«Առավոտը» աստիճանաբար վերականգնում է իր պահոցի նյութերը՝ թե՛ այն հրապարակումները, որոնք միայն տպագիր տարբերակով են եղել, թե՛ այն հոդվածները, որոնք թեեւ արդեն զետեղված էին մեր կայքում, սակայն տեխնիկապես չեն համապատասխանում ժամանակակից «կայքային» պահանջներին: Հետադարձ հայացքը, ինչպես միշտ, օգտակար է: Դա վերաբերում է, մասնավորապես, մեր թերթի 1998 թվականի հունիսի 12-ի համարում հրապարակված Աննա Իսրայելյանի խորհրդարանական ռեպորտաժին, որը կոչվում է՝ «Սա տնտեսական նացիոնալիզմի, ֆաշիզմի դրսեւորում է»:
Այդպիսի գնահատական է տվել ազատական հայացքներ ունեցող վարչապետ Արմեն Դարբինյանը նրանց, ովքեր դեմ էին Երեւանի կոնյակի գործարանի վաճառքին (հիշեցնեմ, ֆրանսիական «Պերնո Ռիկարը» դրա համար վճարել է 30 միլիոն դոլար):
Ճի՞շտ էր արդյոք այդ վաճառքը, թե՞ սխալ՝ չգիտեմ: Վստահաբար կարող եմ ասել միայն, որ ֆրանսիական մենեջմենթով այս գործարանը բարեխիղճ հարկատու է եւ աշխատում է ամբողջությամբ թափանցիկ, «սպիտակ» դաշտում: Այն ժամանակ վաճառքի դեմ խոսող պատգամավորները շատ էին, բայց կարեւոր է ոչ այնքան նրանց «կողմ» կամ «դեմ» լինելը, որքան պատգամավորների բերած փաստարկների որակը: Կոմունիստ Խորեն Սարգսյան՝ արտասահման գնալիս հետներս միշտ հայկական կոնյակ ենք տարել՝ անգամ ընտանիքի լուսանկարի փոխարեն: Կոմունիստ Լեոնիդ Հակոբյան՝ «Եթե պետությունն ի վիճակի չէ այս գործարանը պահել՝ թող մեզ ասեն, մի ձեւ կգտնենք։ Էդ «Պեռնոյի» հետ էլ հարցերն ընենց կլուծենք, որ էլ Հայաստան չեն գա»: Վիգեն Խաչատրյան՝ վախենամ, օպերայի շենքն ու Մատենադարանն էլ վաճառեք: Վազգեն Սաֆարյան՝ չեմ զարմանա, որ Սեւանա լիճն էլ վաճառեք, Հայաստանը հայտնի է իր երեք «կ»-ով՝ կոնյակ, կոշիկ եւ «կոնսերվա»: Կրկին Խորեն Թռչունիչ՝ սրանից հետո գուցե եկեղեցիներն ու գերեզմաններն էլ վաճառեն:
Ինչպես տեսնում եք, 17 տարի անց փաստարկների որակը, դրանց մակարդակը չի բարձրացել:
Երբ խոսվում էր, ասենք, կուտակային կենսաթոշակի կամ շրջանառության հարկի իսկապես վիճելի օրենքների մասին, պատգամավորներից շատ քչերը գիտեին, թե ինչի մասին է խոսքը: Բայց քանի որ տարբերակ կա՝ պոպուլիզմ խաղալու, փաստարկները մոտավորապես այսպիսիք էին՝ «բա էս խեղճ ժողովուրդը մեղք չի՞», «բա դուք ուզում եք, որ բոլորը թողեն-գնա՞ն»: Այդ սրտաճմլիկ ճառերով, իհարկե, կարելի է վաստակել «սիրելի ռադիոլսողների» (ինչպես կասեր Արշակ Սադոյանը) համակրանքը: Բայց դրանով հնարավոր չէ շտկել ոչ հարկերի, ոչ էլ թոշակների խնդիրը:
Կարդացեք նաև
Չնայած պոպուլիզմի դրսեւորումները չեն փոխվել, տարբերություն, այնուամենայնիվ, կա. այսօր այդ ճառերը լսողների քանակն է քչացել, նախ՝ այն պատճառով, որ բնակչությունն է կրճատվել: Բայց առավել կարեւորն այն է, որ երկրում մնացածներին էլ այդ պոպուլիզմը սկսել է ավելի քիչ հուզել:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կարդալով «Առավոտը» 98 թվից սկսած ինտերնետային կայքով որտեղ պետք էր «տեղադրել հայկական տառերը» համակարգչի մեջ այն քաշելով «download» առավոտի կայքից , կարծում եմ որ «Առավոտը» վերականգնելով իր նյութերը ժամանակակից «կայքային» ստանդարտներով հնարավորություն է ստեղծում հին կարդացողներին վերանայել հին հոդվածները հեշտությամբ որի համար «շնորհակալություն» եվ բարի ավարտ.