Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց Արգիշտի Կիվիրյանի պաշտպանների միջնորդությունը

Փետրվար 25,2015 13:50

Լուսինե Սահակյանը միջնորդել էր նոր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակել

Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվում էր  վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գործով դատական նիստը:

Նիստի ընթացքում Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, հանձնել այն Գիտությունների ազգային ակադեմիայի Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ին, եւ որ փորձաքննությանը մասնակցի Արգիշտի Կիվիրյանը:

Լուսինե Սահակյանը նշեց, որ ակնհայտ է՝ կատարված փորձաքննությունը կրել է ձեւական բնույթ եւ նպատակ չի ունեցել ապացուցել հանգամանքները. «Փորձագետներին չի հետաքրքրել ո՛չ  ներկայացված փորձարարության արձանագրությունը, ո՛չ դրա տեսագրությունը, ո՛չ Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենայի զննության արձանագրությունը: Նման պայմաններում ակնհայտ է, որ փորձագետի եզրակացությունը  հիմնավորված համարել չի կարելի»:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Արգիշտի Կիվիրյանի մյուս պաշտպան Երվանդ Վարոսյանը եւս անդրադարձավ միջնորդությանը. «Այս շարադրված փաստերը վկայում են այն մասին, որ ո՛չ վարույթ իրականացնող մարմինն է ցանկացել իրականությունը պարզել, ո՛չ էլ փորձագետներն են նման խնդիր իրենց առջեւ դրել: Բայց փորձագետի եզրակացության երկրորդ հարցի պատասխանը շատ հարցերի պատասխան է տալիս: Ասվում է՝ Կիվիրյանի մոտ առկա սպիները եւ արյունազեղումը հնարավոր էին առաջանալ նաեւ ոստիկանության մեքենայի հետեւի ձախ բռնակին հարվածելու հետեւանքով: Ուզում է ասի՝ կյանք է էլի, ամեն ինչ կարող է լինել, քննիչ ջան: Եղբայրներ, որ ասում եք «նաեւ», բա նաեւ էլ ինչպես կարո՞ղ էր առաջանալ, ինչո՞ւ եք օդում թողնում: Հետաքրքիրն այն է, որ այս պատասխանը ստանալով քննիչը համարել է, որ պարտքը հայրենիքի նկատմամբ ինքը չակերտավոր կատարել է, բայց եղբայր Մելքոնյան, դու ոչինչ չես պարզել: Ճիշտ է, դու այն բովանդակությունն ես ուղարկել, որը չէր կարող հանգեցնել օբյեկտիվ եզրակացության: Հարգելի՛ դատարան, ակնհայտ է, որ այս եզրակացությունը հիմնավոր եզրակացություն համարել չի կարելի, սա փորձագետի եզրակացություն չէ»:

Մեղադրող Արթուր Երիցյանը հայտարարեց, որ կրկնակի փորձաքննությունը նշանակելը այս մեղադրանքից դուրս է եւ նման փորձաքննություն նշանակելու իրավասություն դատարանը չունի: Եվ այդ հիմքով մեղադրողը համարում է, որ պաշտպանական կողմի միջնորդությունը պետք է մերժվի. «Ոչ մի տեղ նշված չէ, որ պետք է այն պատճառաբանական եւ նկարագրական մաս ունենա: Երկրորդ հարցադրումը մանրամասն նկարագրում է, թե ինչ ձեւով է առաջացել: Այստեղ ոչ մի ենթատեքստ չկա, փորձագետին հարց է առաջադրված լինել, այս պայմաններում հնարավոր էր այդպիսի վնասվածք ստանալ, նա էլ պատասխանել էր, որ կարող էր նաեւ այս եղանակով հասցվել: Փորձագետին հարց չի տրվել, թե որ եղանակով եւս հնարավոր կլիներ այդպիսի վնասվածք ստանալ»:

Դատարանը որոշեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը. «Արգիշտի Կիվիրյանի մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ կա ե՛ւ դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, ե՛ւ տուժողի ցուցմունքը, առկա է ե՛ւ Կիվիրյանի ցուցմունքը, ինչպես նաեւ առկա է քննչական փորձարարության արձանագրությունը, ուստի դատարանը գտնում է, որ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ենթակա է գնահատման, եւ այդ գնահատումը դատարանը կիրականացնի խորհրդակցական սենյակում»:

Հիշեցնենք՝ Արգիշտի Կիվիրյանը 2013 թվականի օգոստոսի 24-ին մասնակցել է Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկ շենքի դեմ բողոքի ակցիայի: Նա հաղորդում էր տվել, որ ոստիկանները ոստիկանության բաժանմունք տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրեական գործ է հարուցվել ոստիկանի հաղորդման վրա, ըստ որի՝ Կիվիրյանը ոստիկանին հարվածել եւ ինքն իրեն վնասել է:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728