Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանի ու Վարդան Այվազյանի վեճը. «Ա՛յ մարդ, տնտեսագիտություն կա, ես ի՞նչ անեմ, արա՛»

Փետրվար 26,2015 13:26

Այսօր ԱԺ նիստում «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին «չարաբաստիկ» նախագծի շուրջ դարձյալ սկսվեց թեժ քննարկում:

Ինչպես տեղեկացրել ենք, բացի ՀՀԿ-ից, մյուս խորհրդարանական ուժերն ըմբոստացել էին, որ կառավարությունն օրենքն ուզում է անցկացնել 48-ժամյա ռեժիմով, արագացված:

Այսօր իր ելությում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր մտահոգությունները ներկայացրեց օրինագծի հետ կապված. «Նախագծի եզրակացության մեջ հստակ ասվում է, որ ՀՀ բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում այս օրինագիծը չի առաջացնում: Եթե բյուջեի մուտքերի եւ ելքերի վրա որեւէ ազդեցություն չունի օրենքի նախագիծը, ապա ինչո՞ւ բոլորին չեք ազատում շահութահարկից, ինչո՞ւ արտոնությունը չեք տալիս նրան, ով կարող է 5 մլրդ-ի ապրանք արտահանել, ինչո՞ւ եք անհավասար դաշտ ստեղծում մեր գործարար աշխարհի համար, հնարավորություն չեք տալիս, որ ամեն մեկը կարողանա արտահանել: Եզրակացության մեջ նաեւ ասվում է, որ նախագծի ընդունման դեպքում մրցակցության վրա ազդեցություն չի հայտնաբերվել: Մենք հիմա փորձում ենք կապել մեր աչքերը, ցույց տալ, որ տնտեսական դաշտում մրցակցություն չի առաջանալու, որեւէ ապրանքատեսակի մասին խոսք չկա: Այսինքն, նախապես նախագիծը գրելուց առաջ հայտնի է, թե որ տեսակի ապրանքների համար է սա գրվում, ում համար է գրվում եւ որ ապրանքներն են, որոնք մրցակցությունից դուրս են ՀՀ-ում»:

ՀՀԿ խմբակցության անունից հանդես եկող Վարդան Այվազյանը Հեղինե Բիշարյանին այսպիսի պատասխան տվեց, թե՝ լավ կլինի, եթե մի բանի մասին խոսում եք, ցավում եմ, կներեք էլի, բայց պարզապես պետք է մինիմալ այդ բանի մասին պատկերացնել, թե ինչի վերաբերյալ է օրենքը: Թե չէ մենք խոսում ենք ամեն ինչից, բացի բուն օրենքից:

Հեղինե Բիշարյանը արձագանքի թույլտվություն խնդրեց Գալուստ Սահակյանից՝ ասելով, որ իր անունը տրվել է, պետք է պատասխանի: Գալուստ Սահակյանն էլ կատակեց. «Ձեր անունը հնչել է, ի՞նչ անենք: Լավ անուն է, հնչեցրել են»:

Հեղինե Բիշարյանը շնորհակալություն հայտնեց Այվազյանին՝ «ջերմ» խոսքերի համար. «Պարոն Այվազյան, դուք ինձ հետ համաձայն  եք, որ 48 ժամում 3 օրինագիծ ունեցանք: Դուք էլ եք լավ հասկանում, որ մենք լավ ենք հասկանում, թե ինչ եք արել ու ինչ եք ուզում անել: Ու մեկ էլ սենց շտապ՝ 48 ժամվա ընթացքում 3 օրենքի նախագիծ չբերեք հրամցնեք մեկ օրենքի նախագծի շրջանակներում»:

Դիմելով Հրանտ Բագրատյանին՝ Վարդան Այվազյանն ասաց. «Եթե որեւէ մեկը կարողանում է այսօր ՀՀ-ից 50 մլրդ-ի ապրանք արտահանել, պետք է արտոնություն տալ: Ինձ ապացուցել է պետք, պարոն Բագրատյան, եւ այն մարդը, ով գալիս է այս երկրում փող է ներդրում, մենք հետեւյալ սկզբունքն ունենք, ով գալիս է ՀՀ պատրաստի արտադրանքը կարողանում է տանել, ինքը պետք է մյուսների նկատմամբ լինի որոշակի արտոնյալ վիճակում: Դա այդպես էր ձեր ժամանակից մինչեւ այսօրվա եկած օրենքներով: Գրված է քո բերած օրենքով՝ 1 մլն դրամը շահութահարկից ազատելու մասին օրենքով՝ ձեր առաջին բերած օրենքով: Կհիշեցնեմ ձեզ, պարոն Բագրատյան, ինչի՞ չես հիշում»:

Մինչ տեղից Հրանտ Բագրատյանը բղավում էր ու հակադարձում Վարդան Այվազյանին, վեճին միջամտեց Գալուստ Սահակյանը. «Միշտ խոսափողներն են, որ ձեզ տանում են պատերազմի»:

Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ «Պարոն Այվազյան, ձեր պատասխանները տիկին Բիշարյանի ասածների հետ կապ չունեն: Դուք ստանդարտ սիրուն ելույթ եք ունենում, առաջին հայացքից՝ ազդեցիկ: Բայց երբ որ սկսում ենք ուշադիր հետեւել ձեր մտքի թելին, իրար հետ անկապակցված մտքեր են: Եթե ուզում եք խրախուսել արտահանողներին, տվեք այդ 2 տոկոսը բոլորին: Կամ էլ փոքրիկ շեմ դրեք, որ ամեն բանով հարկայինը չզբաղվի»: Ինչ վերաբերում է իր ժամանակներին, Հրանտ Բագրատյանն ասաց, որ HSBS բանկին են տվել արտոնություն՝ 10 տարով, որովհետեւ այն ժամանակ մի միջազգային բանկ չկար Հայաստանում, որ փող փոխանցեր. «Ախր ձեր ասածը ոչ մի կապ չունի մեր ասածի հետ: Դուք ձեր ասածն եք ասում, մենք՝ մեր ասածը: Էդպես չի, այ մարդ, տնտեսագիտություն  կա, ես ի՞նչ անեմ, արա՛ ես կապ չունեմ դրա հետ»:

Գալուստ Սահակյանը խորհուրդ տվեց Հրանտ Բագրատյանին, որ այսուհետեւ խորությամբ լսի ամեն ինչ, որ Վարդան Այվազյանի միտքն էլ անկապակցված չթվա: Նա առաջարկեց, որ այս օրենքի քվեարկությունը հետաձգեն ավելի հարմար ժամանակ եւ հորդորեց Վարդան Այվազյանին, որ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկում կազմակերպի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728