Փետրվարի 24-ին Տավուշի մարզխորհրդի նիստում Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ համայնքի ղեկավար Ռաֆիկ Օհանյանը դիմելով արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանին, ասաց, որ իրենց գյուղը գտնվում է Կիրանցի ձորում, այնտեղ բնակվում է 51 ընտանիք, 290 մարդ, ազատամարտի տարիներին,մարտական գործողությունների ժամանակ, գյուղից 2 զոհ է եղել եւ հավելեց.
«Սահմանամերձ ենք համարվում որպես տարածքով մոտ: Հող չունենք, գյուղն ընդամենը ունի 18 հա տարածք, ուր գյուղն է տեղավորված, աջ եւ ձախ անտառներ են, ներքեւում գետով իջնում ենք ձոր եւ ձորով ճանապարհ է: Մենք սահմանամերձ համարվում ենք, բայց չենք օգտվում այդ օրենքներից: Ժողովուրդը շատ է բողոքներ անում, ես էլ ձեզ եմ խնդրում: Նախկինում Սեւքարի անտառտնտեսության բանավան է եղել, անտառտնտեսության բազայի վրա է կառուցվել, մոտ 25 թվից մինչեւ 91 թիվը: 91 թվից դարձել է գյուղ, ունեցել է գյուղապետարան: Կլինի՞ հանրապետությունում այսպիսի գյուղ, ոչ համայնքային կենտրոն ունենք, ոչ՝ բուժկետ,ոչ էլ՝ ժողովրդի համար հավաքատեղի: Խնդրում եմ հաշվի առեք այս խոսքերը»:
Փոխնախարար Վ. Տերտերյանը Աճարկուտի խնդիրների մասին խոսք չասաց:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ