Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան. «Սերժ Սարգսյանը դեռ ամբողջովին չի կարողացել դուրս գալ «գորշ կարդինալի» կերպարից»

Փետրվար 26,2015 12:37

«Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ իշխանության մեջ էին գիտական աշխարհի ներկայացուցիչներ՝ թեկնածուներ, լաբորանտներ… այդ մակարդակի մարդիկ:  Դժվար էր պատկերացնել, որ մինչև 1995 կհայտնվեին այնպիսի մարդիկ իշխանության մեջ, որոնք այսօր լուրջ դերակատարություն ունեն: Փոխվեց կրթական ցենզը. այսօր անհամեմատելի է 1990-1995 խորհրդարանի կրթական ցենզի հետ»,-այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Վիգեն Հակոբյանը:

Ըստ նրա՝ մեզ մոտ խորհրդարանում նույնիսկ քաղաքակրթության տարբերություն կա:

Դառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական իմիջի ձևավորման հարցին՝ պարոն Հակոբյանը նշեց. «Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նրա քաղաքական իմիջը ձևավորվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կրկնօրինակությամբ. կոշտ, պինդ տղամարդու իմիջ, կտրուկ, որը բոլոր հարցերը կտրուկ է լուծում: Նույնիսկ կայքերն էին նույն կերպ ձևավորված. երկու նախագահներն էլ սպորտով զբաղվող անձինք են»:

Դառնալով Վանո Սիրադեղյանի կերպարին՝ պարոն Հակոբյանն ասաց, թե մեզ մոտ սեքս սկանդալներում ներգրավված գործիչները գրավիչ են:

Aravot.am-ի հարցին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՞ քաղաքական իմիջը ում կրկնօրինակությամբ է արվում և արդյոք նրա իմիջի կերտման հետ կապված փոփոխությունները տեսանելի՞ էին նրա՝ փետրվարի 12-ի ելույթից հետո, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Չեն փորձում կրկնօրինակել: Նրա իմիջի վրա սկսեցին աշխատել դեռ երբ նախագահը նույնիսկ նախագահի թեկնածու էլ չէր: Նույնիսկ դիմել էին արտասահմանյան որոշ մասնագետնեին: Սկզբում վերլուծել էին, թե ինչ դուր չի գալիս ամենալայն շերտերին և փորձել են չկրկնել: Սերժ Սարգսյանի օրոք արտաքինից բավականին փափուկ ներքին քաղաքականություն է վարվում, հարցերը չեն դրվում այնպիսի կոշտությամբ, նախագահը բավականին համբերատար է: Մարդկային տեսակետից հակառակ կերպար փորձեցին ստեղծել»: Նա շարունակեց. «Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթում գրեթե պարզ ակնարկի տեսքով ասվեց, որ իր շրջապատը արդեն մեղադրում էր, որ ինքը բավականին փափուկ է և իրավիճակին չի տիրապետում: Մի իրավիճակ է ստեղծվել, երբ ներսում՝ թե ՀՀԿ-ում, թե ամենամերձավոր շրջապատում պահանջ էին դրել, թե վերջապես պետք է ձեռքը խփել սեղանին ու ցույց տալ, թե ով է տան տերը: Իմիջային տեսակետից ինքը ցույց տվեց, որ ինքը ուժեղ կերպար է, ուժեղ ձեռքի կարոտ միշտ էլ կա, գուցե նույնիսկ ավելացրեց իր վարկանիշը, բայց ավելի խոցելի դարձավ: Նա ստիպված էր իր շրջանակների պայմանները այնքան բարձրացնել, որ անմիջապես հարց առաջացավ՝ բայց արդյոք Ձեր շրջապատը… պարոն նախագահ»:

Ըստ պարոն Հակոբյանի՝ Սերժ Սարգսյանը չի կարողացել դուրս գալ «գորշ կարդինալի» կերպարից ու մանրամասնեց. «Նա մինչև նախագահ լինելը գորշ կարդինալի կերպար էր: Նրա ամենամեծ պրոբլեմն այն է, որ գորշ կարդինալից անցումը դեպի հանրային գործչի՝ լուրջ խնդիրների հետ է առաջնորդվում: Նրա թևավոր խոսքերը, որոնք 99 տոկոս դեպքերում անհաջող են լինում, տնային զագատովկեք չեն: Դա նրանից է, որ նախագահը չի սիրում երկար ժամանակ շփվել հանրային իրավիճակում: Ես դժվար եմ պատկերացնում, որ Սերժ Սարգսյանը կարող է 4-5 ժամ գրեթե առանց կիքսերի ասուլիս տալ, ինչպես Պուտինը: Իմ տպավորությամբ՝ երբ նրան հարց են տալիս, իր մտքերը ուրիշ տեղ են լինում, ու այդ պահին կարող է ասել, օրինակ՝ իյա՞, իրոք: Դա էլ իր թույլ կողմն է: Ես ունեմ այնպիսի տպավորություն, որ ինչ որ մի շրջանից սկսած իմիջմեյքերները նրանով սկսել են չզբաղվել»:

Ըստ պարոն Հակոբյանի՝ այժմ քաղաքական իմիջմեյքերության պահանջարկի բումը չէ. դա 1999-ականների վերջին  և 2008-ն էր: Հիմա պահանջարկը նվազում է: Ըստ փորձագետի՝ պատճառն այն է, որ քաղաքական մրցակցությունը նվազում է, քանի որ այլ գործիքների են դիմում. «Եթե աշխատում է չոր փողը, ապա շատ քաղաքական գործիչները չոր բիզնես հաշվարկ են անում»:

Դառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կերպարին՝ պարոն Հակոբյանը նշեց. «Նորմալ տղա է, ինքն իրենով աշխատում է, կիսվում է, ժլատ չէ: Իմիջմեյքերները վերցրել են իր ուժեղ կողմերը. բարի դեմքով տղա է, սովորական հասարակ տղա: Մինիմում պաշտոնական հարաբերություններ, մաքսիմում ախպերություն»:

Պարոն Հակոբյանը, իր փորձից ելնելով, հիշեց որոշ կուրյոզներ. օրինակ, որ կային  թաղապետի թեկնածուներ, որոնց դժվար էր սպիտակ վերնաշապիկ հագցնել, որ նկարեին, բայց շատ դեպքերում անսպասելիորեն կարող էին այնպիսի բառեր օգտագործել, որ չէինք էլ պատկերացնի, որ իրենք չեն ուզում իրենց «մաստը» փոխել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728