Բերձորյան հայտնի դեպքերը այսօր համախմբել էին Հիմնադիր խորհրդարանի անդամներին ու հասարակական ակտիվ գործիչներին միեւնույն քննարկման սեղանի շուրջ:
Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի խոսքով՝ երկու տարի առաջ՝ սեպտեմբերի երեքից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց ԵՏՄ անդամակցության լուրը, Հայաստանում իրավիճակի կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ:
«Չնայած հայտարարում էին, որ միանում են Արցախի անվտանգության նկատառումներով, բայց մենք տեսանք, որ դրանից վտանգներն ավելի մեծացան: Դրա մասին են վկայում Ղազախստանի նախագահ Նազարբաեւի հայտնի ելույթը, ինչպես նաեւ Արցախի ու Հայաստանի միջեւ սահմանային կետերի մասին խոսակցությունները: Նազարբաեւի քաղաքական պահանջը՝ Արցախի ու Հայաստանի միջեւ սահմանակետերի մասին բացահայտեց լուրջ վտանգ»,- այսօր քննարկման ժամանակ ասաց Չուգասզյանը:
Նրա խոսքով՝ այդ ամենի մասին իրազեկելու նպատակով էին որոշել ավտոերթ կազմակերպել դեպի Արցախ. «Բայց մինչեւ ավտոերթը՝ Արցախի իշխանություններն արդեն ատելության քարոզ էին տարել ամբողջ Արցախում մոտ երկու շաբաթ՝ գյուղեր մտնելով, գյուղական ժողովներ անելով, հերյուրանքներ տարածելով»:
Կարդացեք նաև
Գարեգին Չուգասզյանը մտավախություն ունի, որ վերջին իրադարձությունները լրջորեն վտանգել են Արցախի՝ ժողովրդավարական լինելու պատկերը: Նրա համոզմամբ՝ նույնիսկ վտանգի է բախվել Արցախի ստատուս քվոն. «Այն ստատուս քվոն, որ ձեւավորվել էր 25 տարվա ընթացքում, լրջագույն վտանգների է ենթարկվում: Եվ ստատուս քվոյի փոփոխությանը պետք է պատրաստ լինենք միայնակ վճռականությամբ, ինչպես Արցախյան պատերազմի նախաշեմին էինք միայնակ վճռականությամբ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ