Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Գրիգորյանի բնակարանը մեջ-մե՞ջ են արել

Փետրվար 26,2015 13:00

Ավանի թաղապետը բնակհաշվառման է վերցրել, բայց Գրիգորյանների ընտանիքն այդպես էլ իրենց նոր բնակարանը չի տեսել

Տասնյակ տարիներ է՝ Սամվել Գրիգորյանին չի հաջողվում պարզել, թե իրեն հասանելիք բնակարանն ում է բաժին ընկել: Ընտանիքի 4 անդամներով՝ ամուսիններով եւ երկու աղջիկներով, երկար տարիներ ընդամենը 19,3 քառակուսի մետրում ապրելուց հետո Գրիգորյանների ընտանիքում բնակարան ունենալու հույս է բացվել, սակայն այդպես էլ այդ տան երեսը չեն տեսել:

Երբ սկսել է հետաքրքրվել իր բնակարանի ճակատագրով, Սամվել Գրիգորյանին անհայտ անձինք ահաբեկել են, զգուշացրել՝ «ձեռ քաշել»: Մտավախություն ունենալով, որ երեխաներին մի վնաս կտան, Սամվել Գրիգորյանը մի որոշ ժամանակ իր մտադրությունից հետ է կանգնել, սակայն այսօր որոշել է մինչեւ վերջ պայքարել եւ պարզել, թե իր բնակարանին ովքեր են տիրացել:

Առաջին անգամ Գրիգորյանների՝ բնակարանային պայմանները բարելավելու հավանությունը 1987 թվականին տվել է Երեւան քաղաքի սովետական շրջանային գործադիր կոմիտեն, որը հանձնաժողովի որոշման հիման վրա որոշել է Սամվել Գրիգորյանին իր ընտանիքի 4 անդամներով վերցնել բնակարանային հաշվառման ընդհանուր հերթացուցակում:

Սամվել Գրիգորյանը կնոջ եւ երկու երեխաների հետ բնակվում է Ավան-Առինջ թաղամասի 3/12 շենքի թիվ 24 բնակարանում: Նրանց բնակարան տրամադրելու երկրորդ որոշումը՝ արդեն 1999 թվականին, կայացրել է Ավանի թաղապետը՝ հիմք ընդունելով Խորհրդային շրջգործկոմի որոշումը: Թաղապետի տեղակալ Մ. Մուրադյանը թիվ 75 որոշման մեջ նշել է. «Հիմք ընդունելով բնակարանային հաշվառման հանձնաժողովի առաջարկությունը՝ քաղաքացի Սամվել Գրիգորյանին ընտանիքի 4 անձով վերցնել բնակհաշվառման թաղապետարանի բնակելի ֆոնդի երկու սենյականոց բնակարանի ընդհանուր հերթացուցակում»:

Թաղապետարանի պաշտոնյաները որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրել են բնակարանային եւ կոմունալ տնտեսության բաժնի վրա, որի ղեկավարն այդ տարիներին եղել է Ա. Խաչատրյանը: Որոշման կատարման հսկողությունն էլ վերապահվել է թաղապետարանի աշխատակազմի քարտուղար Վ. Մեխակյանին:

Սակայն անցել են տասնյակ տարիներ, բայց Գրիգորյանների բնակարանն այդպես էլ այս ընտանիքին չի հասել: Մեզ հետ զրույցում Սամվել Գրիգորյանը պատմեց, որ հերթացուցակում եղած մյուս բնակիչներն իրենց բնակարանները վաղուց ստացել են, բայց երբ ինքը սկսել է հետաքրքրվել իր բնակարանով, տարբեր պատճառաբանություններով բնակարանի տրամադրումը հետաձգել են: Մի օր էլ ասել են, որ նրա բնակարանը չկա: Նրա բնակարանը մեջ-մեջ արած որոշ պաշտոնյաներ այնպես են հետքերը մաքրել, որ անգամ արխիվային փաստաթղթերն են վերացվել:

Սամվել Գրիգորյանն անցյալ տարի Ազգային արխիվից հարցում է արել՝ պահանջելով խորհրդային տարիների որոշումը, սակայն արխիվից պատասխանել են, որ Խորհրդային շրջխորհրդի գործկոմի 1987 թվականի նիստերի արձանագրություններում Գրիգորյաններին բնակհաշվառման վերաբերյալ տեղեկություն չի հայտնաբերվել: Մինչդեռ գործկոմի որոշումը Սամվել Գրիգորյանի ձեռքի տակ է, դրանից մեկ օրինակ բնակիչն ունեցել է:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728