Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Որեւէ մեկը թող ասի, որ ես այս տարիներին բիզնես եմ ծավալել»

Փետրվար 25,2015 18:16

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վարչապետին հարց ուղղեց՝ կոռուպցիոն հանձնաժողովի հետ կապված: Նա ասաց, որ աքսիոմա է՝ կոռուպցիան երկրում ղեկավարվում է բարձրագույն իշխանության կողմից. «Մեր պետբյուջեի 70 տոկոսը գտնվում է ռիսկային գոտում: Գրեթե բոլոր ոլորտները թաղված են կոռուպցիայի մեջ:

Նա «Սինգապուրյան հրաշք» գրքից մեջբերումներ արեց, որ եթե պաշտոնյաները ինտելեկտուալ են, կոռուպցիայից հեռու են, հնարավոր է պայքարել կոռուպցիայի դեմ. «Հիմա դուք վերջերս ձեր ղեկավարությամբ եւ Գագիկ Խաչատրյանի, ձեւավորել եք կոռուպցիայի հանձնաժողով: Մինչ այդ մենք ունեցել ենք 5-6 նման հանձնաժողովներ, որը արդյունք չի տվել, եթե չասեմ, որ արդյունքում ավելի է խորացել կոռուպցիան: Հիմա դուք նորից նույն ձեւաչափով հակակոռուպցիոն հանձնաժողով եք ստեղծում: Համոզեք մյուսներին, ի՞նչ արդյունք եք սպասում դուք այդ հանձնաժողովից»:

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ինձ կհաջողվի ձեզ համոզել: Ի սկզբանե դժվար կլինի, բայց փորձեմ: Այդ հանձնաժողովում, որը ղեկավարելու է վարչապետը, ընդգրկված են լինելու ՀԿ-ներ եւ ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչներ: Մենք բոլորս միասին պետք է քննարկման առարկա դարձնենք բոլոր այն խնդիրները, այն հարցերը, որ այսօր կա մեր հասարակության մեջ՝ միասին օրենքի շրջանակներում, ներկայացնելով իրավապահներին, փորձենք պատժել: Մենք որեւէ կաշկանդվածություն չունենք որեւէ մի անձի, քաղաքական գործչի, գործարարի նկատմամբ մենք չունենք պարտավորություն: Եթե ցանկանանք, այդ հարցին կտանք լուծում: Լինելու ենք թափանցիկ, շատ պարզ, անկեղծ: Եթե ունենանք այս մոտեցումը, կարձանագրենք հաջողություն»:

Ռուբեն Հակոբյանն արձագանքեց, որ ինքը հեշտ համոզվողներից է, եթե տրամաբանական դաշտում համոզեն: Ըստ նրա, վերահսկողական լծակները պետք է տալ ընդդիմությանը: Ռուբեն Հակոբյանը վարչապետին հորդորեց մի քիչ օգտվել միջազգային փորձից, որը կօգներ այնպիսի հանձնաժողով ձեւավորել, որն իսկապես անկաշկանդ կլիներ. «Խորհուրդ եմ տալիս ձեզ՝ դուք չղեկավարեք այդ հանձնաժողովը: Բարձրագույն իշխանությունից որեւէ ներկայացուցիչ չպետք է լինի այդ հանձնաժողովում: Այդ դեպքում թափանցիկ, տղամարդավարի, մարդավարի, պրոֆեսիոնալ ձեւով այդ հանձնաժողովը կարող է օգնել մեր պետությանը»:

Հովիկ Աբրահամյանը համաձայնեց պատգամավորի մոտեցումներին. «Մենք ինչ ենք ասում, ասում ենք՝ եկեք բոլորս միասին խնդրին տանք լուծում: Դուք ասում եք՝ մենք պատրաստ ենք, վերահսկողական լծակներ տվեք: Ես ուզում եմ, որ մենք բոլորս միասին խնդիր լուծենք, որ մեր ժողովրդի առջեւ ծառացած այսօրվա լարվածությունը, սոցիալական խնդիրներն ու անարդարությունները միասին լուծենք: Ապրիլ ամսին լրանում է 1 տարին, որ ես նշանակվել եմ վարչապետ:  Որեւէ մեկը թող հնչեցնի, ասի, որ ես այս տարիներին բիզնես եմ ծավալել, կամ ԱԺ նախագահի տարիներին, կամ որեւէ բիզնես սերտաճած են: Դուք ուղղակի տարբեր խոսակցություններ, տարբեր ամբիոններից փորձում եք անհիմն տեղեկատվություններ տարածել: Ես առաջարկում եմ միասին աշխատենք, վեր հանենք, խնդիրներին տանք լուծում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    «Որեւէ մեկը թող հնչեցնի, ասի, որ ես այս տարիներին բիզնես եմ ծավալել, »…

    սովորական միջոցը՝ մարդու վրայ ծիծաղելու

    ինչպես իր նման բոլորը,
    ուղղակի իրենց անուններով չի որ բիզնես են անում,
    այլ ուրիշների անունի տակ պահվտած

    անամոթներ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728