Լրահոս
Օրվա լրահոսը

Թամար Հովհաննիսյանի «Չտեսնված Մհերը» (Ֆոտոշարք)

Փետրվար 25,2015 22:25

Այսօր՝ փետրվարի 25-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Ձմեռային այգում կայացավ դերասանուհի եւ  բեմադրիչ՝ Թամար Հովհաննիսյանի «Չտեսնված Մհերը» եռալեզու գիրք-պատկերաշարի շնորհանդեսը, որը հրատարակել է  «Անտարես» հրատարակչությունը: Գրքի խմբագիրն է Զավեն Բոյաջյանը: Մհեր Մկրտչյանի այրու՝ Թամար Հովհաննիսյանի շնորհիվ գրքում զետեղվել են բացառիկ տեղեկություններ, լուսանկարներ եւ փաստեր Մհեր Մկրտչյանի կյանքից:

Gohar_3

Շնորհանդեսը հատուկ բեմադրված էր, եւ այդ ամենի հեղինակը, ինչպես նշեց տիկին Թամարը, արձակագիր Հովհաննես Թեքգյոզյանն էր: «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը փաստեց, որ հանրությանն իսկապես չտեսնված ու չլսված Մհեր է ներկայանում:

Gohar_4

ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը Մհեր Մկրտչյանի հետ կապված դրվագներ պատմեց, նա վարպետին համեմատեց նրա  խաղացած  ու ամենասիրելի կերպարի՝ Սիրանո դե Բերժերակի հետ, որը չնայած ներքին դրամային, կարողանում էր ուրախացնել իր շրջապատող մարդկանց:

Gohar_5

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը հիշեց 1993-ի դեկտեմբերը, երբ Մհեր Մկրտչյանը բաժանել էր ստեղծած արտիստական թատրոնի բոլոր դերասանների աշխատավարձերը, գնացել իր տուն ու այլեւս չէր, վերադարձել: Նա նաեւ շեշտեց, որ այն ինչ Թամար Հովհաննիսյանը գիտի, շատերը  դեռ չգիտեն:

Gohar_1

Անվանի դերասանի այրին հուզված էր, շնորհակալություն հայտնելով «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանին ու գրքի վրա աշխատած բոլոր մարդկանց, շեշտեց հատկապես խմբագիր Զավեն Բոյաջյանի ջանքերը: Ասաց, որ վերջինս տառացիորեն ստիպել է իրեն «ներսում» եղածը հանձնել գրչին:

Gohar_6

 

«Դա իմն էր, չէի ցանկանում բաժանվել, բայց հասկացա, որ պետք է Մհերին վերադարձնեմ իրեն սիրող ժողովրդին»,- նշեց Թամար Հովհաննիսյանը: Նաեւ ժպտալով հավելեց, որ եթե ցանկանում ենք ավելի շատ բան իմանալ Մհերի Մասին, ուրեմն Զավեն Բոյաջյանը պետք է իրեն էլի ստիպի հուշերը հանրության սեփականությունը դարձնել: Թամար Հովհաննիսյանն ասաց, որ իրական Մհեր Մկրտչյանը ամենեւին էլ նման չէր իր կերտած խեղճ ու միայնակ մարդկանց, նրա ձեւակերպմամբ ամուսինը ուժեղ էր ու զորավոր, եւ քանիցս պնդել է. «Երբեք ինձ չխառնես իմ կերտած կերպարների հետ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728