Լրահոս
Օրվա լրահոսը

Գերագույն խորհրդի նախկին պատգամավորների վեճը

Փետրվար 26,2015 13:36

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր դիմել  Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը: Այսօր դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ պետք է լսվեր ընդդեմ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, գործարար Մեխակ  Գաբրիելյանի, Ռուբեն Մինասյանի «Էտոն թրայն» ՍՊԸ- «Գլոբալ Հաուսի»  (Լոնդոն)  գործի քննությունը: Սակայն պատասխանողները դատարան չէին ներկայացել, իսկ Սամսոն Ղազարյանը միջնորդեց, որպեսզի դատարանը նրանց ներկայությունն ապահովի:

Այս գործով Սամսոն Ղազարյանի լիազոր-ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վարդան Զուռնաչյանը: Aravot.am-ին Ս. Ղազարյանը տեղեկացրեց, որ դեռեւս 2011թ. հունիսի 7-ին Կենտրոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի պահանջի հիման վրա որպես հայցի ապահովում հայցագնի չափով արգելանք պետք է դրվեր Մեխակ Գաբրիելյանին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա: Ի դեպ, արգելանք է դրվել նախկին պատգամավորին պատկանող մի շարք՝ «Վան ՀԷԿ», «Աբգամ», «Տասման», «Գոլդեն ֆիլդ», «Էկոտրակ», «Գաբսաս» եւ այլ ՍՊ ընկերությունների դրամական միջոցների վրա: Ըստ դատարան ներկայացված հայցադիմումի՝ տեղեկացվում էր նաեւ, որ կատարողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Մ. Գաբրիելյանը հանդիսանում է 10 տնտեսվարող սուբյեկտների հիմնադիր-մասնակից: 2013թ. հոկտեմբերի 29-ին Մեխակ Գաբրիելյանի, այս գործով պատասխանող ճանաչված նաեւ Ռուբեն Մինասյանի եւ  «Էտոն թրայն» ՍՊԸ-ի միջեւ կնքվել է առուվաճառքի պայմանագիր: Ըստ Սամսոն Ղազարյանի՝ չնայած կատարվել են կատարողական գործողություններ, արգելանք է դրվել Գաբրիելյանին պատկանող գույքի վրա, սակայն իր օգտին որեւէ գումար չէր բռնագանձվել:

Ս. Ղազարյանը պահանջելու է անվավեր ճանաչել վերոհիշյալ առուվաճառքի պայմանագիրը եւ նկատի ունենալով, որ պարտապան Մեխակ Գաբրիելյանը օտարել է արգելանքի տակ գտնվող գույքը, ինչն անելու իրավունք նա չուներ՝ օրենքի համաձայն, ուստի պահանջվում է «Էտոն թրայն» ՍՊԸ-ի գրանցումը նույնպես անվավեր ճանաչեն: «Մեխակ Գաբրիելյանը իմանալով, որ իրեն պատկանող գույքը գտնվում է արգելանքի տակ, այն անօրինական օտարել է երրորդ անձի, որպեսզի կարողանա խոչընդոտել եւ անհնարին դարձնել դատարանի վճռով իրենից գումարի բռնագանձումը»,- ասում է Ս. Ղազարյանը: Ի դեպ, պայմանագրի առարկա հանդիսացող բաժնեմասերի ընդհանուր գինը կազմել է 180 մլն 467 հազար ՀՀ դրամ (444.500 ԱՄՆ դոլարին համարժեք):

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 26-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728