Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն այսօր Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի մասին աղաղակող չարաշահումներ է հրապարակել:
Նա մասնավորապես, ուսումնասիրել է ուսուցիչներին տրվող պարգևավճարները և դպրոցի աշխատավարձերի հաշվառման մատյանում՝ տարիֆիկացիայում, եղած տեղեկատվությունը:
Անահիտ Բախշյանը հավաստիացրել է, որ դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ տարիֆիկացիոն մատյանում չգրանցված անձինք են պարգեւատրվել:
«2014 թվականին 5 մլն դրամ գումար է հատկացվել պարգևավճարների համար, ընդ որում` պարգևատրում եղել է երկու անգամ` համապատասխանաբար, 45 եւ 20 մանկավարժական աշխատողներ` 80 000-ական դրամներով: Ընդ որում` երկու ցուցակներում պարգևատրվածներից 16 հոգու անուն կրկնվում է: Ուշագրավ է այն հանգամանքը, որ տարիֆիկացիոն մատյանում պարգևատրվածներից 6-ի անունը չկա, այսինքն` 6 մարդ աշխատավարձ չի ստանում, դպրոցի աշխատող չէ, բայց պարգևատրում է ստանում»,- հայտարարել է Անահիտ Բախշյանը:
Կարդացեք նաև
Ի պատասխան տիկին Բախշյանի տարածած տվյալների, դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը Yerkir.am-ի հետ զրույցում հերքել է այդ տեղեկատվությունը այն համարելով սխալ, ոչ հավաստի: Նա նաեւ ասել էր, որ պատրաստվում է դատի տալ տիկին Բախշյանին՝ պնդելով, որ այդ փաստաթղթերը տիկին Բախշյանը ձեռք բերելու իրավունք չուներ:
Անահիտ Բախշյանն ի պատասխան իրեն դատի տալու դպրոցի տնօրենի հայտարարության Aravot.am-ին ասաց. «Մարտահրավերը նետել եմ, ձեռնոցը վերցրել է, հաճույքով դատարանում իր հետ պատրաստ եմ պաշտպանել մեր կրթության համար տրվող պետական բյուջեից յուրաքանչյուր լումա: Ցավում եմ, որ տնօրենը այդքան հեռու է օրենքից ու իրավունքից եւ տեղյակ չէ, որ Երեւանի ավագանու անդամը ու մասնավորապես կրթության հանձնաժողովի անդամը իրավունք ունի Երեւանի ինքնակառավարման մասին օրենքի համաձայն պահանջել երեւանի քաղաքապետարանի ցանկացած ստորաբաժանման փաստաթղթեր, ծանոթանալ դրանց հետ: Իմ ձեռքի տակ եղած այդ փաստաթղթերը, տարիֆիկացիաները ու դպրոցի նախահաշիվը դրվում է կայքում, առաջին հերթին դրանք կայքում եմ տեսել: Կայքում եմ տեսել հինգ միլիոն դրամը, ավելին՝ տեսել եմ՝ որ ութ միլիոն է պատրաստվում հաջորդ անգամ պարգեւատրում կատարելուն տրամադրել: Տարիֆիկացիաները, պարգեւատրվածների ցուցակը ստացել եմ ի պատասխան իմ նամակին՝ քաղաքապետին ուղղված: Ունեմ նաեւ դպրոցի կառավարման խորհրդի որոշման քաղվածքը, թե ում է պարգեւատրել: Մնացածը դատարանում պատրաստ եմ ներկայացնել ու պաշտպանել պետական բյուջեն»:
Հիշեցնենք, որ այս դպրոցի տնօրենը ՀՀ նախագահի համակուրսեցին է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ալան թալան
Ուզածդ դպրոցի տնօրեն էլ խարդախ է ու կաշառակեր՝սկսած գեղի տնօրենիկներից։Քաղաքից ինչքան աշակերտների գործեր են գնում դրանց մոտ;Ինչու՞․․․որ դպրոց չհաճախեն>Բնականաբար համապատասխան գումարների դեպքում։Մարզերի կրթության բաժիններում լավ էլ գումարներ են աշխատուՄ