Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015-ի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ, լսելով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի զեկույցը, ասաց. «Փաստորեն, մենք, երբ վաճառել ենք սկզբից ՀԷՑ-ը «Միդլենդ ռեսուրսիզ հոլդինգին»՝ 12 մլն դոլարով, 3 տարի հետո վերավաճառել եք ռուսական պետական կազմակերպությանը՝ 80 մլն դոլար: Սա կարող եք ընդունել հաղորդում՝ հանցագործության մասին: Եթե հնարավոր էր վաճառել 80-ով, վաճառեիք 80-ով: Բայց տեղի է ունեցել մասնավորեցում, հետո պետականացում: Եկել են մարդիկ, որոնք իրենց բիզնեսը չեն ներկայացնում, իրենց փողը չեն ներկայացնում: Ցանցերի ղեկավարությանը նկատի ունեմ: Մտածում են մասնավորապես գողանալու մասին»:
Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց, որ ՀԷՑ-ը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, պարտքերի մեջ խրված է:
Հրանտ Բագրատյանը զարմացած է՝ «Դուք խա՞ղ եք անում 250 մլն դոլար պարտքի հետ, ֆիքսված մարժայով աշխատելիս»: Բագրատյանը քննադատեց Ռոբերտ Նազարյանին, որ պետք էր ավելին անել, գուցե հանձնաժողովում ձայնը բարձրացրել է, բայց ավելին էր պետք. «Այսօր էլ ասում եք, թե քննարկում եք գազի սակագինը բարձրացնելու հարցը՝ դոլարի փոխարժեքի հետ կապված: Կուզենայի բացատրեիք, մամուլում ինֆորմացիա կա, որ 25 դոլարով գազի գինն իջել է: 189 դոլարից իջել է 164-ի: Կխնդրեի սրա վրա կանգ առնեիք, արդյոք դա բավարար չէ՞, որ չբարձրացնեք սակագինը»:
Հետո պարոն Բագրատյանը ներկայացրեց իր ուսումնասիրությունները ՀԷՑ-ի աշխատավարձերի մասով: Նա ասաց, որ երբ համեմատում է միջազգային այլ ընկերությունների հետ, ՀԷՑ-ը 3 անգամ ավելի շատ աշխատող է պահում, այսինքն, աշխատանքի արտադրողականությունը շատ ցածր է. «Պարոն Նազարյան, դուք պիտի պահանջեք: Ասում եք՝ դեռ այսքան մարդ պետք է ավելացնել: Իսկ ո՞վ ասաց, որ պետք է ավելացնել, գուցե պետք է ասեք՝ գնացեք բարձրացրեք աշխատանքի արտադրողականությունը»:
Կարդացեք նաև
Ռոբերտ Նազարյանն ասել էր, որ ՀԷՑ-ը պարտքերի տակ է ընկել 2 պատճառով եւ պատճառներից մեկն այն է, որ վատ վարկ է վերցրել, չի կարողանում սպասարկել: Հրանտ Բագրատյանը Նազարյանին ասաց, որ խիստ չեն եղել. «Կարծում եմ, այստեղ գայկեքը ձգելու տեղ ունեք»:
Մասնավորապես, Հ. Բագրատյանն ասաց, որ միայն աշխատավարձերի մասով խիստ մոտեցում ունենալու պարագայում, իր հաշվարկով հնարավոր է իջեցնել գազի մատակարարման ծախսը 8 դրամով եւ 1.5-2 դրամով՝ էլեկտրաէներգիայի մատակարարմանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ