Լրահոս
Օրվա լրահոսը

«Չագուչն էլ է ձեր ձեռը, նալն էլ է ձեր ձեռը, փողն էլ վերցրել եք, ինչի՞ չեք բացահայտում». Փաշինյանը՝ ոստիկանությանը

Փետրվար 25,2015 17:32

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնաբերել է մի ոլորտ, որտեղ ՀՀ կառավարությունը կարողացել է աճ գրանցել:

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նա հարց ուղղեց. «Ձեր կառավարությունը կարողացել է 18 տոկոսանոց աճ գրանցել՝ արագաչափերի եւ երթեւեկությանը հետեւող տեսախցիկների արձանագրած տուգանքների հետեւանքով քաղաքացիներից գանձված գումարներն են: 2013-ին 13 տոկոս էր աճը, հիմա՝ 18 տոկոս: Ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների թիվը 35 տոկոսով ավելացել է՝ համեմատած այն ժամանակների հետ, երբ չկար արագաչափ ու տեսախցիկ: Ո՞րն է սրա պոզիտիվը: Ի՞նչ է տալիս սրա դիմաց ոստիկանությունը ՀՀ քաղաքացիներին: Երեւանի կենտրոնից դիմակավորված մարդկանց առեւանգում են, տանում ծեծում,կտտանքերի ենթարկում: Մինչեւ այսօր չի բացահայտվել 3 դեպք: Հիմա այդ փողերը մեզանից տանում եք, բա ի՞նչ եք անում, որ ոչ մի տեղ այդ արդյունքը չի երեւում»:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չհամաձայնեց, որ որեւէ դրական տեղաշարժ չկա. «Իրավիճակն այնքան սարսափելի չէ, որքան դուք նկարագրեցիք: Առանձին վայրերում մոտավորապես 85-90 տոկոս իրավախախտումների ծավալի նվազում է տեղի ունեցել: Մարզերում, միջպետական ճանապարհներին ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով դեպքերի, մահերի վիճակագրությունը դեպի նվազում է գնում՝ 14 տոկոսով նվազել է մարզերի կտրվածքով զոհերի թիվը: 2010-ից սկսած՝ ՀՀ ներմուծված եւ ճանապարհային ոստիկանության կողմից հաշվառված մեքենաների թիվը մոտ 150 հազարով ավելացել է: Եթե մեքենաների ծավալները մեծացել են, բնականաբար, խախտումերի, դեպքերի ծավալների թիվն է ավելացել: Բայց կառավարությունը կիսում է ձեր մտահոգությունը: Միայն արագաչափերով խնդիրը լուծել հնարավոր չէ»:

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց՝ «Ասում են՝ սատանան էլ այնքան սարսափելի չի, ինչքան ասում են, բայց դրանից ոչինչ չի փոխվում: Տուժող քաղաքացիների թիվն անշեղորեն աճում է: Երեւան քաղաքում գործում է դիմակավորված անձանց բանդա: Եթե մենք ոստիկանության ֆինանսավորումը ավելացնում ենք, ամեն անկյունում 4 հատ արագաչափ ու 6 հատ տեսախցիկ է դրված, բա այդ դիմակավորված անձինք որտեղի՞ց են գալիս ու ո՞նց են անցնում, որ չեն անցնում ձեր տեսախցիկների տակով: Հնչել են գնահատականներ, որ այդ դիմակավորված անձանց գործունեությունը կազմակերպում է ոստիկանությունը, նրանից վեր գտնվող կառավարությունը եւ նրանից վեր գտնվող Սերժ Սարգսյանը: Եթե այսքան կամերաները դրել եք, մեզանից 24 մլրդ դրամը տարել եւ  դեռ քաղաքում դիմակավորված անձինք մարդ են առեւանգում, խոշտանգում, ու այնպիսի մարդկանց, որոնք դեմ են ձեր իշխանությանը, ձեր կառավարությանը, ուրեմն ոչ միայն մեր փողը մեզնից տանում եք, այլ այդ կամերաները, արագաչափերն օգտագործում եք՝ ՀՀ քաղաքացիների դեմ հանցագործություններ կազմակերպելու համար: Եթե չէ՝ ուրեմն բացահայտեք: Կամերաներն էլ ձեր ձեռը, չագուչն էլ է ձեր ձեռը, նալն էլ է ձեր ձեռը: Ինչո՞ւ չեք բացահայտումն, փողն էլ վերցրել եք»:

Հովհաննես Մանուկյանը համաձայնեց Նիկոլ Փաշինյանի հետ, բայց միայն սատանայի մասով. «Այո, կախված նրանից, թե ում տեսքով հանդես կգա, քո առջեւ կհայտնվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728