Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտքերի պատճառով բացառվում է, որ  նա անհետանար». Մարմաշենի գյուղապետը՝ անհետացած զինծառայողի մասին 

Փետրվար 25,2015 16:45

Ռուս սահմանապահ զորքերի պայմանագրային  զինծառայող 26-ամյա  Արթուր Աֆյանին դեռ չի հաջողվել հայտնաբերել, չնայած որ  նրա մոտ կա բջջային հեռախոս:

Aravot.am-ի հետ զրույցում Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանը, որը լավ է ճանաչում Արթուրին, քանի  որ վերջինս աշխատում է  իր որդու հետ, ասաց.«Որ ասում են՝ նա պարտքեր ունի  ու այդ պատճառով է անհետացել, ես նրան որպես լավ ճանաչող անձ, աբսուրդ եմ համարում: Նա ամսական 50 հազար ռուբլի աշխատավարձ է ստացել: Ընդունենք, որ ռուսական ռուբլին 3-4 ամիս շարունակ արժեզրկվել է, բայց հո էնքան չէր արժեզրկվել, որ նա չկարողանար իր պարտքերը տալ: Տեղյակ եմ, որ կնոջ զարդերը ամսի 16-17-ին բանկ են դրել, գումար վերցրել, բայց էլի եմ կրկնում, չեմ հավատում, որ նա նորածին երեխային ու կնոջը կարող էր լքել  պարտքերի  պատճառով: Նա համարյա 7-8 տարի աշխատում է սահմանապահ զորքերում: Նախքան ամուսնանալը հաճակի էր մեր տուն գալիս, շաբաթը առնվազն 2-3 անգամ, լռակյաց, ինքնափոփ տղա է: Արտակարգ տիրապետում է  համակարգչին,   աշխատելու ընթացքում «Մերսեդես» մանկիշի մեքենա գնեց, գործերը լավ էին, և եթե անգամ 10 հազար դոլար պարտք ունենար, նա չէր լքի  2-3 ամսական իր երեխային, հատկապես որ նրա  համար պարտք փակելը այնքան էլ դժվար չէր, ամսե-ամիս  կտար,  բարձր աշխատավարձ էր ստանում: Երևի ուրիշ խնդիրներ կան, ով գիտի…», ասաց գյուղապետը:

Նա  նաև ասաց, որ  իրեն տեղեկություններ են հասել այն մասին, որ Արթուրը  անցած տարի իր ծննդավայր Իջևանից նոր անձնագիր էր  ստացել, բայց հինը մնացել էր իր մոտ: Ըստ գյուղապետի,  այս տեղեկությունը, իհարկե,  պիտի ճշտվի:

Ոստիկանությունից   տեղեկացրեցին, որ շարունակվում են որոնողական աշխատանքները: Հիշեցնենք, որ վերջինս փետրվարի 21-ի գիշերը ժամը 1.30 սահմաններում վերջին անգամ խոսել էր հայրական տանը՝ Մարմաշեն գյուղում  գտնվող իր կնոջ հետ , դրանից հետո հեռախոսը անհասանելի էր դարձել: Ոստիկանությունը Գյումրիում Շիրակացի փողոցի 7 բ շենքի 44  հասցեում վարձակալած նրանց տանը զինվորական  համազգեստի գրպանից  հայտնաբերել էր երկտող, որտեղ վերջինս կնոջից ներողություն էր  խնդրում՝գրելով.«Կներես, սուտը քանդեց մեր տունը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728