Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ն առանց «հայկական Իվանիշվիլու»

Փետրվար 26,2015 15:30

ՀՀԿ-ԲՀԿ առճակատումը, այնուհետեւ շրջանառվող «հաշտության» մասին տեղեկությունները, կարծես, այնքան էլ համոզիչ չեն: Նկատելի է, որ որոշակի խմորումներ են դեռեւս ընթանում  ԲՀԿ-ի ներսում, ինչը բնական գործընթաց է:

ԲՀԿ պատգամավորները բոյկոտեցին խորհրդարանական աշխատանքները` խոստանալով առաջիկա օրերին հանդես գալ «հստակ, պարզ, անկեղծ պարզաբանումներով» եւ հանրությանն ու գործընկերներին ներկայացնել իրենց քայլերն ու ռազմավարությունը։
Անկախ այն բանից, որ Ծառուկյանը հետ է քաշվում քաղաքական պրոցեսներից, կա կուսակցություն, որում կգտնվեն կուսակցականներ, ովքեր, անկախ այն հանգամանքից, որ այդ կուսակցության եւ նրան սատարող ԶԼՄ-ների գործունեությունը Ծառուկյանի գործոնով է պայմանավորված եղել մինչ այժմ, հիմա պետք է փորձեն ապացուցել, որ իրենց քաղաքական պահանջներից հետ չեն կանգնելու: ԲՀԿ-ի այդ հատվածը ժամանակի ընթացքում հնարավոր է ոչ միայն կուսակցության նոր ղեկավարի, այլեւ առաջնորդի փնտրտուքի մեջ հայտնվի, հնարավոր է, որ նրանց ընդհատակից աջակցի նույն Ծառուկյանը կամ այդ կուսակցությունը ժամանակին ստեղծողը:

Նշանակում է՝ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթով թեեւ փոխվեց որոշակի իրավիճակ քաղաքական դաշտում, սակայն հնարավոր պրոցեսները կարող են զարգանալ իշխանության համար ոչ այնքան ցանկալի ուղղություններով:

Մյուս կողմից՝ ՀԱԿ-ն է, որը վստահաբար չի ցանկանա կորցնել գործընկեր կուսակցությանն ու նրա վստահությունը՝ անգամ այդ կուսակցության ներսում «խառնակիչների խմբակի» գոյության մասին ակնարկներից հետո, քանի որ առանց «լայն կոնսոլիդացիայի», ըստ էության, իր հռչակած նպատակների իրագործումը ՀԱԿ-ը վաղուց հնարավոր չի համարում:

Իմիջիայլոց, ՀԱԿ-ի վերջին գործողություններում նկատվում է նաեւ Սերժ Սարգսյանին ուղղված Տեր-Պետրոսյանի նամակը ստվերելու, մոռացության տալու մարտավարություն, ինչը եւս միանգամայն հասկանալի մարտավարություն է, մանավանդ, որ այդ երկխոսությունը, գոնե այս պահին, չստացվեց:

ՀԱԿ-ը, որը շարունակում է հրապարակային ելույթներով աջակցել Գագիկ Ծառուկյանին` նրա նկատմամբ իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը քննադատելով, մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու եւ վստահեցնում է, որ միեւնույն է` «պայքար», «դիմադրություն» լինելու է իշխանության նկատմամբ:

Այսօր տեղին է վերհիշել Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2014թ. մարտի 1-ի հանրահավաքում: Նա որպես «դրական տեղաշարժեր» կարեւորեց այդ օրը ԱԺ-ում ոչ իշխանական խմբակցությունների բեղմնավոր համագործակցությունը, ինչի շնորհիվ իշխանությունները, նրա բնորոշմամբ` «հայտնվել էին կատարյալ մեկուսացման մեջ»։ Տեր-Պետրոսյանը շեշտեց, որ 1999-ից հետո առաջին անգամ Հայաստանի օրենսդիր մարմինը հիրավի վերածվել է իրական խորհրդարանի, լուրջ քաղաքական քննարկումների եւ բանավեճերի թատերաբեմի. «Առաջին անգամ խորհրդարանական ընդդիմության գործողությունները դարձել են հետեւողական ու համակարգված, իշխանություններին ուղղված քննադատությունը` հիմնավոր, նրանց ապօրինությունների բացահայտումը` փաստարկված»։

Անցնելով ՀԱԿ-ի հետագա անելիքներին՝ Տեր-Պետրոսյանը նշել էր. «Հասկանալի է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլեւս անշրջելի է, իսկ եվրաինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին։ Ըստ այդմ, թե՛ Կոնգրեսը, թե՛ ընդհանրապես որեւէ քաղաքական ուժ իր հաշվարկները կատարելիս այսուհետեւ պարտադրված է մեկնել այս անժխտելի իրողությունից, քանի որ դրա անտեսումը, ծնելով սին պատրանքներ ու կեղծ օրակարգեր, կարող է հանգեցնել լուրջ սխալների ու վտանգավոր հետեւանքների։ Այս իրողության հաստատմամբ ինքնաբերաբար տրվում է նաեւ մեր դրած հարցի պատասխանը, այն է` Հայաստանն այսօր կանգնած է Մաքսային միությունում այնպիսի արժանապատիվ իշխանությամբ ներկայանալու խնդրի առջեւ, որը թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհում վայելած հարգանքի ու վստահության շնորհիվ ի վիճակի է այդ միության ընձեռած հնարավորություններն առավելագույնս ծառայեցնելու մեր ազգային շահերին, իսկ բացասական անդրադարձումները` հասցնելու նվազագույնի»։

Այնուհետեւ Տեր-Պետրոսյանը փաստեց, թե իր խորին համոզմամբ` իշխանափոխության պահը Հայաստանում լիովին հասունացած է, քանի որ առկա են դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները. «Արմատական փոփոխությունների իրականացման մտքին աստիճանաբար հակվում են նաեւ պետական ապարատի որոշ շերտեր, ինչպես նաեւ խոշոր գործարարների առանձին ներկայացուցիչներ, որոնց այս կամ այն չափի մասնակցությունը համաժողովրդական պայքարին կարող է վճռական դեր խաղալ իշխանափոխության գործընթացում, ինչպես դա տեղի ունեցավ, ասենք, Վրաստանում եւ Ուկրաինայում։ Այս առումով սիմպտոմատիկ պետք է համարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված պատգամները։ Թերահավատության անխուսափելի արձագանքներին միանգամից հակադարձեմ. ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց (ում հաջողվեց, շնորհիվ նաեւ Սաակաշվիլու խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել) կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից (ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիեւում)։ Ժամանակն է, հետեւապես, որ բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական շարժումները, պետական ապարատի գիտակից զանգվածը, գործարար աշխարհը հոգով ու մտքով ընկալեն Հայաստանի փրկության համար ներկայումս ստեղծված գերնպաստավոր պահի ողջ իմաստը, որովհետեւ այդ պահը կորցնելու պատասխանատվությունը ընկնելու է առանց բացառության բոլորիս վրա»։

Մարտի 1-ի տարելիցին մի քանի օր է մնում: Տեր-Պետրոսյանի վերոհիշյալ ելույթից մեկ տարի է անցել, երբ նա հերթական անգամ հանրահավաքի հիմնական ուղերձը ԲՀԿ ղեկավարի գովքը դարձրեց ու նրանով իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունը «Հայաստանի փրկության» ծրագիր հռչակեց: Գագիկ Ծառուկյանն այսօր, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, կանգնած է բիզնեսի մի մասը կորցնելու վտանգի առջեւ: Նրան «քաղաքական գործիչ», այնուհետեւ` իշխող կոալիցիաների, իշխող էլիտայի մաս, իհարկե, Տեր-Պետրոսյանը չէր դարձրել, այլ «ռեժիմը», այդ իսկ պատճառով, թերեւս, իշխանությունն ավելի ազատ է իրեն զգում՝ նրա նկատմամբ որոշակի «պատժիչ» գործողություններ իրականացնելով:

Բայց Գագիկ Ծառուկյանին «իշխանական բուրգից»` քաղաքական-բիզնես վերնախավից կտրողն, անշուշտ, Տեր-Պետրոսյանը դարձավ, բայց ոչ` իշխանափոխություն իրականացնելու հարցում հաջողելով: Լավ է, որ ՀԱԿ-ը Գագիկ Ծառուկյանի, Խաչատուր Սուքիասյանի վաստակը գնահատում է եւ երախտամոռ չէ, բայց երկար ժամանակ այդ հիմքի վրա քաղաքական պայքարը կառուցելը ու առաջ տանելը բարդ ճանապարհ է, եթե չասենք` Հայաստանի դեպքում անհնար, եթե, իհարկե, չհայտնվի մեծ կարողությունների տեր մեկ ուրիշ «փրկիչ»:

Բացի այդ, «բուրժուադեմոկրատական հեղափոխությամբ» իշխանափոխություն իրականացնելու անհրաժեշտությունը շեշտելով՝ այս ընթացքում այդպես էլ հստակ չդարձավ, թե ինչ գաղափարական, արժեհամակարգի տարբերություն կա «գործող ռեժիմի» եւ «բուրգը կազմաքանդող» ուժերի ու նրանց «հաղթանակին» սպասողների միջեւ: Գուցե այդ պատճառո՞վ չեն հաջողության հասնում ընդդիմություններն ու «ոչ իշխանությունները»: Սա, սակայն, քննարկման այլ թեմա է:

Մարտի 1-ի առաջիկա հանրահավաքը ուշագրավ քաղաքական մթնոլորտում է անցկացվելու: Հիմա, երբ իշխանությունները լծվել են Գագիկ Ծառուկյանի «ապաքաղաքականացման» գործին, ՀԱԿ-ը, որը երկար ժամանակ շրջանցում էր Մարտի 1-ի սպանդի պատասխանատուների հարցում Ռոբերտ Քոչարյանի անունը հիշատակելը, այժմ ավելի ազատ կզգա՞ դա անել, օրինակ, մարտի 1-ի հանրահավաքում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728