Լրահոս
Օրվա լրահոսը

Նավթ ու գազ Սեւանո՞ւմ. «Հայկական ժամանակ»

Փետրվար 26,2015 11:41

«Բլեքսթերզ էներջի Արմենիա» ընկերությունը նավթ եւ գազ կորոնի Սեւանա լճի ափամերձ տարածքներում։

Հետազոտման տարածքն ընդգրկում է հիմնականում Հայրավանք, Ծաղկաշեն եւ Նորատուս ափամերձ գյուղերում։ Այս պահին ընկերության կողմից նավթի եւ գազի երկրաբանական ուսումնասիրության հայտը ՀՀ բնապահպանական նախարարությունում փորձաքննություն է անցնում։

«Բլեքսթերզ Էներջի Արմենիան» պետք է իրականացնի երկրաքիմիական ուսումնասիրություններ, սեյսմահետախուզական աշխատանքներ եւ փորի մեկ հորատանցք, որի համար էլ փորձաքննության կներկայացնի մեկ առանձին հայտ։ Քանի որ Հայաստանը սահմանակից է նավթի ու գազի հարուստ պաշարների տեր Իրանին ու Ադրբեջանին, «Բլեքսթերզ Էներջի Արմենիայում» մասնագետները գրեթե վստահ են, որ պաշարներ կարող են լինել նաեւ մեր երկրում եւ մասնավորապես՝ Սեւանում։ Եթե դա հաստատվի, ապա Սեւանը կվերածվի «սեւ ոսկու» հանքի։ Հետախուզական աշխատանքները, որոնց ծախսերը 11 միլիոն դոլար են, կիրականացվեն 2015-2016 թվականներին։ Ֆինանսավորող կողմը կանադական եւ իռլանդական գործարար շրջանակներ են։ «Blackstairs Energy Armenia»-ի հիմնադիրների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես շատ նման ընկերությունների դեպքում, Արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրում փակ է։

Հայաստանում գազ ու նավթ որոնելու հեռահար գործընթացը սկսվել է դեռ տարիներ առաջ։ 2007թ. ապրիլի 27-ին ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների, բնապահպանության նախարարությունների եւ «Բլեքսթերզ Էներջի» ընկերության միջեւ կնքվել է նավթի երկրաբանական հետախուզական եւ արտադրանքի բաժանման պայմանագիր, եւ ընկերությանը 5 տարով տրվել է համապատասխան լիցենզիա, որի ժամկետը երկարաձգվել է 2012 թվականին։ E-gov.am կայքի արխիվային փաստաթղթերից տեղեկանում ենք, որ 2011 թվականի մայիսի 20-ին կառավարությունը որոշում էր կայացրել Հայաստանի տարածքում նավթի եւ գազի հայտնաբերման նպատակով, մրցութային կարգով ուսումնասիրության արտոնագրեր տրամադրել։ Արդեն 2012-ի նոյեմբերի 1-ին կառավարության կողմից հաստատվել էր ընդերքը նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրության ենթարկելու նպատակով լիցենզիա տրամադրելու կարգը։ Այն ժամանակ դեռեւս Սեւանի եւ ընդհանրապես՝ որեւէ տարածքի մասին որեւէ խոսք չկար, եւ որեւէ մեկը չէր սպասում նման զարգացումների։

Ընդամենը ամիսներ առաջ էր, որ բնապահպանները մտահոգություն էին հայտնում Սեւանում ձկնաբուծության մեծ ծրագրի վերաբերյալ, իսկ այսօր ասպարեզ է բերվել քաղցրահամ ջրի՝ մեզ համար անփոխարինելի պաշար հանդիսացող լիճն ու նրա էկոհամակարգը հանուն բիզնես շահի ոչնչացնելու ավելի սարսափելի հեռանկար:

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728