումների դեմ: Մինչեւ հիմա չկա շահերի բախման մասին օրենք, այդքան պայքարում էինք, չընդունվեց օրենքը: Այն գործողությունները, որ չեն կատարվել, մեղավորը էդ կոռուպցիայի խորհո՞ւրդն էր: Այս խորհուրդն այն չէ, ինչ պետք է մեր հանրությանը` կոռուպցիայի դեմ իսկապես պայքարելու համար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728