Մինչդեռ Սերժ Սարգսյանը խոստացել էր՝ գազի գինը 5 տարի չի բարձրանա
Սերժ Սարգսյանի իշխանությունը ՀՀ քաղաքացիների համար նոր անակնկալ է պատրաստել. չի բացառվում, որ առաջիկայում կրկին բարձրանան գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները։ Առայժմ այդ ուղղությամբ ընթանում են բանակցություններ, եւ հայտնի չէ, թե դրանք ինչ արդյունք կունենան:
Երեկ ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է, թե Հայաստանը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում գազի նոր սակագնի վերաբերյալ։ Ռոբերտ Նազարյանի խոսքերով, սակագները կախված են մի շարք գործոններից, այդ թվում՝ դոլարի փոխարժեքի տատանումներից։ «Մասնավորապես՝ լուրջ դերակատարում ունի նաեւ դոլար-դրամ փոխարժեքի տատանումը, դրանով պայմանավորված՝ մենք սպասում ենք բանակցությունների ավարտին։ Հայկական կողմը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինը չփոխվի՝ դոլար-դրամ գներով պայմանավորված։ Ես բանակցությունների արդյունքների մասին որեւէ բան չեմ կարող ասել, ընդամենը կարող եմ ասել, որ նման բանակցություններ գնում են, որից հետո էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները եւ այդ գործընթացին մասնակցող ընկերությունները կկարողանան գնահատել եւ ներկայացնել համապատասխան հայտեր կամ չներկայացնել։ Այս պահին
դեռեւս անորոշ է վիճակը»,- ասել է նա։ Այլ կերպ ասած, հիմա հայկական կողմը ռուսների հետ բանակցություններ է վարում գազի սակագնի վերաբերյալ, եւ դրա արդյունքներից կախված է նաեւ էլեկտրաէներգիայի սակագինը։ Ու, դատելով Ռոբերտ Նազարյանի խոսքերից, չի բացառվում, որ ե՛ւ գազի, ե՛ւ էլեկտրաէներգիայի սակագներն այնուամենայնիվ թանկանան։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն Հայաստանում գազի սակագինը վերջին անգամ բարձրացրեց 2013թ. հունիսին, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը՝ 2014թ. հուլիսին։ 2013թ. դեկտեմբերին, երբ Սերժ Սարգսյանը ստորագրեց գազամատակարարման ոլորտի վերաբերյալ հայտնի սկանդալային համաձայնագրերը եւ տարիներ շարունակ գազի գնի գաղտնի թանկացումների արդյունքում Հայաստանի կուտակած 300 միլիոն դոլար պարտքի դիմաց ռուսական կողմին հանձնվեց «Հայռուսգազարդ» ընկերության վերջին՝ 20 տոկոս բաժնեմասը, իշխանությունները շտապեցին դա ներկայացնել որպես ձեռքբերում, ըստ նրանց, առաջիկա հինգ տարիներին այլեւս գազի գնի փոփոխություն տեղի չպետք է ունենա։ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը համաձայնագրերի ստորագրումից հետո հայտարարել էր, թե այնտեղ որպես գազի գին ամրագրված է 1000 խմ-ի դիմաց 189 դոլար, եւ այդ գինն առաջիկա հինգ տարիներին մնալու է անփոփոխ։ «Այս պայմանավորվածությունների արդյունքում գազի գինը չի նվազի, բայց ակնհայտորեն մեծ առավելություն է, որ այն չի ավելանա, որովհետեւ առաջիկա 5 տարվա համար կարողացանք ունենալ որոշակի վստահության պաշար՝ գազի գնի համար»,- ասել էր նա։
Իսկ նախորդ տարվա փետրվարին ԵԿՄ համագումարի ժամանակ, պատասխանելով պատվիրակներից մեկի հարցին, Սերժ Սարգսյանը գազային սկանդալային համաձայնագրերի մասին հայտարարել էր. «Ուզում եմ բոլորս միասին տեսնենք՝ այս գազի պայմանագրի էությունը ո՞րն է։ Իմ
կարծիքով, գազի պայմանագրի էությունն առաջին հերթին գազի գինն է։ … Այսինքն՝ մենք ունենք ամենացածր գնով գազ Հայաստանի Հանրապետության սահմաններում։ Հիմա երկրորդ՝ այդ պայմանագրով գազի գինը 5 տարով կապվում է ռուսական ներքին գնային համակարգին, եւ եթե այնտեղ թանկացումներ չլինեն, իսկ դուք տեսել եք Ռուսաստանի կառավարության որոշումը, որ գները չեն թանկանալու, մենք 5 տարի ունենալու ենք կայուն գին»,- ասել էր նա:
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում