Փետրվարի 25-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը ավանդաբար սերտորեն համագործակցել է ԱՄՆ դեսպանության հետ և հույս հայտնեց, որ գործընկերային հարաբերությունները հետայսու էլ կզարգանան ու կխորանան:
Ռիչարդ Միլսը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ արվելու է ամեն ինչ ձևավորված գործակցությունն ամրապնդելու համար:
Կարդացեք նաև
Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ համագործակցությունն ամերիկյան գործընկերների հետ կարևորվում է ոչ միայն փորձի փոխանակման, գիտելիքի յուրացման առումով, այլև Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունավետության համատեքստում:
Ոստիկանության պետը ներկայացրեց բարեփոխումների առաջին փուլում կատարված աշխատանքի արդյունքները և այն խնդիրները, որոնք նախատեսված են երկրորդ եռամյակում՝ ընդգծելով, մասնավորապես, ոստիկանության թափանցիկ գործունեության ապահովումը, հանրությանը ծառայություն մատուցող կառույցների որակական արդիականացումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողությունները, ոստիկանության հանդեպ հասարակության վստահության ամրապնդումը և այլն:
Դեսպան Միլսը հավաստիացրեց, որ դեսպանությունը հետաքրքրված է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներով, և ամերիկյան կողմը պատրաստակամ է երկրորդ փուլում օժանդակություն ցուցաբերել այն կարևոր ուղղություններով, որոնց ԱՄՆ-ը կարող է աջակցել:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
ՀՀ ոստիկանություն