ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
2014 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովում ԵՏՄ պայմանագրին ՀՀ միանալու մասին պայմանագրի վավերացումից հետո ներհայաստանյան սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական իրադարձությունների գլխապտույտ հարահոսում անտեսվեց-մոռացվեց-ջնջվեց այն ամոթալի քվեարկությունը, որն ավարտին հասցրեց Հայաստանի Հանրապետության վաճառքը Ռուսաստանի Դաշնությանը: Մինչդեռ դեկտեմբերի 4-ին հաջորդած ներհայաստանյան՝ շուրջ եռամսյա իրադարձությունների խելակորույս շուրջպարը սկսել էր հենց դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի տխրահռչակ քվեարկությամբ: Այդ մահաբեր շուրջպարն այժմ ներառել է թե՛ ներհայաստանյան, թե՛ Հայաստանի շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձությունները: Ազգային ժողովի դեկտեմբերի 4-ի քվեարկությամբ՝ Հայաստանի քաղաքական անկախության կորստով, ավարտվեց Հայաստանի Հանրապետության վաճառքը օտար պետությանը: Այդ վաճառքը հնարավոր դարձրեց այն ազատ անկումը, որի մեջ հայտնվել է ետդեկտեմբերչորսյան Հայաստանը:
1.
Գնդակահարված
անկախությունը
2015թ. հունվարի 12-ի՝ Գյումրիում սեփական տան մեջ Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամների անողոք գնդակահարությունից հետո Հայաստանի Հանրապետությունում, չնայած հասարակական լայն շրջանակների պահանջին եւ հակառակ պետականության տարրական տրամաբանության, սուգ չհայտարարվեց:
Կարդացեք նաև
Այս զարհոււրելի իրադարձությունից մի քանի օր առաջ՝ հունվարի 7-ին, ի հիշատակ Փարիզում Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության դեմ իրականացրած ահաբեկչության 12 զոոհերի, Ֆրանսիայի իշխանությունները քառօրյա սուգ հայտարարեցին, իսկ ֆրանսիական քաղաքներից մեկի հրապարակը վերանվանվեց Charlie Hebdo: Հունվարի 12-ին՝ նույն օրը, երբ գնդակահարվեց Ավետիսյանների ընտանիքը, ողջ Փարիզը, եվրոպական մեկ տասնյակ պետությունների ղեկավարների մասնակցությամբ, ավելի քան մեկ միլիոնանոց քայլերթի դուրս եկավ՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի, ի պաշտպանություն խոսքի ազատության, ի դատապարտումն ահաբեկչության:
Փարիզյան սպանդից մեկ ամիս անց՝ փետրվարի 14-15-ին, Դանիայի Թագավորության մայրաքաղաքում՝ Կոպենհագենում, իսլամիստ ծայրահեղականը ներխուժեց թատրոնի դահլիճ եւ սպանեց ազատ խոսքին նվիրված հանրային քննարկման մասնակիցներից մեկին, իսկ մեկ օր անց քաղաքի սինագոգի մոտ սպանվեց մի հրեա: Դանիայում իջեցվեցին պետական դրոշները, իսկ վարչապետն անձամբ մասնակցեց եւ ելույթ ունեցավ հիշատակի միջոցառմանը:
Փարիզում եւ Կոպենհագենում տեղի էին ունեցել քաղաքական ահաբեկչություններ, եւ հիշատակի միջոցառումները նաեւ ահաբեկչության դատապարտում էին նշանակում:
Գյումրիի ոճրագործությունից հետո Հայաստանում ոչ միայն սուգ չհայտարարվեց, այլեւ իշխանության միջամտությամբ փորձեցին խանգարել հիշատակի հանրային միջոցառումը՝ մոմավառությունը: Ակնհայտ էր, որ պետական մակարդակով սուգ հայտարարելու իրավունքը Երեւանը վերապահել էր Մոսկվային, իսկ պետականորեն սուգ հայտարարել նշանակում էր ընդունել, որ Գյումրիի ոճրագործությունն իրականում քաղաքական ահաբեկչություն է: Գյումրիի ահաբեկչությունն իրականացրած Վալերի Պերմյակովը պարզապես ազգությամբ ռուս մոլագար մարդասպան չէր, նա Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող էր՝ իր հնարավոր հանցակիցներով եւ դրդիչներով:
Գյումրիի ահաբեկչությանը հաջորդած իրադարձությունները եւ Սերժ Սարգսյանի սարսափահար լռությունն ավելի վկայեցին, որ Մոսկվան իրականում կիսախելագար ձեւացող Պերմյակովի միջոցով զգուշացնում է ոչ այնքան Սերժ Սարգսյանին, որքան՝ Հայաստանի հանրությանը, նախեւառաջ նրանց, ովքեր ըմբոստանում էին Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության կորստի եւ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության դեմ:
Հայաստանում ոչ ոք չէր վստահում ՀՀ դատաիրավական համակարգին, որը աղմկահարույց սպանությունները բացահայտելու վարքագիծ, որպես կանոն, չէր դրսեւորել, սակայն Պերմյակովի հանձնումը ՀՀ իրավապահներին նշանակում էր ցուցաբերել պետական եւ մարդկային արժանապատվություն, որոշումներ կայացնելու ինքնուրույնություն, սեփական երկրում սեփական օրենքները հարգելու վարքագիծ. այն ամենը, ինչից ինքն իրեն զրկել էր պաշտոնական Երեւանը:
Գյումրիի ահաբեկչությանը նախորդել էր 2014թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի պատմական նիստը, երբ ՀՀ խորհրդարանը քվեարկությամբ վավերացրեց ԵՏՄ պայմանագրին ՀՀ միանալու մասին պայմանագիրը, իրականում՝ Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության վաճառքի պայմանագիրը: 2014թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության վաճառքը սկիզբ դրեց հայկական պետականության ավարտին՝ վերածվելով պատմական ողբերգության: Գյումրիի ահաբեկչությունն այդ պատմական ողբերգության արյունոտ վերջերգն էր: Վերջերգն այն քաղաքական գործընթացների, որոնք իրականացնում էին հայաստանյան բեմում՝ ղարաբաղյան ծագմամբ հայ գործիչները՝ հայաստանցի իրենց խաղընկերների հետ:
Սերժ Սարգսյանին հաջողվել էր Հայաստանի վաճառքը Ռուսաստանին իրականացնել հնարավորինս թանկ գնով՝ իր իշխանության եւ քաղաքական թիմի պահպանման դիմաց՝ բռնապետություն հաստատելու միանձնյա իրավունքով: Մոսկվան վճարել էր այդ գինը՝ իրավազուրկ, հպատակեցված, ահաբեկված Հայաստան ստանալու համար: Հայաստան, որն իրականում Մոսկվայի համար ավելի մեծ արժեք չուներ, քան ՌԴ-ին բռնակցված Ղրիմը: Մոսկվայի համար ավելի կարեւոր էր պատժել Հայաստանին եւ հայերին՝ Ռուսաստանից անկախ հայրենիք ունենալու ձգտումների համար:
2014թ. Հայաստանի վաճառքը Ռուսաստանին 2015թ. ավարտվեց ենթադրաբար պատահականության սկզբունքով ընտրված Ավետիսյանների ընտանիքի գնդակահարությամբ: Նրանց փոխարեն կարող էր գնդակահարվել յուրաքանչյուր հայ ընտանիք՝ Գյումրիում, Երեւանում կամ Հայաստանի այլ քաղաքներում: Գյումրիում իրականացված ահաբեկչությամբ գնդակահարվում էին Հայաստանի անկախության ձգտումները: Գնդակներից ծանակված անկախության դրոշը ծածանվում էր նրանց գլխավերեւում, ում համար Ռուսաստանը դեռ երեկ Հայաստանի անվտանգության երաշխավորն էր:
Գյումրիի ահաբեկչությունից հետո Հայաստանից ՌԴ հենակետերի եւ զինուժի դուրս բերումը դարձավ հրատապ եւ անհետաձգելի, քանի դեռ մեկ այլ ռուս զինծառայողի թիրախում չի հայտնվել մեկ այլ հայկական ընտանիք:
2.
Դեպի ահաբեկված
Հայաստան
2014թ. նոյեմբերի 24-ին ԵՏՄ-ին ՀՀ հնարավոր անդամակցությանը նվիրված խորհրդարանական լսումների, ապա եւ՝ ԱԺ դեկտեմբերի 1-4-ի նիստերի ընթացքում, (ընդհանրապես՝ ներահայաստանյան հանրային բանավեճում) «Դեպի ԵՏՄ» եւ «Հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսներով հանդես եկողները, ովքեր Ռուսաստանը հռչակել էին որպես Հայաստանի անվտանգության ապահովման երաշխավոր, պատրաստ էին օտար պետությանը հանձնելու երկրի անվտանգությունը: Այսօրինակ վարքագիծն աստիճանաբար քարոզչական հնարքից վերածվել էր անհերքելիության չափ կարծրացած քաղաքական համոզմունքի: Այդօրինակ քարոզչության եւ համոզմունքի առաջ բերած աղմուկն այնքան բարձր էր, որ խլացնում էր սթափության եւ ողջամտության բոլոր կոչերը: Սեփական ուժերին ապավինելու հույսերը ճզմվում էին հայ-ռուսական միջպետական անհավասար հարաբերությունների հրասայլի երկաթե թրթուրների տակ:
Սակայն երբեմնի խորհրդային հանրապետությունների եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ հարաբերություններն աստիճանաբար կորցնում էին իրենց երբեմնի հմայքը նախկին ԽՍՀՄ տարածքում չդադարող հեղափոխությունների, այդ երկրների ներքին կյանքին ինքնակալական Ռուսաստանի կարծր միջամտության ձգտումների, միջէթնիկական եւ ազգամիջյան բախումների հրահրման հետեւանքով: Նախկին խորհրդային տարածքում միակ երկիրը, որ լռելյայն ընդունել էր ռուսական հպատակությունը, Հայաստանն էր: Աշխարհաքաղաքական սպառնալիքներին դեմ հանդիման կանգնած Մոսկվան չէր կարող ձեռքից բաց թողնել Հայաստանը, որը նրա համար վերածվել էր Ալլադինի կախարդական լամպի, որը կարող էր կատարել նրա բոլոր ցանկությունները: Բացի այդ: Հայաստանը կարող էր դառնալ այն մահաբեր հովիտը, ուր հանգչում էին ժողովրդավարության, ազատության եւ անկախության ձգտումները: Այդպիսի Հայաստան կառուցելու համար ոտքի էին հանվել ոչ միայն իշխանության, այլեւ արմատական եւ չափավոր ընդդիմադիր բոլոր ուժերը:
Որքան արտաքին աշխարհում սեղմվում էր օղակը Ռուսաստանի շուրջ, այնքան Մոսկվան տենդագին ձգտում էր վերադարձնել իր նախկին ազդեցությունը խորհրդային տարածքում: Նմանօրինակ իրավիճակում էլ 2008թ. մարտի 1-ի հայկական հեղափոխության պարտությունից մեկուկես տարի անց` 2010թ. օգոստոսի 20-ին, Երեւանում ստորագրվեց «ՌԴ եւ ՀՀ միջեւ երկկողմ թիվ 5 Արձանագրությունը», որով Հայաստանում ռուսական հենակետերի տեղակայման ժամկետը երկարաձգվեց 49 տարով:
Հետագայում, չնայած հայ-ադրբեջանական սահմանին չդադարող հրաձգություններին, չնայած զոհերի թվի պարբերական աճին, չնայած Ռուսաստանի` Ադրբեջանին սպառազինելու եւ ռազմական հարձակողական տեխնիկայի պարբերական վաճառքին, չնայած Մոսկվայի նախաձեռնած ՀԱՊԿ ռազմաքաղաքական կառույցին ՀՀ անդամակցության անհեռանկարայնությանը, Ռուսաստանը Հայաստանում պաշտոնապես համարվում է ՀՀ անվտանգության երաշխավոր:
Դեկտեմբերի 4-ից մի քանի օր անց միջազգային տնտեսական պատժամիջոցներից խեղդամահ արվող Ռուսաստանի տնտեսության փաստացի փլուզումը սասանեց նաեւ այդ տնտեսությանը կցված Հայաստանի տնտեսությունը: Ռուսաստան ԵՏՄ քաղաքացիների ազատ տեղաշարժի արգելքները, ԵՏՄ շուկայի չգոյությունը ի չիք դարձրեցին բոլոր նրանց հույսերը, ովքեր Հայաստանի ռազմական, տնտեսական եւ քաղաքական ապագան տեսնում էին Ռուսաստանի հետ եւ կամ ՀՀ անվտանգությունը պայմանավորում էին Ռուսաստանով:
Աստիճանաբար ակնհայտ էր դառնում, որ այդեւայլ բոլոր սպառնալիքները թափվում էին Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիների գլխին 2014թ. դեկտեմբերի 4-ի` 103 «կողմ», 7 «դեմ», 1 «ձեռնպահ» արձանագրած քվեարկության հետեւանքով:
Հայաստանի ինքնիշխանության վաճառքին եւ քաղաքական անկախության կորստին ԱԺ միայն յոթ պատգամավորներ հստակ «դեմ» քվեարկեցին: «Իրար հերթ չտալով՝ քաղաքական գործիչներից շատերը քննադատում էին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը, բայց այսօր 103 «կողմ» ձայները ցույց տվեցին, որ բացի 7 պատգամավորից, մնացածն իրենց քվեարկությամբ համաձայնեցին, որ նախագահի վարած արտաքին քաղաքականությունը ոչ միայն ընդունելի է, այլեւ նրանք ծափահարում էին այդ քաղաքական կուրսին»,- դեկտեմբերի 4-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո արդեն կարող էր հայտարարել այդ 103-ից մեկը` ՀՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը (https://www.aravot.am/2014/12/04/522094):
Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ մեկտեղ այդ 103-ի վրա է ընկնում Հայաստանը վաճառելու սոսկալի պատասխանատվության ծանր բեռը: Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի սասանումը եւ տնտեսական շուկաների նեղացումը, Հայաստանի տնտեսության փլուզման վտանգը, Գյումրիի ահաբեկչությունը, հայ-ադրբեջանական սահմանի հրետակոծության հետեւանքով զոհվածների թվի աճը, Ցեղասպանության 100-ամյակի միջազգայնացման ձախողումը, բռնատիրության հաստատման ձգտումները սկիզբ են առել դեկտեմբերի 4-ի 103 «կողմ» քվեներով: Նրանց՝ այդ 103 պատգամավորների քաղաքական եւ իրավական պատասխանատվության խնդիրը նույնքան կարեւոր է եւ անհետաձգելի, որքան Հայաստանի տարածքից ՌԴ հենակետերի եւ զինուժի դուրս բերումը:
Ապահովելով կամ պարտադրելով դեկտեմբերի 4-ի քվեարկությունը` Սերժ Սարգսյանը դրանով քանդեց իր իշխանության պահպանման հնարավոր բոլոր խոչընդոտները: Այդ չհասկացան ԵՏՄ-ի պայմանագրին ՀՀ միանալու մասին «կողմ» քվեարկած ՀԱԿ-ը (բացի Նիկոլ Փաշինյանից), ԲՀԿ-ն (բացի քվեարկությանը չմասնակցած 15 պատգամավորներից), ՀՅԴ-ն (բացի զգուշորեն ձեռնպահ քվեարկած Աղվան Վարդանյանից): Միակ խմբակցությունը, որը ողջ կազմով «դեմ» քվեարկեց, «Ժառանգությունն» էր:
Մինչդեռ պարզ էր, որ ԵՏՄ-ն դառնալու էր հենց այն գմբեթը, որի տակ կարող էր պատսպարվել Սերժ Սարգսյանի իշխանությունը: Դեպի Եվրոպա չընթանալու համար այլեւս հանդիմանողներ չէին մնացել: ԵՏՄ-ում ավելի ապահով էր անգամ չափավոր ընդդիմադիր կուսակցությունը ջարդելու, ԶԼՄ-ների վերահսկողությունն ամբողջացնելու, ի վերջո՝ բռնապետություն հաստատելու համար: Սերժ Սարգսյանի ընտրությունը հենց այդպիսի Հայաստան էր: Դեպի ահաբեկված Հայաստան՝ իրականում սա էր գրված Սերժ Սարգսյանի նախընտրական դրոշին:
Այս քաղաքական ողբերգությունն այսպես էլ կարող է ավարտվել, մանավանդ որ Սերժ Սարգսյանը վերջապես կատարեց իր ծանր առաքելությունը՝ Հայաստանը վաճառեց Ռուսաստանին, եթե Հայաստանը չվերադարձվի իր օրինական տերերին` ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին: Եթե անգամ այդ վերադարձի գինը նույնքան մեծ է, որքան Հայաստանի վաճառքի գինը:
Իհարկե Ձեր մտքերը իրենց մեջ ունեն ճշմարտության տարրեր , բայց բավականին հեռու են ամբողջական ճշմարտոթյունից: Ձեր մոտ մտորումների տեղիք չի տվել ԽՍՀՄ-ի համեմատաբար անարյուն կազմալոծման փաստը: Միթե՞ ԽՍՀՄ-ը կարող էր (ընդունակ էր) քաղաքակիրթ կազմալուծում իրագործել: Համոզիչ չէ: Փորձենք ժամանակով ավելի առաջ գնանլ: Հետխորհրդային բոլոր երեւույթները պատահական (տարերային) չէին: Դրանց կազմակեպված ( ԽՍՀՄ վերնախավի կողմից , Ռուսական իմպերիան կործնումից փրկելու , ինչու չէ հետագայում ավելի ընդարձակելու նպատակով հետքայլ) լինելու վարկածը ունի գոյության իրավունք: Փորձենք մտովի վերլուծել մեր անցած 24 – 26 տարիները այս վարկածի գոյության համատեքստում եւ կունենանք այլ տրամաբանություն , այլ տիպի քաղաքականություն : Այսինքն մեր իշխանությունների նպատակը մեր Երկրի , անկախության ամրապնդումը չի եղել, այլ ընդհակառակը թուլացնելը: Ստացվում է , որ նրանք երեքն էլ ազնվորեն իրենց գործն են կատարոել եւ շարունակում են կատարել , իհարկե ծառայելով իրենց վերադասին: Մտադրություն չունեմ երկար խոսելու , փորձեք ինքներդ վերլուծել եւ կտեսնեք , որ երկիրը ծախել են 24 տարի առաջ ապառիկով , իսկ վարձատրությունը այսօրվա կներեք « безпредел » – ն է: Մեծ հավանականությամբ դա այդպես է:
Հարգելի Սամվել, եթե շարունակեմ հոդվածս, ապա կնշեմ, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների՝ ռուսական տարաբնույթ ազդեցությունից ազատվելու ժամանակափուլերը ես կբաժանեի երկու մասի՝ առաջինը ԽՍՀՄ-ի փլուզմանն անմիջապես նախորդող 2-3 տարիները, ապա և՝ նախկին հանրապետությունների մի մասի՝ արևմտյան զարգացման ուղղության ընտրության և օրինական, Մոսկվայի ազդցեթյունից դուրս գտնվող իշխանություններ ձևավորելու ժամանակհատվածը, վերջին 10-15 տարիները: Ես հոդվածում հենց այդ ժամանակահատվածն եմ ակնարկում: Բացի այդ: ԽՍՀՄ փլուզման քննարկումն այս հոդվածի նյութը չէր: Եվ վերջինը. անկեղծ ասած, չգիտեմ դա՞ եք ակնարկում, թե՞ ոչ, սակայն ՛՛դավադրութունների տեսությանը՛՛ չեմ հավատում:
Այո դա…