Այսօր կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստ, որի օրակարգում ընդգրկված էր 10 հարց:
Նիստի ավարտից հետո ԶԼՄ-ների հետ ճեպազրույցում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողներին հայտարարեց, որ առաջինը քննարկվել է «Գանձասար» ՖԱ մարզիչների եւ ֆուտբոլիստների կողմից ներկայացված դիմումների եւ ակումբի շուրջ ստեղծված արտակարգ իրավիճակի հետ կապված խնդիրը:
«Մենք այսօր հրատապ հավաքվել էինք գործկոմի նիստի` «Գանձասար» ակումբի շուրջ ստեղծված իրավիճակին լուծում գտնելու նպատակով: Ակումբի նախկին սեփականատերը հրաժարվել էր ակումբը պահելուց: 28 ֆուտբոլիստներ եւ մարզիչներ նամակով դիմել էին ֆեդերացիային եւ խնդրել, որ այդ հարցին լուծում տանք: Ես հրավիրեցի գործադիր կոմիտեի նիստ: Իրականում Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատը չի հրաժարվում ակումբը պահելուց: Տնօրենը, որը ներկա էր գործկոմի նիստին, ասաց, որ պատրաստ է պահել ակումբը, պարզապես, նախկին սեփականատերն ասում է` թող փողերը տան իմ սեփականության վրա, բայց ակումբը ֆինանսավորի կոմբինատը: Գործկոմը որոշեց թույլատրել գրանցել «Կապան Գանձասար» ակումբ, որը կդառնա պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականությունը եւ կլինի «Գանձասար» ՖԱ իրավահաջորդը: Տարիներ շարունակ պղնձամոլիբդենային կոմբինատը գումարներ հատկացրել է ուրիշի սեփականությանը, մարդիկ արել են հովանավորական աշխատանք, իսկ ակումբ պահելը եղել է ուրիշ մարդու մենաշնորհը: Ինձ վրդովվեցնում է, որ այդ մարդը լրատվամիջոցներին կոչ է անում ելնել կոմբինատի ղեկավարության դեմ: Այն դեպքում, երբ նրանք սրտացավ են, ուզում են պահել ակումբը եւ զարգացնել ֆուտբոլը Կապանում եւ Սյունիքի մարզում»:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե այս իրավիճակը կարո՞ղ է Հայաստանի առաջնության խաղացանկը հետաձգելու պատճառ դառնալ, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Ոչ: Բոլոր ֆուտբոլիստները, որոնք մնացել են, պայմանագիր են ստորագրել նոր ակումբի հետ եւ մարզվում են: Իսկ եթե հարկ լինի, հնարավոր է, մեկ կամ երկու խաղ հետաձգվի»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ