Սիվիլիթաս հիմնադրամն իր տարեկան 7-րդ զեկույցը վերնագրել է «Հայաստան 2014». մոլորության տարի: Հետազոտությունը կատարված է` միջազգային և տարածաշրջանային զարգացումների համապատկերում ներկայացնելով Հայաստանի ներքին և արտաքին զարգացումները, տնտեսական հիմնական խնդիրներն ու միտումները։ Այն կենտրոնանում է ոչ թե երևույթների ժամանակագրական շարադրման, այլ դրանց խորքային պատճառների վերհանման վրա՝ կանխատեսելով հնարավոր զարգացումները՝ առաջարկելով լուծումներ։
Օրինակ` 2008-ի զեկույցը վերնագրվել էր «Ճգնաժամ և հնարավորություն», 2009-ինը՝ «Խոստում և իրականություն»» 2010-ինը՝ «Անորոշության տարի»» 2011-ինը՝ «Առանց պատրանքների»» 2012-ինը՝ «Ընտրության տարի»» 2013-ինը՝ «Ակնկալիքների և անակնկալների տարի»։ 2014-ի զեկույցում նշված է. «Մոլորության տարի, որովհետև ամբողջ տարվա ընթացքում կարևորագույն և խնդրահարույց մի շարք որոշումներ առկախվեցին կամ ձևախեղվեցին՝ մոլորության մեջ գցելով ոչ միայն այդ որոշումների ազդեցությունը կրողներին, այլև որոշումներն ընդունողներին»:
Տարվա գլխավոր մոլորությունը` ըստ զեկույցի սա է. «Տարվա գլխավոր մոլորությունն էր, երբ չորս տարի շարունակ դեպի Եվրոպական Միության ազատ առևտրի գոտի շարժվող Հայաստանը, հանկարծ հայտնվելով Եվրասիական տնտեսական միությունում, սկսեց ինքն իրեն համոզել, որ դա նախապես հաշվարկված և ճիշտ ընտրություն էր»: Այս շարքում է հունվարի 1-ից կենսաթոշակային համակարգի նոր օրենքը, շրջանառության հարկի փոփոխությունը, դրամի արժեզրկումը և դրա մեղավոր սպեկուլյանտներին համարելը, սահմանադրական փոփոխությունները և այլն:
Aravot.am-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանից հետաքրքրվեց՝ համամի՞տ է, որ մոլորված ենք մտել 2015 թվական: Նա պատասխանեց. «Ցավում եմ, որ 2014-ն է համարվում մոլորության տարի, այլ ոչ թե 2013-ի սեպտեմբերի 3-ից սկսած: Մոլորություն էր, երբ ՀՀ-ն բռնակցվեց Եվրասիական միությանը. մենք շեղվեցինք կառավարման, տնտեսավարման, ժողովրդավարական չափորոշիչներով, դրանից հետո ՀՀ քաղաքական դաշտում տեղի ունեցած իրադարձությունների տրամաբանությամբ կարելի է անվանել համակողմանի մոլորության տարի: Ապակողմնորոշման, փոփոխվող սկզբունքների դաշտը հավասարապես մոլորեցնում էին թե իշխանականներին, թե ոչ իշխանականներին: Նույն այդ մոլորություն ածականը սազական է երկուսին էլ»:
Կարդացեք նաև
Մյուս կողմից՝ տիկին Սեդրակյանը կարծում է, որ դա ավելի շատ բացահայտման տարի էր. «Հասարակությունը տեսավ, թե ինչ ուղենիշներով է հասարակությունը շարժվում, և քաղաքական ուժերի մասին հստակ պատկերացում կազմեցին»:
Տիկին Սեդրակյանը նշեց, թե վերջին ներքաղաքական զարգացումները ամբողջացրին այդ բացահայտումները ու շարունակեց. «Աշխարհաքաղաքական ֆոնի վրա էլ է գնում հստակեցում՝ ՌԴ, Եվրոպա, Լիբիա, Սիրիա, Իրաք: Աշխարհաքաղաքական առումով կատարվում է համընդհանուր հստակեցում, ինչը վերաբերում է նաև Հայաստանին: Աշխարհը երկբևեռ է, և պետք է որդեգրել ճիշտ քաղաքականություն»:
Տիկին Սեդրակյանը մտահոգություն հայտնեց, թե մենք այդպես էլ չունեցանք այլընտրանքային ծրագիր ունեցող ընդդիմություն իր տեսլականով: Հետաքրքրվեցինք՝ ԲՀԿ-ն կկարողանա՞ վերականգնել այդ տեսլականը, տիկին Սեդրակյանը պատասխանեց. «Մենք ԲՀԿ-ի արտաքին և ներքին վեկտորներից բավականաչափ տարբեր քաղաքական ուժ ենք և բնավ չենք կարող կանխատեսումներ անել՝ կկարողանա՞ այդ տեսլականը վերականգնել, թե՝ ոչ: Ավելի իրատեսական կլինի՝ մեր հեռանկարները գնահատենք»: Մեր այն դիտարկմանը, ըստ էության ընդդիմադիր դաշտը բաց է, արդյոք նոր, թարմ գաղափարներ պետք չե՞ն, այ օրինակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը իր առաքելությունը չի՞ համարում լցնել այդ դաշտը, տիկին Սեդրակյանը պատասխանեց. «Թարմ գաղափարներ պետք չեն, հակառակը, պետք է լավ ներդնել ու կիրառել ոչ թարմ, բայց արդյունավետ աշխատաոճ: Քաղաքակիրթ աշխարհի շաբլոնային գաղափարները հայկական քաղաքական դաշտում որևէ վայրկյան չեն աշխատի»:
Դառնալով առաքելությանը՝ տիկին Սեդրակյանն ասաց. «Ցավում եմ, որ ողջ կյանքում ՀՀ քաղաքական դաշտի զարգացման ընթացքում քաղաքական ուժերն անվերջ իրենց վերապահել են առաքելություն: Այնինչ քաղաքական ուժերի նպատակը ոչ թե առաքելություն իրականացնելն է, ինչը հավատավորների խնդիրն է, այլ պրագմատիկ զարգացման տեսլականը տեսնելն ու հասարակությանը բացատրելը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ