Հայաստանում տեղի ունենալիք «Եվրանեսթ» չորրորդ խորհրդարանական վեհաժողովին Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցի
«Եթե գնահատենք Եվրամիություն եւ Հայաստան հետագա համագործակցության հեռանկարները, ապա դրանք շատ լավն են, սակայն դրանք երշախավորված չեն»,-այսօր «ԵՄ-Հայաստան Համագործակցության հեռանկարները ներկայիս քաղաքական համատեքստում» խորագրով համաժողովի ժամանակ այս հայտարարարությունն արեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր-տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:
Ըստ Ռիչարդ Գիրագոսյանի՝ այս համագործակցությունը Հայաստանի կառավարության համար կորցրած վստահությունը վերականգնելու հնարավորություն է. «Այս գործընթացը երկրորդ հնարավորություն է Հայաստանի համար, երրորդ հնարավորություն չի լինի: Ռիգայի գագաթնաժողովը Հայաստանի համար յուրահատուկ հնարավորություն է՝ համոզվելու, որ մեր հաջողությունը այնտեղ վտանգված չէ, ինչպես եղավ Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ»:
Կարդացեք նաև
Ռիչարդ Գիրագոսյանը նաեւ առանձնացրեց մի քանի մարտահրավերներ, որոնք դեռ Հայաստանում լուծման կարիք ունեն: Դրանք են՝ մարդու իրավունքերը, ժողովրդավարությունը , քաղաքացիական հասարակության ազատությունը, նաեւ մեծ մարտահրավեր է համարում այն, որ պաշտոնյաները զբաղվում են գործարարությամբ. «Մենք պետք է նոր որակի «բարգավաճ հայաստան» կառուցենք, մենք պետք է առանձնացնենք բիզնեսը, քաղաքականությունը եւ մրցակցությունը: Ոչ մի այլընտրանք չկա, բացի բարեփոխումներ անելուց»: Ռիչարդ Գիրագոսյանը վստահեցնում է, որ ԵՄ-ն Հայաստանի բոլոր խնդիրների համար լուծում չի կարող հանդիսանալ, սակայն ԵՄ-ն կարող է օգնել. «Բայց իրական մարտահրավերները եւ բեռը Հայաստանի վրա է՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ կառավարության վրա է։ Սակայն ԵՏՄ-ն էլ մեր բոլոր խնդիրների համար մեղավորը չէ։
Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր ելույթում նշեց, որ վստահաբար կարելի է ասել, որ քաղաքացիական հասարակությունը եւ դրա կայացած ինստիտուտները էական դերակատարություն են ունենում ներքին եւ արտաքին քաղաքականության զարգացման, որոշումների կայացման, հրապարակայնության գործընթացներում. «Այս առումով արեւելյան գործընկերության ազգային պլատֆորմը իր դրական ազդեցությունն է ունեցել»:
Արտակ Զաքարյանը նաեւ տեղեկացրեց, որ արեւելյան գործընկերության շրջանակներում մարտի 16-ից 18-ը Հայաստանաում տեղի կունենա «Եվրանեսթ» չորրորդ խորհրդարանական վեհաժողովը։ Վեհաժողովի օրակարգում են լինելու չորս հիմնական զեկույցներ: Հատկանշականն այն է, որ , ինչպես ներկայացրեց Արտակ Զաքարյանը, այս տարի «Եվրանեսթին» չի լինի Ադրբեջանի պատվիրակութիունը. «Դրանից վեհաժողովը չի տուժելու, օրակարգը իր կարեւորությամբ եւ խորությամբ բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցելու հնարավորություն է տալիս, մենք ունենք այդ համոզումը»։
Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Թրայան Հրիսթեան էլ իր խոսքում ասաց, որ այս տարին ԵՄ- Հայաստան հարաբերությունների համար որոշիչ տարի է, որը հնարավորություն կտա հստակեցնելու համագործակցության շրջանակները:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ