ԱԺ նիստը քիչ առաջ սկսվեց եւ մեկնարկը շատ թեժ էր: Քվեարկության էր դրվելու «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:
ՕԵԿ խմբակցության պատգամավորները մեկը մյուսի հետեւից հորդորեցին 48-ժամյա ռեժիմով այդ օրենքը չանցկացնել: Ըստ Հեղինե Բիշարյանի, «Մի՞թե չէր կարելի քննարկումներ անցկացնել, նոր բերել ԱԺ, լսումներ կազմակերպեք: Մի՞թե չգիտենք ինչի մասին է խոսքը, պետք չի դասեր տալ: Պետք է լսել առաջարկությունները՝ օրենքը առողջ ու հստակ աշխատեցնելու համար: Մենք կառուցողական առաջարկներ ենք անում, պետք չի հիվանդագին ընդունել»:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը չհամաձայնեց՝ ասելով, որ հանձնաժողովում հարցը քննարկվել է: Գալուստ Սահակյանն էլ իր հերթին ասաց, որ հիվանդագին չեն ընդունում, դա շատ շահեկան օրենք է:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նույնպես ընդդիմացավ ՀՀԿ-ին. «48 ժամն ինչի՞ համար է, այսինքն, եթե շտապ սա չընդունենք, կուշանանք, հա՞: Հանգիստ, նորմալ թողեք քննարկենք, գնանք առաջ: Այս շտապողականությունն ինչի՞ համար է: Եթե ինչ-որ մեկը շտապում է, ասեք իմանանք: Եթե 1 ամիս հետո ընդունվի այս օրենքը, ի՞նչ է փոխվելու»:
Կարդացեք նաև
ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանի խոսքերով՝ «Խնդիրը վերաբերում է նրան, որ այս օրենքի ընդունման դեպքում մեծ վտանգ կա, որ հայկական ապրանքների եւ արտադրության արտահանումը կախվածության մեջ է ընկնելու 1-2 գրասենյակներից, նաեւ խոշոր բիզնեսն է կախվածության մեջ ընկնելու, որովհետեւ արտահանման եւ ներմուծման մեր բացասական բալանսի պայմաններում պայմանավորված է արտահանման խնդիրներով: Սա ներքին շուկայի հարց չի, պատահական չի, որ առաջարկում ենք լսումներ, խոսենք բիզնեսի հետ: Սա երկրի տնտեսական անվտանգության խնդրին է վերաբերվում: Արտահանումը կախվածության մեջ կարող է ընկնել 1-2 գրասենյակներից: Սա մեզ պե՞տք է: Իհարկե, ոչ»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, որ իրենք էլ են դեմ օրենքին, որովհետեւ դա դիտարկում են որպես արտաքին առեւտրի մենաշնորհացմանն ուղղված եւս մի խայտառակ քայլ, որն ապահովելու է գերշահույթներ իշխանավորների համար եւ նորից խեղդելու է ՓՄՁ-ի համար բոլոր հնարավորությունները:
Հրանտ Բագրատյանը բացատրեց. «Ընդհանրապես նման կարգի որոշումները ոչ թե ինչ-որ մեկին առավելություն են տալիս, այլ սահմանափակում են մյուսներին: Այսպես կոչված հնարավորությունների գինը մեծանում է: հանձնաժողովում քննարկել ենք եւ ասել, որ արտոնություն տալ ով արտահանում է, դեմ չենք, բայց ինչի՞ դա չանել բոլորի նկատմամբ: Բոլորն ընդունեցին, որ խնդիր կա, ինչի՞ չլուծել խնդիրը: եթե մյուսների համար սահմանափակում ես, դա նշանակում է ոչ թե այդ մարդուն բարիք արեց, այլ մյուսների շահույթը վերցրեց իրեն»:
Պատգամավորների բուռն քննարկումներից եւ տեսակետներից հետո Արամ Մանուկյանն ասաց, որ դահլիճում բոլոր քաղաքական ուժերն ասում են, որ այդ «շիփ-թըփ-ը» վնասում է. «Մենք ասում ենք, որ այսպիսի լուրջ օրինագիծն այս արագությամբ ընդունել չի կարելի: Դահլիճն ընդամենը առաջարկում է՝ թըփ-շըփ մի՛ արեք, թողեք հանգիստ քննարկենք: Արգումենտներ ունենք բերելու, բովանդակային չենք ասում»:
Ի վերջո միջամտեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝ հորդորելով թըփ-շըփ-ի հետ կապված մտավախություններ չունենալ. «Հարցը 1 ամիս ավելի է, խորհրդարանում է, մանրակրկիտ քննարկվել է: Մեր հաջորդ նիստը լինելու է մարտի վերջին: Դա նշանակում է, որ մինչեւ մյուս բոլոր գործընթացները ԱԺ-ի եւ նախագահի ստորագրելուց հետո անցնելու դեպքում լավագույն դեպքում կարող է կիրառման մտնել ոչ շուտ, քան մայիս-հունիս ամիսը: Դա այն շրջանն է, երբ արդեն գյուղատնտեսական ապրանքների արտահանման սեզոնի ուղիղ կեսն անցած է լինելու: Եթե կա շտապողականություն, ապա միայն սրա հետ է կապված, ուրիշ թըփ-շիփ-ի բան չկա»:
Հերմինե Նաղդալյանի տնտեսագիտական բացատրություններին հակադարձեց տնտեսագետ Հրանտ Բագրատյանը. «Ես ուզում եմ ՀՀԿ մեծամասնությանը հիշեցնել՝ մտնում էինք ԵՏՄ, քվեարկում էինք, ասում էիք՝ լավ կլինի: Մենք հունվարին արդեն ունենք 35 տոկոս արտահանման անկում: Տիկի՛ն Նաղդալյան, ես ձեզ շատ եմ հարգում, բայց ձեր ասածը հակասում է տնտեսագիտությանը: Փոխեք կա՛մ ձեզ, կա՛մ տնտեսագիտությունը: Երկու ելք կա այդտեղ,ուրիշ ելք չկա: Մենք ասում ենք՝ մեկին կտանք 100 մլն արտահանման արտոնություն, մի ուրիշ տեղ 300 մլն կպակասի արդեն: Սա ենք ասում, դուք էլ ասում եք՝ չէ, տնտեսագիտության պրոֆեսորը դուք եք»:
Հերմինե Նաղդալյանը, չդիմանալով, տեղից, առանց Գալուստ Սահակյանի թույլտվության, արձագանքեց՝ պարոն տնտեսագիտության պրոֆեսոր, մենք ձեզ շատ ենք հարգում, բայց Հայաստանը չունի այդ 300 մլն-ը: Գալուստ Սահակյանը կշտամբեց տիկին Նաղդալյանին. «Խնդրում եմ բեսպրիդելի մի վերածեք: Պարոն Բագրատյան, որ ժամանակը գա, երկուսն էլ կփոխվեն»:
Այս ամբողջ քննարկումներից հետո օրինագիծը 48-ժամյա ռեժիմով քննարկելու որոշումը դրվեց քվեարկության եւ ընդունվեց՝ 64 կողմ, դեմ 5, ձեռնպահ 1 արդյունքներով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ