Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանահայ փախստականների հարցերը լուծելու համար Սերժ Սարգսյանը խորհուրդ է տվել դիմել Ալիեւին. փախստական

Փետրվար 26,2015 12:28

Փախստականները վրդովված են՝ մեր իշխանություններին չկարողացանք հասու դարձնել այն, որ ադրբեջանահայ փախստականների խնդիրը պետք է քննարկել բանակցային  սեղանի շուրջ:

Դեռեւս 2006 թվականից, երբ հիմնադրվեց «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը,  արդբեջանահայ փախստականները ղարաբաղյան հարցի կարգավորումից բացի նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից  պահանջեցին  հանդես բերել միասնական մոտեցումներ՝ հայ եւ ադրբեջանցի փախստականների խնդիրները  բանակացային սեղանի շուրջ քննարկելու միջոցով: Այսօր «Մեդիա Կենտրոնում», անդրադառնալով ադրբեջանահայ փախստականների չլուծված խնդիրներին, այս տեղեկությունը հայտնեց «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանը:

«Մեր իշխանություններին չկարողացանք հասու դարձնել այն հարցը, որ ադրբեջանահայ փախստականների խնդիրնները պետք է քննարկել բանակցային  սեղանի շուրջ»,-ասում է տիկին Ասատրյանը: Մինչդեռ, ըստ նրա,  ադրբեջանցիները ամենաբարձր մակարդակով՝ անգամ նախագահի մակարդակով, հնչեցնում են իրենց փախստականների խնդիրները, պահանջում իրենց փախստականների իրավունքների պաշտպանություն. «Նրանք այդ ամենը արել են բանակացային սեղանի շուրջ եւ հասել են հաջողության: Իրականում, բոլորը գիտեն, որ մարդիկ այնտեղ 27 տարի առաջ ենթարկվել են ցեղասպանության, տեղահանման, եւ որի համար այսօր ագրեսորը պատասխան չի կրում: Այդ մարդիկ իրավունք ունեն պահանջելու նյութական եւ բարոյական վնաս՝ իրենց կորցված հայրենիքի  եւ ունեցվածքի վերականգման համար»:

Անդրադառնալով այն փաստին, որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել էր, թե ադրբեջանահայ փախստականների սոցիալական եւ բնակարանային խնդիրները լուծված են՝ Էլեոնորա Ասատրյանը զարմանքով ասաց. «Շատ տարօրինակ է, որ այս մասին հայտնում է սփյուռքի նախարարը, նույնիսկ չգիտենք՝ ուրախանա՞նք,թե՞ ոչ:
Փախստականների սոցիալական խնդիրների մասին նախարարը տեղյակ չէ, այդ կարգի հայտարարություն անելու համար որոշակի փորձ էր պետք»:

Բաքվեցի համերկրացիների «Միասնություն» հ/կ նախագահ Ռոբերտ Խաչատուրյանն էլ ասուլիսին անդրադարձ կատարեց իշխանությունների կողմից փախստականներին պարտադրաբար անձնագրեր հանձնելու գործընթացին, նշեց, որ իշխանությունների այն հայտարարությունները, թե իբր իրենք զբաղվում են փախստականների ինտեգրմամբ, ապահովում են բնակության տեղերով, ուսումով եւ աշխատանքով, սուտ են:

«Նրանք, բռնի ուժով անձնագիր տալով, ստիպում են, որ ընդունենք քաղաքացիություն:  Երբ ասում են, որ բնակարան են տրամադրել հանրակացարանում, ապա դրա տարածքը 13 քառակուսի մետրից չի անցնում, ինչպե՞ս կարելի է դա համարել բնակվելու վայր, երբ հա՛մ զուգարանը, հա՛մ բաղնիքը, հա՛մ խոհանոցը՝ ամեն ինչ մի տեղում են: Սա հարցի լուծո՞ւմ է, սա սուտ է, ոչ ոք չի ասում կանգնեք եւ միջազգային հանրությանը մի ստեք, թե ինչպես եք զբաղվում  ինտեգրմամբ»,-վրդովված ասում է պրն Խաչատուրյանը:

Նրա խոսքով՝ 1988 թվականից իրենց խաբում են, ասելով, թե մոտակա տարիներին հայ փախստականներին բնակության տեղ կտան, սակայն այսքան տարի անցել է, իսկ հավատը կորել է նրանց մոտ: Մինչդեռ Ադրբեջան վերադառնալու մասին անգամ խոսք չի կարող գնալ: Իրենց համար ձեռնտու է Հայաստանում ապրել փախստականի կարգավիճակով, մինչդեռ, ըստ բանախոսների, իրենց, ստիպելով ընդունել քաղաքացիություն, զրկում են փախստականների համար նախատեսված հիմնարար իրավունքներից. «Քանի դեռ փախստականի կարգավիճակից բխող ոչ մի փոխհատուցում, նախ եւ առաջ, բարոյական փոխհատուցում չենք ստացել, ապա քաղաքացիություն ստանալու մասին խոսք գնալ չի կարող»: Ըստ բանախոսների՝ նույն  ճակատագիրն է սպասվում սիրիահայ փախստականներին:

«Ահազանգ» հ/կ  գործադիր տնօրեն Ջուլիետտա Երեմյանցն էլ պատմեց, որ մի անգամ, նախագահի ընտրություններից առաջ՝ նախընտրական քարոզարշավներից մեկի ժամանակ, ինքը մոտեցել է նախագահ Սերժ Սարգսյանին եւ հարցրել՝ ինչպե՞ս պետք է լուծվի փախստականների հարցը, ինչին նախագահը պատասխանել է՝ 20 տարի է անցել հլը փախստական կա՞: Բա մեր փոխհատուցման հարցը ինչպե՞ս պիտի լուծվի հարցին էլ նախագահը պատասխանել է՝ ինչի՞ եք ինձ ասում, Ալիեւին դիմեք:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728