Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած 27 տարին լրացած երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնող օրենքի կիրառման արդյունքում 2013 թվականին հատուկ հաշվում մուտքագրվել է 801,2 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:
Եվ որպեսզի դրան մոտ գումար հավաքվի բանակից խուսափողների հաշվին՝ Սփյուռքի նախարարությունը կառավարությանն առաջարկում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարել, եւ 2014 թվականի համար էլ կիրառել օրենքը:
Ըստ Սփյուռքի նախարարության՝ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում հայրենիք: Կառավարություն ներկայացրած ամփոփաթերթում Սփյուռքի նախարարությունը վստահեցնում է, որ հազարավոր երիտասարդներ են վերադարձել հայրենիք` քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով օրենքում 5-րդ անգամ կատարված փոփոխության արդյունքում:
Ըստ Սփյուռքի նախարարության՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած, 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիներից գանձվող գումարը մուտքագրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում եւ ուղղվում ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերման ծախսերի ֆինանսավորմանը: Գործողության ժամկետը մեկ տարով երկարացվելու դեպքում, ըստ նախարարության, 2014 թվականին եւ հաջորդ տարիներին լրացուցիչ 800 միլիոն դրամից ավելի գումարների մուտքեր կլինեն:
Հիշեցնենք, որ ըստ օրենքի, վերը նշված անձինք տարբեր դեպքերում պետք է վճարեն նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչեւ 200-ապատիկի չափով գումար:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ