Այսօր գրող, թարգմանիչ, հրապարակախոս Սամվել Մկրտչյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 56 տարեկան:
2014 թ. դեկտեմբերի 7-ից Ս. Մկրտչյանը մեզ հետ չէ, սակայն նրա բացակայությունը, ինչպես բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսն է ասում, խիստ պայմանական է. «Սամվելի թողած հրաշալի ժառանգությունն այնքան մեծ է ու տարողունակ, որ երբեմն մոռանում ես այն ստեղծողի բացակայությունը (չեմ ուզում ասել մահը): Քաղաքում շրջելիս էլ ինձ երբեմն թվում է, թե ուր որ է կհանդիպեմ Սամվելին»,- ասում է բանաստեղծը:
Նրա դիտարկմամբ` մեր գրականության մեջ մեծ թռիչքներն սկսվել են այն ժամանակ, երբ դրանց նախորդել են թարգմանական մեծ թռիչքներ. «Հիշենք 7-րդ, 14-16-րդ դարերը, Մխիթարյանների մեծ դպրոցը, 20-րդ դարի մեր մեծ թարգմանիչներին` Համազասպ Համբարձումյան, Կարպիս Սուրենյանց և այլ վառ անհատականություններ: Ահա Սամվելի անունը մեր թարգմանական գրականության մեջ այս մեծությունների կողքին է: Եթե անգամ նա միայն Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը» թարգմանած լիներ, դա էլ բավական կլիներ, որ մենք նրա մասին խոսեինք:
Հրաշալի թարգմանիչ լինելուց բացի, նա նաև շատ լավ գրող էր, բայց իրեն թվում էր, թե շատ-շատերն արժանի են մեր գրականության մեջ իրենց ձայնն ունենալուն, իսկ ինքը` ոչ: Նա ինքնատիպ մտածողություն, յուրօրինակ աչք և, ամենակարևորը, շատ յուրօրինակ խղճմտանք ունեցող գրող էր: Ես հուսով եմ, որ Սամվելի ընկերներն ու հարազատները կհավաքեն ու կհրատարակեն նաև նրա գրական ժառանգությունը, և թարգմանչի կողքին մենք կունենանք նաև մեր ընկերոջ գրողական դիմանկարը»,- ասում է Հ. Մովսեսը:
Կարդացեք նաև
Այսօր` Ս. Մկրտչյանի ծննդյան օրը, Գայի պողոտա 27 հասցեում, որտեղ ապրել և ստեղծագործել է նա, բացվեց նրա հիշատակը հավերժացնող հուշաքար, որը գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը համարում է ոչ թե թարգմանչի ծննդյան օրվան նվիրված միջոցառում, այլ նրա ու նրա գործի արժևորման սկիզբը դնող իրադարձություն. «Ս. Մկրտչյանի մահվան օրերին մեր արձագանքը շատ կարճ էր, խոսքեր գրեթե չէին ասվում: Օրեր անցան, ամեն մեկն իր սրտի խոսքն ասաց. մեկը` երկար, մյուսը` կարճ, մեկը` անկեղծ, մյուսը` ոչ այնքան, իսկ ես հասկացա, որ գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում Սամվելի մասին խոսելը, որովհետև աստիճանաբար ավելի է ամրակայվում այն գիտակցությունը, որ Ս. Մկրտչյանը` որպես թարգմանիչ, գրող, հրապարակախոս ու նաև «Արտասահմանյան գրականություն» ամսագրի երկարամյա գլխավոր խմբագիր, այլ դերակատարություն ունեցավ վերջին 15-20 տարիների մեր գրական-թարգմանական դաշտում: Սակայն ցավով պետք է նշեմ, որ նա, ինչպես հարկն է, գնահատված չէ: Մենք պարտք ենք Ս. Մկրտչյանին. «Ուլիսեսի» թարգմանությամբ նա մեր ժողովրդին դասեց աշխարհի բացառիկ ժողովուրդների շարքը, որովհետև աշխարհում 20-22 ժողովուրդ ունի թարգմանված «Ուլիսես»: Սամվելի շնորհիվ նաև մենք ունենք»,- ասում է գրականագետը:
Ս. Մկրտչյանի որդին` Հմայակ Մկրտչյանն էլ է «Ուլիսեսը» առանձնացնում` որպես բացառիկ արժեքավոր ստեղծագործություն: «Ես շատ ուրախ կլինեմ, եթե հայրիկի գործը շարունակող մարդիկ լինեն, ու այն էներգիան, որ հայրս էր դնում թարգմանության և այլ ասպարեզներում, չպակասի, որովհետև, կարծում եմ, որ մենք հրաշալի ազգ ենք ու արժանի ենք մեր տեղն ունենալու համաշխարհային մշակույթում»,- ասում է Հ. Մկրտչյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ