Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկ. «Գրիպի դեպքում չպետք է զբաղվել ինքնաբուժմամբ»

Փետրվար 25,2015 17:10

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ներկայացնելով սուր շնչառական հիվանդությունների եւ գրիպի տարածման իրավիճակը, հայտնեց, որ տարածաշրջանում՝ Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում, համաճարակային իրավիճակը հանգիստ է, եւ հիվանդության ինտենսիվությունը միջին մակարդակի վրա է:

Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների եւ գրիպով հիվանդությունների իրավիճակը լարված չէ, սակայն վերջին երկու շաբաթում արձանագրվել է հիվանդությունների աշխուժացում. «Հայաստանում դեկտեմբերի վերջից սկսած Ա տիպի եւ Բ տիպի գրիպը ինտենսիվ կերպով սկսել է զարգանալ: Երկու գրիպներն էլ հավասարապես շրջանառվում են: Առայժմ իրավիճակը վերահսկելի է եւ շեմից բարձրացում չի նկատվել»:

Ըստ բանախոսի՝ իրավիճակը բարդ է Ռուսաստանում, որտեղ բարձր համաճարակային ցուցանիշներ են արձանագրվել՝ անգամ եղել են մահվան դեպքեր: Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալների համաձայն՝ վերջին շաբաթների ընթացքում այս հիվանդությունների աշխուժացում է արձանագրվել հատկապես արեւմտյան եւ կենտրոնական Եվրոպայում: Վերջին չորս տարիներին գրիպի ծանր դեպքեր արձանագրվում են 65-ից բարձր տարիք ունեցող անձանց մոտ:

Վերադառնալով Հայաստանում արձանագրված տվյալներին՝ բժիշկը տեղեկացրեց, որ շտապօգնության կանչերը ավելի շատ գրանցվում են թոքաբորբի համար. «Սա խոսում է այն մասին, որ մենք իրոք ունենք ուշացած դեպքեր, մարդիկ, որոնք ժամանակին չեն դիմել, հետագայում նրանց մոտ բարդություններ են առաջանում եւ զարգանում է թոքաբորբ»:

Արտավազդ Վանյանը քաղաքացիներին հորդորում է ինքնաբուժմամբ չզբաղվել. «Եթե անգամ թեթեւ նախանշաններ կան, պետք է դիմել տեղամասային թերապեւտին եւ չընդունել դեղամիջոցներ, որոնք ուղղակի նախատեսված են ջերմիջեցման համար»: Հիմա պետք է հագնվել սեզոնին համահունչ՝ ձմեռային համազգեստ, որպեսզի սուր շնչառական հիվանդությունները չտարածվեն:
Գրիպի դեպքում, ինչպես ասում է բժիշկը, դեղորայքը, հատկապես հակաբիոտիկները, չպետք է ինքնուրույն ընտրել. «Մենք գործ ունենք վիրուսի հետ, եւ պետք է գործ ունենալ հակավիրուսային դեղամիջոցների, այլ ոչ թե հակաբիոտիկների հետ: Հակաբիոտիկներ տրվում են բարդացած դեպքերում»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728