Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Փետրվար 26,2015 16:17

Փետրվարի 24-26-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով:

Ժողովն սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և գնահատանքի խոսքով: Նորին Սրբությունը նկատեց, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրական տարվա առաջին ժողովն է գումարվել, որի օրակարգում ընդգրկված են տարելիցին առնչվող արարողությունների կազմակերպչական հարցեր, եկեղեցական-թեմական զանազան խնդիրներ: Վեհափառ Հայրապետն արդյունավոր աշխատանք մաղթեց ժողովականներին` վստահություն հայտնելով, որ ժողովում ընդունված որոշումները կնպաստեն նախատեսված միջոցառումների ու հոգևոր արարողությունների բարեհաջող անցկացմանը և հոգևոր-եկեղեցական կյանքի առաջընթացին:

ԳՀԽ նիստերն ատենապետեցին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Ժողովին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն անդրադարձան ապրիլի 22-24-ը Հայաստանում և Մայր Աթոռում կազմակերպվելիք Սրբադասման արարողությանը և ոգեկոչման միջոցառումներին: Այս կապակցությամբ զեկույցներով հանդես եկան Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Քննարկվեցին ապրիլի 22-ի Հսկման արարողության, ապրիլի 23-ի Ս. Պատարագի և Սրբադասման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր, տեղեկություններ փոխանցվեցին սրբապատկերի և մասնատուփի պատրաստման, շարականի կանոնի բազմաձայնման գործընթացի մասին, ինչպես նաև հիշատակի այլ արարողություններին Հայ Եկեղեցու մասնակցության վերաբերյալ:

ԳՀԽ-ին ներկայացվեց, որ Մայր Աթոռի հրավերին ընդառաջ ապրիլի 22-24-ի արարողություններին կմասնակցեն 38 Եկեղեցիների, միջեկեղեցական և էկումենիկ կառույցների ու միջկրոնական կազմակերպությունների շուրջ 70 ներկայացուցիչներ, որոնց թվում դավանակից չորս Եկեղեցիների և երեք Ուղղափառ Եկեղեցիների պետեր, էկումենիկ կառույցների ութ նախագահներ և գլխավոր քարտուղարներ, Ուղղափառ, Կաթոլիկ, Անգլիկան և Բողոքական Եկեղեցիների պատվիրակություններ, եկեղեցականներ Ռուանդայից և Դարֆուրից: Արարողություններին կմասնակցեն նաև ներկայացուցիչներ աշխարհասփյուռ բոլոր հայոց թեմերից:

Գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքների համար` Գերագույն հոգևոր խորհուրդը հանձնարարեց նույն նախանձախնդրությամբ շարունակել նախատեսվող արարողությունների պատշաճ կազմակերպումը:

Գերագույն հոգևոր խորհրդին Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը զեկույց ներկայացրեցին Քույր Եկեղեցիների հոգևոր կենտրոններում և Սփյուռքի հայաշատ կենտրոններում կազմակերպվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությունների վերաբերյալ:

Ժողովականները քննության առան նաև Հայ Եկեղեցու Երիտասարդաց միավորման ընդհանուր ուղեցույցի նախագիծը, որի վերաբերյալ զեկույց ներկայացրեց ՀԵԵՄ պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Այս առնչությամբ տեղեկացվեց, որ 2015 թ. հուլիսին նախատեսվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարել ՀԵԵՄ պատգամավորական երրորդ ժողով:

Գերագույն հոգևոր խորհրդին Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի կողմից ներկայացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության 2014 թ. տարեկան հաշվետվությունը, որում անդրադարձ է կատարված անցնող տարում հայրապետական ընդունելություններին ու այցելություններին, ներեկեղեցական և միջեկեղեցական ասպարեզներում իրագործված ծրագրերին, Մայր Աթոռի միաբանությանը, Մայր Աթոռի բաժինների և թեմերի գործունեությանը, Եկեղեցու քարոզչական, կրթադաստիարակչական և սոցիալական առաքելությանը:

Տեղեկացվեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսության եկեղեցականության թիվը 737 է, որոնցից 56-ը` արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 43-ը` ծայրագույն վարդապետ և վարդապետ, 50-ըª աբեղա, 446-ը` քահանա, 142-ը` սարկավագ: Անցյալ տարի եպիսկոպոսական ձեռնադրության և օծման են արժանացել 3 վարդապետներ, ձեռնադրվել են 27 ամուսնացյալ քահանաներ, 22 սարկավագներ:

2014 թ. Մայր Աթոռի կառույցներում աշխատել է 982 անձ: 2014 թ. Մայր Աթոռ հոգևոր-կրթական հաստատություններում ընդհանուր թվով ուսանել է 230 սան, որից 104-ը` Գևորգյան հոգևոր ճեմարանում, 74-ը` Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, 39-ը` Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում, 23-ը` Քահանայից պատրաստման եռամյա լսարանում: Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանավորությամբ գործող 7 Հայորդյաց տներում, ուր հաճախում են ավելի քան 3000 երեխաներ և պատանիներ, 2014 թ. եկեղեցական, ազգային և պետական տոների առիթներով իրականացվել է 225 միջոցառում:

Անցյալ տարում Մայր Աթոռը շարունակել է քարոզչական ընդգրկուն գործունեություն իրականացնել ազգային մեր կյանքի տարբեր ոլորտներում` հանրակրթության ոլորտում, երիտասարդության շրջանում, ՀՀ Զինված ուժերում և Քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև Մայր Աթոռի անմիջական ենթակայության ներքո գտնվող վանքերում:

Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ 2014 թ. հունվարին հիմնադրված Մայր Աթոռի Սոցիալական ծառայության կենտրոնը բոլոր հնարավոր միջոցներով աջակցություն է ցուցաբերել ազգաբնակչության առավել կարիքավոր խմբերին: Հաշվետու տարում մեծ ծավալի հոգևոր խնամատարություն է իրականացվել, այդ թվում դրամական աջակցություն է ցուցաբերվել 25.000 հոգու:

Հայաստանի և Սփյուռքի թեմերում, Հայրապետական Պատվիրակություններում 2014 թվականին օծվել է 18 նոր եկեղեցի,  կառուցման և վերանորոգման փուլում է գտնվում 98 եկեղեցի: Թեմերից ներս գործել է 896 ծուխ և ծխական առաքելություն: Թեմերի հովանու ներքո գործել է 241 կիրակնօրյա դպրոց:

Ժողովին Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունեց նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2014 թ. ֆինանսական հաշվետու զեկույցը:

ԳՀԽ ժողովի ընթացքում զեկույցներ ներկայացվեցին Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի և Բուլղարիայի հայոց թեմերի առաջնորդների ընտրության գործընթացի մասին, ինչպես նաև քննարկվեցին Հոլանդիայի, Բելգիայի և Ծայրագույն Արևելքի եկեղեցական համայնքներին առնչվող հարցեր:

Ժողովը փակվեց Ամենայն Հայոց Հայրապետի պատգամով և «Պահպանիչ» աղոթքով:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728