Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում իր աշխատանքային այցն ավարտեց ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պատասխանատուն

Փետրվար 26,2015 10:05

Հարավային Կովկասում ճանաչողական այցի շրջանակներում փետրվարի 21-ին հնգօրյա աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Կոսինսկի Ֆրիցը:  Նա այցելել է մի շարք ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի իրականացման վայրեր և հանդիպել Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության, զբոսաշրջության ոլորտի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:  Տիկին Ֆրիցը կառավարում է Եվրոպայի և Եվրասիայի 13 երկրներին, այդ թվում` Հայաստանին տրամադրվող ԱՄՆ ՄԶԳ օժանդակության $200 միլիոն արժողությամբ տարեկան բյուջեն:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ընթացքում տիկին Ֆրիցը կարևորել է աջակցության երեք համաձայնագրերի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ կառավարության միջև համագործակցությունը տնտեսական զարգացման, ժողովրդավարության (ներառյալ քաղաքացիական հասարակության) և կառավարման, ինչպես նաև առողջապահական ու սոցիալական բարեփոխումների ոլորտներում: Կողմերը քննարկել են ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերությունները, ՀՀ կառավարության մի շարք ընթացիկ մարտահրավերներ ու առաջնահերթություններ, երկրի բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև բաց երկնքի քաղաքականությանը, հակակոռուպցիոն քայլերին, քաղաքացիական հասարակությանն ու ապակենտրոնացմանն առնչվող հարցեր: ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ քննարկվել են Հայաստանի տեսլականը և առաջընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրման գործընթացում, ինչպես նաև ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ներկայիս առաջնահերթությունները:

Այցի շրջանակներում տիկին Ֆրիցը այցելել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող մի շարք հաստատություններ, այդ թվում` Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, Երևանի թիվ 2 գիշերօթիկ դպրոց և Վանաձորի Ինֆոտուն: ԱՄՆ ՄԶԳ պաշտոնյան նաև մասնակցել է կլոր սեղան քննարկումների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և զբոսաշրջության ոլորտի գործընկերների հետ: Այդ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի քաղաքացիական հասարակությանը և հայ-թուրքական միջսահմանային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը:

Փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Ֆրիցի այցը նշանավորում է ԱՄՆ ՄԶԳ-ի երկու տասնամյակների համագործակցությունը Հայաստանի հետ: Հայաստանի կառավարության հետ ներկա համաձայնագրերի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը Հայաստանին ուղղված է բարձրացնելու երկրի տնտեսական մրցունակությունը, նպաստելու քաղաքացիական մասնակցությանը և լրատվամիջոցների լայն շրջանակի հասանելիությանը, ընդլայնելու որակյալ առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիությունը, և օգնելու երկրի առավել անապահով քաղաքացիներին հաղթահարել աղքատությունը:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728