Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը բողոքում է. «Առավոտից իրիկուն եթերում ճաշ են սարքում, նպատակը ո՞րն է՝ ով ինչ լավ բորշչ է սարքո՞ւմ»

Փետրվար 26,2015 16:29

Այսօր ԱԺ-ում հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014-ի գործունեության հաղորդման քննարկման ժամանակ պատգամավորներն իրենց մտահոգություններն ու դժգոհությունները հայտնեցին այս կամ այն հաղորդման, երգի, ֆիլմի վերաբերյալ, որոնք հեռարձակում են հեռուստատեսությամբ եւ իրենց դուր չի գալիս:

ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն ասաց, որ չեն քարոզվում հերոսներ, դրա համար մեր երեխաները փորձում են նմանվել օտար հերոսների, ընդօրինակում են նրանց: Նա առաջարկեց Սասունցի Դավթի կերպարը քարոզել, որը կարող է դառնալ այն հերոսը, որին կձգտեն երեխաները:

Կոշտ ելույթ ունեցավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա քննադատեց եթերի շատ հաղորդումներ, խոսեց մշակույթի մակարդակի մասին: Ըստ նրա՝ մեր նպատակն է ունենալ առողջ, ազգային դաստիարակությամբ տոգորված բարոյական, քրիստոնեական սերունդ: Բնականաբար, այստեղ անելիք ունեն հեռուստաընկերությունները: Եթե ուզում ենք ունենալ այդպիսի հայրենասեր սերունդ՝ պետք է սկսենք ճանաչողությունից: Պետք է ավելացնել ճանաչողական հաղորդումները. «Ես ալիքը փոխում եմ, մեկ էլ տեսնումեմ, որ ահագին հաղորդումների կրկնություն կա: Կա մի հաղորդումների շարք, որ առավոտից իրիկուն մարդիկ ինչ-որ ճաշ են սարքում, հրավիրում են, թե ինչ ես սիրում ուտել, հա լավ, այդ ամեն ինչը չափ ունի, հո որկրամոլ չե՞նք: Ալիք կա, որ 2-3 նմանատիպ հաղորդում ունի: Այսինքն, մեր նպատակը ո՞րն է՝ ով ինչ լավ բորշչ է սարքում կամ ով ինչ լավ ձվածե՞ղ է սարքում: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Դրա փոխարեն, անցյալ տարի եղել է Շիրազի հարյուրամյակը: Շատ քիչ եմ տեսել, որ Շիրազին ներկայացրել են: Ինչի՞ է թվում, թե բոլորը գիտեն ով է Շիրազը, նոր սերնդին պետք է ամեն օր դաստիարակենք: Անցյալ տարի եղել է Արարատ- 73-ի փառապանծ հաղթանակի 40-ամյակը: Քանի՞ հաղորդում մենք տեսանք, բացի մեկ-երկու հաղորդումներից: Դրա համար չեմ կարծում, որ մեծ գումարներ էր պետք: Ցանկություն էր պետք, որ ներկայացնեինք մեր հերոսներին: Եղել է Խորեն Հովհաննիսյանի 60- ամյակը, չեմ տեսել, որ որեւէ հաղորդում անի»:

Նա մտահոգություն հայտնեց, որ նոր սերունդը այսօր չգիտի, թե ով է լեգենդար Սասուն Պասկեւիչյանը. «Պետք է ներկայացնենք: Մարդ, որը արժեքներ է ստեղծել, որը  ֆանտաստիկ երեւույթ է երգարվեստի մեջ: Պիտի անպայման 75-ամյակը լինի, 80-ամյակը լինի, որ մենք անդրադառնա՞նք»:

Ըստ Հովհաննես Մարգարյանի՝  էրոտիկ եւ սարսափ ֆիլմերի փոխարեն պետք է ցույց տան «Նամուս» եւ «Պատվի համար» ֆիլմերը. «Պետք է ցույց տան, որ հասկանան՝ հանուն պատվի մարդն ինչ զոհողության է գնում: «Նամուսը» ցուցադրեն, աննամուսները կքչանան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728