ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունները, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները քննարկում են խորհրդարանական խումբ ձեւավորելու հարցը։
Այս օրերին ԲՀԿ-ական պատգամավորներին, այդ թվում նաեւ ԲՀԿ– ն լքածներին գտնելու համար մեծագույն ճիգեր են պահանջվում։ Նրանք խուսափում են լրագրողների հետ շփումներից, հեռախոսազանգերին հիմնականում չեն պատասխանում, պատահաբար պատասխանելու դեպքում էլ֊ հայտարարում են, թե որեւէ հարցի չեն պատասխանի։ Երեկ, այդուամենայնիվ, հաջողվեց մի քանի բառ փոխանակել ԱԺ ԲՀԿ խմբակցությունը լքած պատգամավորներից Գրիգորի Մարգարյանի հետ։
– Պարոն Մարգարյան, Ռուստամ Գասպարյանը երեկ հաստատել էր, որ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորները քննարկում են գործարար պատգամավորների խումբ ձևավորելու հարցը, այդպե՞ս է…
– Ճիշտն ասած, ձեզանից եմ լսում այդ նորությունը։ Առաջին անգամ եմ լսում։ Հետո, եթե գործարար, չեմ կարծում, որ ինձ է վերաբերում այդ գործարարությունը։ Ես ոչ մի հարցի չեմ ուզում պատասխանել։ Ռուստամը ասել է, Ռուստամին հարցրեք։
Կարդացեք նաև
– Բայց հնարավո՞ր է դա, թե ոչ։
– Ժողովրդական ասացվածք կա՝ ոչ մի բան այս կյանքում չի բացառվում։ Բայց չգրեք, որ ասել եմ՝ այդ խումբը ստեղծվելու է։ Թեեւ նորից եմ ասում՝ անհնարին բան այս աշխարհում չկա։ Իսկ խմբակցությունից դուրս գալու մասին էլ արդեն ասել եմ։ Ես, ամեն դեպքում, համալրել եմ անկախ պատգամավորների ցանկը։
– Երրորդ գումարման խորհրդարանում էլ դուք նման մի խմբի ղեկավար դարձաք։
– Ժամանակին ԱԺ-ում խմբեր կային, հիմա այդ խմբերը չկան։ Համաձայն կանոնակարգ-օրենքի, դրանք կարող են լինել, հիմա չգիտեմ։
Համաձայն ԱԺ կանոնակարգ– օրենքի 15 հոդվածի, առնվազն 10 պատգամավորներ կարող են ստեղծել պատգամավորական խումբ՝ Ազգային ժողովի նախագահին ներկայացնելով խմբի ստեղծման մասին իրենց ստորագրած հայտարարությունը։ Այս պահին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից արդեն դուրս են եկել մեծամասնական ընտրակարգով խորհրդարան անցած երեք պատգամավորներ՝ Գրիգորի Մարգարյանը՝ թիվ 11 ընտրատարածք, Դավիթ Քոչարյանը՝ թիվ 25 ընտրատարածք եւ Մելիք Մանուկյանը՝ թիվ 26 ընտրատարածքից, ով ԱԺ նախագահին դիմում է ներկայացրել մանդատից հրաժարվելու մասին, սակայն, ըստ հավաստի տեղեկությունների, չի պատրաստվում կրկնել հրաժարականը եւ արդեն եկող քառօրյայում կհայտարարի ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին:
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում