Aravot.am-ը հոգեբանական գիտությունների թեկնածու Խաչատուր Գասպարյանից հետաքրքրվեց՝ որպես հոգեբան ի՞նչ կարծիքի է Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկները որոշ դպրոցներում աշակերտներին բաժանելու մասին, ինչպե՞ս կարող է դա անդրադառնալ դպրոցահասակ երեխաների վրա:
«Իմ տպավորությամբ, դա այնքան էլ շրջահայաց որոշում չէ. մինչեւ երեխաներին անմոռուկներ բաժանելը պետք է նախ սկզբում որոշակի գիտելիք եւ վերաբերմունք ձեւավորել: Երեխան չունի սեփական հիշողություն, իսկ այդտեղ ազգի հիշողության մասին է խոսքը: Մանավանդ, եթե դա զուգակցվի ցեղասպանության պատկերների հետ միասին՝ հիշողություններ պատմելով, երեխաների մեջ տագնապը կարող է ավելանալ: Մենք իրավունք ունենք այդ մասին մտածել 12 տարեկանից հետո, ընդ որում, եթե նախօրոք դաս ենք արել այդ թեմայով, բացատրել երեխային, այդ դեպքում ամեն ինչ ավելի անվնաս կլինի երեխայի հոգեկանի համար: Փոքր տարիքում երեխան միեւնույն է՝ չի հասկանում դրա իսկական իմաստը,բայց կարող է դրա հույզն իր մոտ երկարատեւ մնալ, խանգարել, տագնապ, վախ ու սարսափ առաջացնել, երեխան մտածի, որ դա կարող է նաեւ իր մոտիկ հարազատների հետ պատահի, որովհետեւի երեխաները չունեն հստակ աշխարհընկալման պատկերացումներ, յուրահատուկ կերպով են ընկալում աշխարհը: Նրանք ունեն աբստրակտ մտածողություն, բայց ոչ այդ աստիճանի, որ կարողանան տարբերակում մտցնել: Այդ առումով, դպրոցականներին անմոռուկներ բաժանելու ակցիան փոքր-ինչ վտանգավոր է, եթե նախօրոք երեխաների հետ աշխատանք չի տարվել»,-կարծում է ճանաչված հոգեբանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ