Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկը երգում է, մյուսը՝ արտասանում…»

Փետրվար 26,2015 14:30

ՀԱԿ-ի «կարապի երգը», ԲՀԿ-ի ճակատագիրը
եւ ընդդիմությանը սպասվող նոր խմորումները

«Անկախ իմ, հասարակության գնահատականներից ու ցանկություններից՝ փաստ է, որ հրաշալի քառյակ էր, հետո` եռյակ, բայց իբրեւ քաղաքական գործոն՝ այն Հայաստանում այլեւս գոյություն չունի, ու դրա վառ ապացույցը քառօրյայի առաջին օրվա աշխատանքն էր: Մինչեւ երեկ քիչ թե շատ, գոնե պառլամենտական հարթակում, իշխանության դեմ պայքարում ունեին միասնական դիրքորոշում, իսկ այդ օրը ականատես եղանք նրան, որ ԲՀԿ-ն բոյկոտեց խորհրդարանի աշխատանքները, մինչդեռ եռյակի մյուս ուժերը մնացին ԱԺ դահլիճում` որեւէ կերպ չարձագանքեցին էլ ԲՀԿ-ի քայլին»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով դիտարկմանը` եռյակի ուժերի ներկայացուցիչներից միայն Րաֆֆի Հովհաննիսյանի համարձակությունը բավարարեց հրապարակավ հայտարարելու, որ եռյակը` ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», այլեւս գոյություն չունի. ձեր գնահատմամբ՝ դա այդպե՞ս է, թե՞ եռյակի վերակենդանացման հույսեր դեռ կան, ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ուշագրավ է, որ խորհրդարանում ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցերին չեն պատասխանում ոչ միայն ԲՀԿ-ի ներկայացուցիչները, այլ նաեւ ՀԱԿ-ի ու «Ժառանգության»: Այն, որ Սերժ Սարգսյանին իմպիչմենտ անելու նախագծին ընդամենը չորս պատգամավոր կողմ քվեարկեց, իսկ տարբեր առիթներով Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին խոսող քաղաքական ուժերի ներկայացուցիչները նախագծին չմիանալու տարբեր պատճառաբանություններ բերեցին, մեր զրուցակցին թույլ է տալիս արձանագրել, որ իշխանափոխությունը եւ նախագահի իմպիչմենտը Հայաստանում արհեստական խնդիր են. «Դե՞մ եք Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին, միացեք իմպիչմենտի գործընթացին, ոչ թե երկու ժամ հետո ձերը բերեք: Քանի դեռ ամեն մեկը վերմակն իր վրա է քաշում, պիտի ունենանք այն ընդդիմությունը, որն ունենք»: Նախօրեին եւ երեկ խորհրդարանում բուռն քննարկումների, պատգամավորների` միմյանց անգամ վիրավորանքների ու պիտակավորումների առիթ դարձավ եռյակի ներկայացրած նախագիծը` Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին: Ընդ որում, դա հաջորդեց Նիկոլ Փաշինյանի ներկայացրած` Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագծի շուրջ բուռն քննարկումներին: «Մեկն ասաց` ես չկամ, մյուսը համոզում էր, որ հանի, երրորդն էլ ասում էր` իրավաբանական ձեւակերպումները սխալ են. դրանից երկու ժամ հետո եկան, ու նույն բանն իրենք էին առաջարկում: Այսինքն՝ ի՞նչ է անում ՀԱԿ-ը: ՀԱԿ-ն առաջնորդվում է` պոլի փայտ լինի, ՀՀՇ-ից լինի հնացած սկզբունքով»,- նկատեց Էդուարդ Շարմազանովը` հավելելով. «ՀԱԿ-ը ցայտնոտի մեջ է, որովհետեւ իրենց քաղաքական հաշվարկները չարդարացան: Տեր-Պետրոսյանի հայտնի քաղաքագիտական վերլուծությունից հետո ՀԱԿ-ը դարձավ ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի կցորդը: ԲՀԿ-ն երեկ դիմեց բոյկոտի, հրաժարվեց հանրահավաքային պայքարից, ռադիկալ գնահատականներից ու հռետորաբանությունից, բարիկադներից. մարդիկ տեսան, որ իրենք լուսանցքում են հայտնվել, վագոնը քաշող ուժը չկա: Կարծում եմ` դա ՀԱԿ-ի կարապի երգն է»:

AJ

Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին նախագծի քննարկումների ժամանակ պատգամավորները մատնանշեցին անգամ միմյանց հագուստները (մանրամասներին ծանոթացեք Aravot.am կայքում), բիզնեսները եւ այլն: Բուն նախագծի մասով մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ նախագծի տակ առաջին ստորագրությունը խորհրդարանական քառօրյան բոյկոտող ուժի քարտուղարի ստորագրությունն էր. «Ու եթե այդ կարեւորագույն հարցի նախաձեռնողները դահլիճում ներկա չէին, հետեւաբար այլեւս խոսել եռյակի մասին՝ անգամ ծիծաղելի է: Դրանից ես ցնծության մեջ չեմ: Ես քանիցս ասել եմ, էլի եմ կրկնում` Հայաստանին պետք է ուժեղ ընդդիմություն, իսկ դրա համար թայֆաբազարական մտածելակերպից պետք է դուրս գանք եւ հստակ գաղափարական պայքար տանենք»: Դիտարկմանը` խորհրդարանի ամբիոնից հնչող իշխանական կուսակցությունը ներկայացնող պատգամավորների ելույթներն ու որակումները խոսում էին հենց նրա մասին, որ իշխանությունն իր հաղթանակն էր տոնում, մեր զրուցակիցը հակադարձեց. «Յուրայինների նկատմամբ հաղթանակներ չկան: Կա իշխանություն-ընդդիմություն պայքար: Այս գործընթացում իշխանությունը ցույց տվեց, որ ինքն ավելի ամբողջական է, ծրագրային է, ունի ռազմավարություն, առաջնորդ եւ տեսլական: Լավ, թե վատ՝ մի կողմ թողնենք: Իմ կարծիքով` լավ: Իսկ ի՞նչ ունի ընդդիմությունը: Ոչինչ: Միայն աղճատված դաշտ: Երեկ դահլիճում մի պահ ՀՀԿ-ականները չէին խոսում, ինձնից աջ՝ իրար ուտում էին: Չմիջամտեցի, անհարմար էր, բայց մի պահ մտքովս անցավ` էս է՞լ է ՀՀԿ-ն մեղավոր»:

Հարցին` հատո՞ւկ չմիջամտեցիք, որ ընդդիմության «դեմքը պատռվի», Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ իրականում ընդդիմությունը բազմաշերտ է, ազնիվ ու անկեղծ մարտիկներ շատ կան. «Դրա համար չցանկացա, որ բոլորին նույն սանրով սանրեմ: Դրա համար էլ ասացի, որ Հայաստանում ոչ թե կառավարման ճգնաժամ է, այլ ընդդիմության ու ոչ իշխանական ուժերի մի հատվածի ճգնաժամ: Մենք այլեւս այն վիճակում ենք, որ հայհոյելը քիչ է, պայքարը պետք է լինի ծրագրային: Ամեն ինչի դեմ խոսում են, բայց ԵՏՄ-ին անդամակցությունը ՀԱԿ-ն էլ, ԲՀԿ-ն էլ իշխող ՀՀԿ-ից առաջ էին գովում: Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխող ուժի ներկայացուցիչներից լավ էր հիմնավորում: Նույնը` հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ: Հիմա էլ ասում են` արտաքին քաղաքականությունը վատն է: Սրան ի՞նչ ասես: Հայաստանին պետք է գաղափարական ընդդիմություն եւ իշխանություն: Խնդիրն ամենեւին էլ անձերը չեն, խոսքը երեւույթի մասին է: Հասարակությունը գիտի, թե ՀՀԿ-ն ինչ է ասում: Իսկ ընդդիմությունն ի՞նչ է ասում` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» նույն հարթակում` տարբեր բաներ: Դրա համար էլ նախորդ օրը Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Ալեքսանդր Արզումանյանն իրենց ավելի շատ քննադատեցին: Երբ ընդդիմության նպատակը դառնում է ռեւանշը` դա շատ վտանգավոր է: Դրա համար էլ ես բերեցի բուրբոնների օրինակը: Քաղաքականության մեջ չի կարելի ռեւանշիստական նպատակներով առաջնորդվել»:

ՀԱԿ-ի գոյությունը բնութագրեցիք, «Ժառանգությունը» դեռ վերջին նախագահական ընտրություններում հստակեցրեց իր դիրքը քաղաքական դաշտում, ԲՀԿ-ին ի՞նչ է սպասվում՝ մեր հարցին ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Իրենք պետք է քննարկեն, որոշեն: Գործընթաց է գնում` մի մասը կուսակցությունից է դուրս գալիս, ոմանք մանդատից են հրաժարվում, ոմանք ԱԺ նիստերի դահլիճից երգելով են դուրս գալիս, ոմանք արտասանում են… ես չգիտեմ՝ իրենք պետք է ասեն (հիշեցնենք` երգում էր ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը, արտասանում՝ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը-Ն. Գ.): Ամեն դեպքում ԲՀԿ-ում ես տեսնում եմ բազում խելացի մարդիկ, եւ ինձ համար ընդունելի է, որ իրենց մոտ առողջ դատողությունը հաղթեց, ու մարդիկ չգնացին բարիկադների ճանապարհով»: Մեր զրուցակիցը շարունակում է պնդել, որ անկախ կուսակցական պատկանելությունից` ոչ քաղաքական էլեմենտները քաղաքական դաշտում չպետք է որոշիչ լինեն, քաղաքական գործիչների դեբատի նյութը պետք է գաղափարը լինի, ու եզրակացնում է. «Քանի դեռ ընդդիմությունը համախմբվում է կոնկրետ անձի շուրջ` խնդիրներ է ունենալու»: Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է, որ երբ ամիսներ առաջ ինքը հայտարարեց, թե հայաստանյան բոլոր քաղաքական գործընթացներն անցնելու են Մելիք-Ադամյան փողոցով, որտեղ ՀՀԿ-ի գրասենյակն է, ընդդիմադիրները չհասկացան հիմնական ուղերձը եւ սկսեցին քննադատել իրեն: Մինչդեռ ընդդիմադիրները պիտի որ հասկանային` իշխող ՀՀԿ-ն ազդեցիկ, նաեւ կառուցվածքային առումով հզոր ուժ է, ու ՀՀԿ-ին հնարավոր չի լինելու անտեսել: Բացի այդ, այսօր շատ ընդդիմադիրներ են սկսել խոսել այն մասին, որ ուղղահայաց քաղաքական համակարգից անցում պետք է կատարել հորիզոնական համակարգի: «Սուպերառաջնորդից` սուպերթիմերի»,- ինչպես բնութագրեց Նիկոլ Փաշինյանը:

Եթե ամփոփենք վերջին ներքաղաքական իրադարձությունները, կարող ենք փաստել` առաջ դեպի սահմանադրական բարեփոխումներ. ե՞րբ է նախատեսված հանրաքվեն` դիտարկում-հարցին Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հարցը հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակում է: Իսկ նախագահ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ փետրվար-մարտ ամիսներին կհստակեցնի ժամկետը: Սահմանադրական բարեփոխումներին կհետեւե՞ն արտահերթ խորհրդարանական ընտրություններ` հարցին էլ մեր զրուցակիցն ասաց, որ Հայաստանում արտահերթ զարգացումների անհրաժեշտություն չի տեսնում, ընդդիմությունն էլ ավելի կարեւոր խնդիր ունի` ինքնամաքրվելու, քաղաքական լուսանցքից դուրս գալու. «Ընդդիմության դաշտում էլի խմորումներ կլինեն: Ինչպես երեկ իմ գործընկերներից մեկն ասաց` սկսվել է պայքար օժիտի համար»: Հստակեցնող դիտարկմանը` իշխանությանն է դա պետք, Շարմազանովը պատասխանեց, որ արտահերթ ընտրությունների համար Սահմանադրությամբ նախատեսված որեւէ նախադրյալ չկա: Նա նաեւ հավելեց, որ պառլամենտում, բացի ՀՅԴ-ից, կան էլի քաղաքական ուժեր, որոնք կողմ են սահմանադրական բարեփոխումներին` եթե դրանք միտված են կուսակցական ու քաղաքական համակարգն ամրացնելուն: Իսկ որ դրանք հենց այդ նպատակն ունեն՝ ԱԺ փոխխոսնակը չի կասկածում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728