«Այս ամիսները իմ կյանքի ամենատանջալի ամիսներն են եղել, բայց ես մի բանով եմ մխիթարվում, որ Սամվելն ապրեց այնպես, ինչպես ցանկացավ ապրել, արեց այն, ինչ ցանկացավ անել»,- թարգմանիչ, հրապարակախոս Սամվել Մկրտչյանի տան բակում հուշատախտակի բացումից հետո Խնկո Ապոր գրադարանում կազմակերպված հուշ-երեկոյի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վաղամեռիկ Սամվել Մկրտչյանի այրի Նաիրա Զոհրաբյանը: «Նա երբեք պայմանականությունների չենթարկվեց, մնաց ազնիվ, մնաց անկաշառ, մնաց իր խղճի հետ միշտ մաքուր: Երբ Լիոնում էինք, Սամվելի կյանքի վերջին օրերին, հիվանդանոցում, ինքը այսպիսի մի բան ասաց. «Այո, ես ուզում եմ ապրել, բայց ես ոչ մի բանի համար չեմ փոշմանում և եթե վերադարձնելու լինենք ամեն ինչ` ես իմ ապրած ոչ մի օրվա և արված ոչ մի քայլի համար ո՛չ ափսոսում եմ , ո՛չ էլ փոշմանում: Ես ապրել եմ այնպես, ինչպես ապրել եմ»,- հիշեց Նաիրա Զոհրաբյանը:
Տիկին Զոհրաբյանն ասաց, որ իր համար քիչ մեծություններ են եղել, ում առաջ պատրաստ է գլուխ խոնարհել՝ Հրանտ Մաթևոսյան, Լևոն Խեչոյան և ԻՐ Սամվել Մկրտչյանը: «Ես հիշում եմ, երբ Հրանտ Մաթևոսյանը հիվանդ էր, նա շատ քիչ մարդկանց հետ էր կարողանում շփվել և այդ քչերից մեկը ես ու Սամվելն էինք: 2002թ-ին Հրանտը խնդրեց մեզ, որ իր հետ գնանք Ամբերդ` նա հրաժեշտ էր տալիս Հայաստանում իր բոլոր սիրած վայրերին, ու Սամվելը նրան հարցրեց` վարպետ, դու ինչի՞ չես գրում ցեղասպանության մասին: Հրանտ Մաթևոսյանը պատասխանեց, որ դա սարսափելի է, նա չի կարող այդ մասին գրել: Բայց հետո եկանք տուն ու Սամվելը մի թղթի վրա գրառում արեց»,- հիշեց նա ու հնչեցրեց այդ տողերը. «Սեփական մահը նկարագրելու համար մարդ պիտի իրեն առողջ զգա: Սեփական չարորակ ուռուցքը նկարագրելու համար անհրաժեշտ է նախևառաջ առողջ լինել»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Նոր Նորքի այն շենքի վրա, որտեղ ապրել Սամվել Մկրտչյանը, հուշատախտակ է տեղադրվել ընտանիքի նախաձեռնությամբ: Առաջիկայում հուշատախտակ կտեղադրվի նաեւ Գյումրիում` Սամվելի տան պատին: «Ծրագիր կա Գյումրու տունը դարձնել Սամվել Մկրտչյանի տուն-թանգարան: Մտադրություն կա նաեւ սահմանելու նրա անվան թարգմանական մրցանակ»,- տեղեկացրեց Նաիրա Զոհրաբյանը:
Սամվել Մկրտչյանն այսօր կդառնար 56 տարեկան:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ