Փետրվարի 20-22-ը Թբիլիսիում կայացած «Ազգայնականության հաղթահարում. արեւմտյան Բալկանների փորձը Հարավային Կովկասի համար» թեմայով համաժողովի ժամանակ Մառնեուլից Էլվին անունով ադրբեջանցի երիտասարդը հայտարարեց, որ Թբիլիսիում գոյություն ունի ադրբեջանական մեկ թատրոն: Արդեն 4 տարի, 4 անգամ դրա տնօրեն է նշանակվում ազգությամբ վրացի: Էլվինն ասաց, որ այդ հարցով դիմել են Վրաստանի մշակույթի նախարարությունը:
Նա մեջբերելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ալի Աբասովի խոսքերը, ասաց, որ վրացական ազգայնականությունը հիմնված է ոչ թե քրիստոնեության, այլ՝ հատկապես ուղղափառության վրա: Էլվինը հայտնեց, որ Զվիադ Գամսախուրդիայի կառավարման տարիներին վրացական ուղղափառ եկեղեցու թեմի նախաձեռնությամբ Բոլնիսիում փոխվեցին 38 գյուղի անուններ: Դրանից հետո իշխանության եկավ արեւմտամետ Սահակաշվիլին, սակայն նա չուղղեց կատարվածը:
Կարդացեք նաև
Էլվինը հավելեց. «Վրաստանի բնակչության 80 տոկոսը հասարակ վրացիներ են: Երբ նրանց հետ զրուցում եմ, նրանք հարցնում են՝ որտեղի՞ց ես: Ես սպասում եմ, հետո ասում , որ ես էլ այստեղից եմ: Նրանք հարցնում են՝ ոնց թե այստեղից ես: Ասում եմ՝ ես Քարթլիից եմ, վրացի եմ: Նրանք ասում են՝ դու վրացի չես: Հարցնում են՝ որտեղի՞ց ես: Ասում եմ, որ Մառնեուլիից եմ: Ուրեմն ադրբեջանցի ես: Ասում եմ, ես էլ վրացի, ես նույնպես Վրաստանի անձնագիր ունեմ: Ասում են՝ դու պարզապես Վրաստանի քաղաքացի ես, դու վրացի չես : Ասում եմ՝ դու ինձ շնորհակալ եղիր, որ ես ինձ վրացի եմ համարում, դու ինձ մի վանիր: Ասում են՝ գիտե՞ս, դու վրացի չես, որովհետեւ վրացական ազգանուն պետք է ունենալ եւ այլն»:
Վրացի քաղաքագետ, սոցիալական գիտությունների դոկտոր Խաթունա Չապիչաձեն այս հարցի վերաբերյալ ասաց, որ ինքը չի տեսել այնպիսի ադրբեջանցու կամ հայի, ով ամբողջությամբ իրեն վրացի է համարում:Նրա կարծիքով՝ Վրաստանի կառավարությունը միշտ չէ համարժեք արձագանքում գոյություն ունեցող խնդիրներին: Հարկավոր է ինտեգրել, ոչ թե ինչ-որ մեկից ամբողջությամբ վերցնել նրա նույնականացումը, այլ՝ ընդլայնել Վրաստանի պետական նույնականացման շրջանակները, քաղաքացիական ազգայնականությունը,որը պարտադիր չէ, որ հենված լինի ազգային նույնականացման վրա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ