Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հարությունյանի «կյանքը սկսվեց»

Փետրվար 26,2015 12:30

ՀՀ վաստակավոր նկարիչը ներկայացել է բացառիկ ցուցահանդեսով

Ժամանակակից արվեստի թանգարանում փետրվարի 18-ին բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանի (լուսանկարում) «Ու կյանքը սկսվեց…» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչեւ 25-ը: Ցուցահանդեսի համակարգողն է Նյու Յորքի եւ Դուբայի բիենալեների տնօրեն Պիետրո Ֆրանեզին:

Anna_Harutyunyan_3

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Աննա Հարությունյանի 12 աշխատանքներն իսկապես մեծ հետաքրքրություն էին առաջացրել ոչ միայն արվեստասերների, այլեւ մշակույթի տարբեր ոլորտների ճանաչված, անվանի մասնագետների շրջանում: Ցուցահանդեսի թատերականացված մեկնարկը տրվեց Երեւանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի երգչախմբի (ղեկավար՝ Կարինե Դավթյան) կատարմամբ կոմիտասյան ու եկմալյանական մեղեդիների հնչյուններով. թանգարանի սրահ մոմերով մուտք գործեցին երգչախմբի արտիստները՝ սեւ եւ սպիտակ զգեստներով, թատերականացված ներկայացրին հայ ժողովրդի ընկճված վիճակը եղեռնից հետո, սակայն աստիճանաբար «վերակենդանանալով», արտիստները մոտեցան ցուցադրված նկարներին ու մի պահ դրանց առջեւ քարացան՝ հիշատակի մոմերը ձեռքներին…

Փիլիսոփայական խորագրով այս միջոցառման առիթով Աննա Հարությունյանը մեզ հայտնեց, որ իր յուրաքանչյուր կտավ վերնագրված է՝ «Աշխարհի ստեղծման գաղափարը», «Աշխարհի յոթ խորհրդանիշները», «Աշխարհի խաչելությունը» եւ այլն, սակայն մոնումենտալ՝ մոտ 3 մետր բարձրությամբ այդ կտավների անունները, որ առաջին հայացքից ժայռապատկերներ են հիշեցնում, արվեստագետը ցուցադրելիս մտածված չի նշել, որպեսզի յուրաքանչյուր այցելու ինքը մեկնաբանի ու ընկալի յուրովի: Օրինակ, մի նկարի շուրջ բուռն քննարկում էր. ոմանք գտնում էին, որ դա Քրիստոսի խաչելությունն է, մյուսները՝ մայրական արգանդից դուրս եկող մարդ… Հեղինակը մեզ ասաց, որ ըստ էության արվեստասերները կտավը ճիշտ են ընկալել. «Ես դա վերնագրել եմ «Հրեշտակ մարդու ծնունդը», որն ըստ էության, իհարկե, ծնունդ է, հենց մարդ հրեշտակի, որը Քրիստոսի օգնությամբ է ծնվում»:

Anna_Harutyunyan_2

Աննա Հարությունյանից հետաքրքրվեցինք ցուցահանդեսի «հեռակա» համակարգող Պիետրո Ֆրանեզիով: Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ շուրջ մեկ տարի առաջ իր կայքի միջոցով են բարեկամացել, որին հաջորդել է պարոն Ֆրանեզիի այցը Հայաստան: «Երեւանում Պիետրո Ֆրանեզիին ես ծանոթացրի կոլեգաներիս՝ Աշոտ Ավագյանի, Գեւորգ Քասաբյանի, Լիլիթ Խաչատրյանի, Հարություն Սամուելյանի աշխատանքների հետ: 2014թ. դեկտեմբերից մինչ այսօր նշածս նկարիչների ցուցահանդեսներն արդեն բացվել են Հայաստանում, շատ շուտով կմեկնարկի նաեւ Գայ Ղազանչյանի անհատական ցուցահանդեսը, որոնց համակարգողն է պարոն Ֆրանեզին: Նա հիացած է հայ նկարիչների ստեղծագործություններով եւ առաջարկել է իբրեւ համակարգող որոշ գործեր ցուցադրել նաեւ 2015թ. հոկտեմբերին Նյու Յորքում եւ 2016թ.՝ Դուբայում»,- ասաց արվեստագետը:
Առաջին անգամ 1995թ. Գերմանիայում, այնուհետեւ աշխարհով մեկ անհատական ցուցահանդեսներով հանդես եկած նկարիչը կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ կոլեգաների շրջանում ուզում է կամեցող արվեստագետի անո՞ւն ձեռք բերել՝ Պիետրո Ֆրանեզիին ծանոթացնելով նրանց հետ, Աննա Հարությունյանը ժպտալով ասաց, թե իր տեսակն է այդպիսին, հետո էլ պատասխանեց. «Իմ ու կոլեգաներիս ստեղծագործական ձեռագիրը տարբեր են: Փառք Աստծո, աշխատանքներս մշտական ցուցադրության են դրված Վենետիկի, Գերմանիայի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում… Եղեռնի 100-ամյա տարելից ենք նշում եւ պետք է հատկապես արտերկրում մեր ստեղծագործություններով թնդացնենք հայի անունը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728