Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիսյանների դուստր. «Ես ամեն օր պառկելուց մտածում եմ, որ ինձ կզանգեն, ինչ-որ բան կասեն, բայց ոչ ոք չի զանգում» (Տեսանյութ) 

Փետրվար 25,2015 16:18

Ավետիսյանների իրավահաջորդները իրավապահ մարմիններից պահանջում են ավելի արագ քննություն իրականացնել:

Ավետիսյանների իրավահաջորդները Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության համար քննչական մարմիններից պահանջում են առավել արդյունավետ եւ ավելի արագ քննություն իրականացնել: Այս մասին այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների իրավապաշտպան Երեմ Սարգսյանը. «Իրավահաջորդները ցանկանում են իրավական համակարգի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա ,որ իրենք այս պահին խիստ տեղեկատվության կարիք ունեն, մենք ծանոթանում ենք սահմանափակ կարգով տրամադրվող նյութերին,սակայն ավելի մեծ ծավալով ինֆորմացիա ենք ակնկալում եւ ավելի արագ նախաքննություն իրականացնելու պահանջ ենք ներկայացնում»,-հայտնեց փաստաբանը:

«Մեզ հետաքրքրում է արդյունքը, մենք չունենք հիմքեր ասելու, որ իրենք միտումնավոր են դանդաղ իրականացնում քննությունը»,-իր խոսքում ասում է փաստաբանը,-«Տուժող կողմին չի հետաքրքրում՝ ինչպե՞ս է բացահայտվում գործը, պահանջն է՝ բացահայտել հանցագործությունը , տալ սպառիչ պատասխաններ , ավելի արագ իրականացնել փորձաքննություն: Մենք չունենք տեղեկություններ այն մասին, թե ինչպե՞ս է դա եղել, Պերմյակովը մենա՞կ է եղել, թե ոչ եւ ինչպե՞ս է նա հայտնվել այնտեղ: Բոլոր կառույցները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն հարցը արագ պարզելու համար»:

Ինչպես տեղեկացրեց փաստաբանը՝ մինչ օրս իրենք ստացել են միայն դատաքիմիական եւ դեղագիտական փորձաքննության արդյունքները: Ստացվել են նաեւ դատաձգաբանական փորձաքննության արդյունքները: Իսկ այն կարեւոր փորձաքննությունը, ինչպիսին է դատաբժշկականը, դեռ չկա:

Իրավահաջորդները նաեւ պահանջում են Պերմյակովին հայկական կողմին հանձման համար առավել արդյունավետ քայլեր ձեռնարկել, եւ քրեական գործ հարուցել պետական սահմանը հատելու համար:

«Նա մի ամսվա ծառայող է եղել եւ չէր կարող մեր տան անդամներից ոչ մեկի հետ կապ ունենալ»,-վստահեցնում է Ավետիսյանների իրավահաջորդ՝ Ավետիսյանների ընտանիքի դուստր Լուսինե Ավետիսյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ մամուլում շրջանառվում են լուրեր, թե իբր Պերմյակովը ծանոթ է եղել Ավետիսյանների ընտանիքին: Իր վարկածով, Պերմյակովն այդ տունն ընտրել է, քանի որ այնտեղ երեք սերունդ է բնակվել. «Իր ապուշ մեկնաբանմամբ՝ նա եթե ջուր է ուզեցել, կարող էր ուրիշի տուն մտնել, նա ինչո՞ւ պիտի ապակի կոտրեր»,-հետաքրքրվում է դուստրը:

Նա նաեւ տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ կրակոցները լսելուց հետո հարեւանները չեն արձագանքել. «Իմ ընտանիքի անդամներից ոչ ոք երբեք ոչ մեկի ոտքը չի տրորել»:

Լուսինե Ավետիսյանն այսօր ասուլիսին իր խոսքում նշեց, որ իր համար ամենակարեւորն այն է, որ քննչական մարմիններն իրենց ավելի շատ տեղեկություն տան. «Կարեւոր չէ՝ լրատվամիջոցները դա կհրապարակեն, թե ոչ: Ես ամեն օր պառկելուց մտածում եմ, որ ինձ կզանգեն, ինչ-որ բան կասեն, բայց ոչ ոք ինձ չի զանգահարում, անհանգիստ իրավիճակ է իմ եւ ընտանիքիս մոտ:  Ես երկու երեխա ունեմ, նրանք ամեն օր իմ աչքերին արցունքներ են տեսնում: Եվ եթե մի բան կա, կանչեք, ինձ անհատական ասեք, ես ոչ ոքի չեմ ասի, թեղ ես իմանամ, հանգիստ լինեմ, եւ իմ երեխաներն էլ չտանջվեն ինձ հետ»,-աչքերն արցունքներին ասում է Լուսինե Ավետիսյանը. «Ես այդ տան աղջիկն եմ եւ ամենաշատը ինձ է հետաքրքրում, թե ինչո՞ւ… ես հաստատ գիտեմ, որ իրենք անմեղ էին, եւ ինչո՞ւ հենց իմ տունը, ինչո՞ւ հենց իմ հարազատները»:

Այսօրվա ասուլիսին նաեւ անդրադարձ եղավ այն հայտարարությանը, որ Ավետիսյանները որոշել են հրաժարվել իրենց պաշտպանից: Այս լուրերը իրավահաջորդները՝ Լուսինե Ավետիսյանը, նրա ամուսինը՝ Ադամյան Եգորը, եւ ընտանիքի փոքր դստեր ամուսինը՝ Կոշտոյան Արթուրը, հերքեցին, ասելով, որ երբեք ոչ մի խնդիր չեն ունեցել իրավապաշտպանի հետ: Փաստաբանը նույնպես հերքեց այս լուրերը, եւ առանց անուններ նշելու ասաց, որ եղել են անձիք, որոնք իրենց անձնական շահերից ելնելով, փորձել են իրավահաջորդներին համոզել՝ իրենից հրաժարվելու համար:

Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ իրավահաջորդների հետ քննարկվել է փաստաբանների խումբ ձեւավորելու մասին հարցը, եւ այն փաստաբանները, որոնք ինքնակամ կցանկանան անվճար կերպով օգնել Ավետիսյանների իրավահաջորդներին, ապա իրենց համար վաղը կհրապարակվեն կոնտակտային տվյալներ՝ կապ հաստատելու համար:

Իրավահաջորդները, այն հարցին, թե չե՞ն պատրաստվում այստեղ դիմել գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, քանի որ Գյումրիի դատախազը անձամբ ասել էր դիմել նրան, պատասխանեցին, որ այսօր երեկոյան պետք է մյուս իրավահաջորդների հետ քննարկեն հետագա անելիքները եւ միայն հետո որոշեն, թե ինչ են անելու:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728