«Որից հետո պետք է շարունակվի պայքարը նոր որակով, նոր մոտեցումներով»
«Ցավոք, Հայոց ցեղասպանության ճանաչման, հատուցման, դատապարտման գործընթացը մեզ մոտ հանգեցվել է կուլմինացիոն մի ամսաթվի՝ 2015 թվականի ապրիլի 24, երբ պետք է ինչ-որ մի բան տեղի ունենա»,- փետրվարի 26-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը:
Նա նշեց, որ այդ մտածելակերպը իրավական տեսանկյունից ճիշտ չէ, որովհետեւ գործընթացը շարունակվելու է՝ ցեղասպանությունը մեկ օրում չի կատարվել. «Չի՛ կարելի սահմանափակվել եւ ամենը հանգեցնել ապրիլի 24-ին: Ցավոք սրտի, մենք ամեն տարի ապրիլյան սրացումներ ենք ունենում՝ ապրիլի 15-ից սկսած մինչեւ 24-ը, եւ դրանից հետո դադար է տեղի ունենում, այդ դադարից հետո մեկ տարի է անցնում, եւ ապրիլյան սրացումները կրկին սկսվում են»:
Վլադիմիր Վարդանյանը համարում է, որ իրավաքաղաքական հարթության վրա Հայոց ցեղասպանության խնդիրը այս եղանակով լուծելն անթույլատրելի է. «Մենք պետք է հասկանանք, որ Հայոց ցեղասպանության այս 100-րդ տարելիցը սոսկ մի հանգրվան է, որից հետո պետք է շարունակվի պայքարը նոր որակով, նոր մոտեցումներով եւ հաշվի առնելով այն ամենը ինչ որ կա»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկին՝ ստեղծել պատմաբաններից կազմված հանձնաժողով՝ պարոն Վարդանյանն ասաց, որ այդ առաջարկն ուղղված է նրան, որ այդ հարցը ներկայացվի ոչ թե որպես իրավական կամ արդի իրավաքաղաքական հարց, որը կարող է ապագային ուղղված արտացոլանք ունենալ, այլ պատմական մի իրադարձություն, միջադեպ, որով պետք է զբաղվեն պատմաբանները. «Իրավական տեսանկյունից խնդիրն, իհարկե՛, չափազանց բարդ է, եւ այսօր վտանգավոր միտումը Թուրքիայում իրոք հանգում է նրան, որ շատերը խոսում են դեպքերի մասին, հայերի հետ տեղի հետ ունեցած իրադարձությունների մասին, բայց որեւէ կերպ չեն ցանկանում իրավական համապատասխան ենթաշերտ հաղորդել այդ իրադարձություններին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ