Լեւոն Հովսեփյանի կարծիքով՝ Թուրքիան պատրաստ է հասնել այն գծին, որը չի վնասի Թուրքիայի ազգային անվտանգությանը:
Թուրքագետ Լեւոն Հովսեփյանը փետրվարի 26-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Հայոց ցեղասպանության քննարկումը Թուրքիայում ունի մի քանի բաղադրիչներ:
«Այն գործընթացները, որ կային 2008-ից՝ հատկապես Դինքի սպանությունից հետո, երբ թուրք մտավորականները ակտիվացան, սկսեցին խոսել ցեղասպանության մասին բարձրաձայնել, միջոցառումներ կազմակերպել, 2008-ին ստորագրահավաք կազմակերպվեց, եւ 30 հազար թուրք ստորագրեց այդ փաստաթղթի տակ, այս ամենը մեզ մոտ ոգեւորություն առաջացրեց, որ կա նման գործընթաց: Իրականում, կա մի խնդիր. Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայում ընկալվում է որպես ազգային անվտանգության խնդիր: Այսինքն՝ Թուրքիան պատրաստ է գնալ այնտեղ, հասնել այն գծին, որը չի վնասի Թուրքիայի ազգային անվտանգությանը»,- ասաց նա
Թուրքագետի խոսքերով՝ Թուրքիան բարոյական հարթության մեջ կարող է գնալ գիտակցմանը եւ ճանաչմանը, բայց ոչ՝ ցեղասպանության: Իսկ Թուրքիայում տեղի ունեցած փոփոխությունները, հատկապես՝ արտաքին գործերի նախարարությունում, ըստ նրա, նախկին Թուրքիայի Հանրապետության փորձի վերամշակման տարբերակն է. «Այլեւս պարզ, բացարձակ հերքման միջոցով ընկալելի չես միջազգային հասարակության համար, փակուղի է, իսկ փակուղին մյուս կողմին, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությանը, սփյուռքին, ավելի մեծ հնարավորություն է տալիս: Այսինքն՝ պետք է որդեգրել մի այնպիսի մարտավարություն, որը էականորեն կսահմանափակի նրանց գործողությունները»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ