Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական դաշտից պետք է հեռանան բոլոր թոշակառուները`անկախ տարիքից»

Փետրվար 26,2015 16:50

«Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանում կա քաղաքական համակարգի ճգնաժամ: Դրա պատճառն արհեստական քաղաքական օրակարգեր ի հայտ բերելն էր: Բայց դա, կարծես թե, վերանում է: Դա բնականոն ճանապարհ է, արհեստական չի լինում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ընդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն` անդրադառնալով կառավարման ճգնաժամի մասին խորհրդարանական ոչ իշխանական ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացրած նախագծին, որը վերածվեց ընդդիմության ճգնաժամի մասին քննարկումների :
Դիտարկմանը`փաստորեն, Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան վերջին հակամարտությունը`ՀՀԿ-ԲՀԿ համատեքստում, իր դրական արդյունքը տվեց, մեր զրուցակիցն ասաց. «Ցանկացած գործընթաց, որը գալիս է իր հանգրվանին, գալիս է հանգուցալուծման, բնականաբար, նոր սկզբի հնարավորություն է: Կարծում եմ, այս իրավիճակը հնարավորություն է նաեւ այսօրվա ԲՀԿ-ի համար»:

Զերծ մնալով ԲՀԿ-ին գնահատականներ տալուց՝ Խաչատուր Քոքոբելյանն այն կարծիքին է, որ մինչ օրս ընդդիմությունը հնարավորություն է ունեցել օգտվել ԲՀԿ-ի քվեարկելու հնարավորությունից: Նա, իհարկե, այն կարծիքին էլ չի, որ ԲՀԿ-ն հետամուտ է եղել ընդդիմության քաղաքական օրակարգին. «Բայց հատվածաբար պաշտպանել է, որը հնարավորություն է եղել: Կարծում եմ, ար այս սկիզբը նաեւ ԲՀԿ-ի համար նոր սկիզբ կլինի: Կարող եմ ենթադրել, որ ԲՀԿ-ն այսուհետ կգործի ընդիմադիր դաշտում: Նաեւ, ի վերջո, կձերբազատվենք քաղաքական դաշտում տարաբնույթ ոչ քաղաքագիտական ձեւակերպումներից: Միգուցէ նոր, ավելի հետաքրքիր իրավիճակ ստեղծվի»:

Վերջին շրջանում գերիշխում էր այն տեսակետը, որ մինչեւ ՀՀ երեք նախագահները չհեռանան քաղաքական դաշտից, դաշտը չի կարող առողջանալ ու կայանալ: Հիմա տեսանելի՞ է այդ գործընթացը` հարցին էլ մեր զրուցակիցը պատասխանեց, որ դա քաղաքական համակարգի խնդիր է: Նա, զերծ մնալով անձերի հետ կապելուց, ցավ հայտնեց, որ ՀՀ Սահմանադրությունը մինչ օրս հնարավորություններ է ընձեռել. «Սահմանադրության մեջ պետք է հստակ գրված լիներ, որ ցանկացած նախագահ երկու անգամից ավելի իրավունք չունի առաջադրվելու: Իմ համոզմամբ՝ նույնը պետք է վերաբերվի նաեւ կուսակցություններին, որովհետեւ նույն թիմի մեջ անգամ անձերի փոփոխությունը բերում է նոր իրավիճակների: Նորանկախ Հայաստանի ողջ քաղաքական պատմության ընթացքում մենք դրա ականատեսն ենք եղել: Քանի Սահմանադրությամբ նման դրույթ չի գործում, նախկին նախագահներն ու քաղաքական լիդերները մոտիվացիաներ են փնտրելու ու քաղաքական համակարգում առողջացման երեւույթներ առաջ չեն գալու»: Ասվածը վերաբերվում է նաեւ սահմանադրական բարեփոխումների նոր փաթեթին, թեեւ իր համոզմունքը, որ Հայաստանի խնդիրը ոչ թե սահմանադրական բարեփոխումներն են այլ «կոռումպացված քաղաքական համակարգը», Խաչատուր Քոքոբելյանը չի փոխել: Նա կարծում է, որ քաղաքական դաշտից պետք է հեռանան բոլոր «թոշակառուներն»`անկախ տարիքից:
Հարցին`մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին մասնակցելո՞ւ են, թե`ոչ, Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ այդ օրն ինքն իր կուսակիցների, համախոհների եւ ընկերների հետ այցելում է Մյասնիկյանի արձանին հարող հրապարակ, ծաղիկներ են դնում տասը զոհերի հիշատակի համար, որոնք իր համոզմամբ մարդիկ էին, որ զոհվեցին «հանուն դեմոկրատիայի, հանուն հայրենիքի»: Քանի դեռ այդ ոճրագործությունը բացահայտված չէ, այն մնալու է ՀՀ-ի ամենամեծ խարանը`կարծում է Խաչատուր Քոքոբելյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    թե դու ով ես… , ում ես ներկայացնում… ով ա քեզ համարում ընդանրապես գործիչ, էլ չսեմ քաղաքական գործիչ…, 😀

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728