«Ոստիկանությունը մի քանի անգամ ուժի կիրառմամբ ցրել է խաղաղ ցույցերը: Վիճելի հարցերով զբաղվող ակտիվիստները ենթարկվել են սպառնալիքների եւ հարձակումների»,- այս մասին այսօր հրապարակված «Մարդու իրավունքների վիճակն աշխարհում 2014-2015» զեկույցում նշել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը:
Զեկույցի Հայաստանին վերաբերող կարճ նախաբանում կազմակերպությունը առանձնացրել է օգոստոսի ամսին հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերը եւ դրանց արդյունքում երկու կողմի ունեցած զոհերը եւ Հայաստանի անդամակցությունը Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը:
Անդրադառնալով հավաքների ազատությանը՝ Armensty International-ը նշել է, որ տարվա ընթացքում ոստիկանությունը մի քանի անգամ ուժ կիրառելով ցրել է խաղաղ ցույցեր: Մասնավորապես՝ առանձնացված է մարտի 7-ին ֆինանսների նախարարության դիմաց տեղի ունեցած ընդդեմ կենսաթոշակային համակարգի ցույցը եւ հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի ցույցի ժամանակ տեղի ունեցած բռնությունը:
Ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ անցած տարվա վերջի դրությամբ՝ Եհովայի բոլոր 33 վկաները, ովքեր ազատազրկվել էին անցած տարիներին այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու համար, ազատ են արձակվել և ուղարկվել այլընտրանքային ծառայության։
Կարդացեք նաև
«Կտտանքներ եւ դաժան վերաբերմունքի այլ ձեւեր» բաժնում գրված է, որ Հայաստանի իրավապաշտպանները չեն դադարել անհանգստություն հայտնել ոստիկանությունում կալանքի տակ գտնվողների հանդեպի դաժան վերաբերմունքի կիրառման եւ ծեծի մասին: Նշվում է նաեւ, որ իշխանությունները արդյունավետ հետաքննություն չեն իրականացրել ընդդիմադիր առաջնորդ Շանթ Հարությունյանի եւ 13 ակտիվիստների գործով:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ