Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում կկատարվի բացառիկ հետազոտություն, որը կպարզի մարդկանց հակվածությունը քաղցկեղի նկատմամբ

Փետրվար 26,2015 18:30

ՀՀ-ում այսուհետ կկատարվի այնպիսի հետազոտություն, որի միջոցով հնարավոր կլինի երեխայի ծնվելուց անմիջապես հետո պարզել` արդյոք նրա օրգանիզմն ունի հակվածություն քաղցկեղի և տարաբնույթ այլ հիվանդությունների նկատմամբ: 2014-ին Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ)` որպես ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից իրականացվող «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման» մրցույթի շահառու ձեռք է բերել մարդու գենոմը բացահայտող բացառիկ համակարգ (NGS, next-generation sequencing` հաջորդ սերնդի սեքվենավորում):

MiSeq կոչվող այս համակարգը միավորում է ամպլիֆիկացիան, սեքվենավորումը, տվյալների մշակումն ու դրանց վերլուծությունը մեկ սարքավորման մեջ: Այն թույլ է տալիս կատարել գենոմի լայնամասշտաբ հետազոտություններ բժշկակենսաբանության տարբեր ոլորտներում: Տեխնոլոգիան կներդրվի առավել քան 30 կլինիկորեն կարևոր ժառանգական քաղցկեղային գեների ուսումնասիրության համար, որոնք ասոցացված են քաղցկեղի բազմաթիվ տեսակների, այդ թվում նաև կրծքագեղձի, աղիների, ձվարանի, շագանակագեղձի, ստամոքսի, ենթաստամոքսագեղձի, էնդոմետրիումի և մաշկի քաղցկեղի հետ:

FullSizeRender

Aravot.am-ը ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, կ.գ.դ., պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանից հետաքրքրվեց` MiSeq համակարգով արդեն ե՞րբ հնարավոր կլինի նման NGS հետազոտություն անցկացնել Հայաստանում: Նա պատասխանեց. «Սարքը կարող է մի կողմից ծառայել հիմնարար բժշկությանը, մյուս կողմից` կիրառական: Դա համարձակ քայլ է անցնելու անհատականացված (պերսոնիֆիկացված) բժշկության և  հստակ խոսել տվյալ անձի` այս կամ այն հիվանդության նկատմամբ նախատրամադրվածության` հակվածության մասին: Սարքը տալիս է մարդու գենոմի պատկերը: Իսկ թե ինչպես կարտածենք այն, գիտական տարբեր հետազոտությունների արդյունքում պիտի պարզվի»: Անդրադառնալով քաղցկեղի հայտնաբերման և կանխարգելման հետ կապված խնդիրներին` պրոֆեսոր Ենկոյանը նշեց. «Այս համակարգը հնարավորություն է տալիս անձի ծնվելուց միանգամից հետո պարզել` այս կամ այն անհատն  ունի՞ նախատրամադրվածություն, օրինակ, կրծքագեղձի քաղցկեղի նկատմամբ, թե` ոչ: Կա BRCA-1 գենը, որը տարիների ընթացքում կարող է պատճառ դառնալ կնոջ օրգանիզմում կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը»:

Հետաքրքրվեցինք` այսինքն` քաղցկեղի վաղ հայտնաբերման խնդիրը փաստորեն լուծվո՞ւմ է, պարոն Ենկոյանը պատասխանեց. «Այո, վաղ հայտնաբերման և կանխարգելման հարցը լուծվում է: Այս սարքը կանխարգելիչ բժշկության համար անփոխարինելի է»: Մեր հարցին` այս հետազոտությունը հասանելի՞ է հասարակության լայն շրջանակների համար, պարոն Ենկոյանը պատասխանեց. «Գնի մասին հստակ չենք կարող ասել: Դա էժան հետազոտություն չէ, բայց այս սարքի առկայությունը մեզ թույլ է տալիս շատ ավելի գումար տնտեսել, քանի որ համակարգը մի քանի գործողություն է կատարում մեկի մեջ»: Պարոն Ենկոյանը շեշտեց, որ տվյալ հիվանդության նկատմամբ նախատրամադրվածություն դեռ չի նշանակում, որ անձն անպայման պետք է հիվանդանա դրանով, բայց այդ հակվածությունը պարզելու դեպքում անհատը հասկանում է, թե ինչպիսի ապրելակերպ ընտրի, որ պաշտպանվի հիվանդությունից: Ունենալով  MiSeq-ի տվյալները` բժիշկները կկարողանան ավելի ճիշտ ընտրել բուժման մարտավարությունը, և  դեղորայքային բուժումն ավելի արդյունավետ կլինի:

Հարցին` ՀՀ-ում կա՞ն համապատասխան մասնագետներ, որոնք կարող են նման հետազոտություն անցկացնել և աշխատել այդ թանկարժեք սարքով, պարոն Ենկոյանը պատասխանեց. «ԵՊԲՀ Բժշկական գենետիկայի ամբիոնում ունենք նման մասնագետներ, որոնք կվերապատրաստվեն ԱՄՆ-ում և Անգլիայում»: Պրոռեկտորը տեղեկացրեց, թե արդեն ԱՄՆ-ում այնքան հեռու են գնացել այս հետազոտություններում, որ մոդայիկ է դարձել ծննդյան օրվա կապակցությամբ ծրարում կրիչով նվիրել անհատի անձնական գենոմը: Այլ հարց է, որ գիտությունը այն ճիշտ կարդալու և մեկնաբանելու հարցում դեռ անելիքներ ունի: Իհարկե,  MiSeq համակարգը քաղցկեղի հայտնաբերման, ախտորոշման և բուժման հարցում ևս մեկ քայլ է, սակայն մասնագետը նշեց նաև, թե «դա խնդիրը 100 տոկոսով չի լուծում»:

Տարածաշրջանում նման համակարգ ներդրված է միայն Հայաստանում, այս ոլորտում լուրջ ձեռքբերումներ ունեն ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իսրայելը: Կոնստանտին Ենկոյանն ասաց, թե լուրջ բանակցությունների արդյունքում են պայմանավորվել նման սարք բերել Հայաստան ու մանրամասնեց. «Մեր տարածաշրջանում նման սարք ներդրված չէ: Նույնիսկ ՌԴ-ում հաջորդ սերնդի այս սեքվենատորը նոր-նոր են սկսել կիրառել: Այս գործընթացում մեծ դերակատարություն ունեցավ նաև Բժշկական գենետիկայի եւ առողջության պահպանման կենտրոնը, Փորձաքննությունների ազգային բյուրոն»:

Տեղեկացնենք, որ սարքն այժմ նախապատրաստվում է թողարկման. գարնանը ԱՄՆ-ից ժամանած մասնագետների մասնակցությամբ այն կթողարկվի: Այդ աշխատանքներին կարող են ներկա գտնվել և ծանոթանալ բժշկության և կենսաբանության ոլորտի գիտնականները, տարբեր բուժհաստատություններում աշխատող գործող բժիշկները, որպեսզի հնարավորինս արագ այս հետազոտությունը տարածվի Հայաստանում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728